January 28, 2022

ԳԱՅԼԵՐԸ ԿՈՒՇՏ ԵՆ, ՈՉԽԱՐՆԵՐԸ…

2010 թ. առաջին եռամսյակում նվազագույն զամբյուղի արժեքը կազմել է 20457,1 դրամ ամսական, մեկ շնչի հաշվարկով: Նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ այդ թիվն աճել է 1,8 տոկոսով: Գնաճը կազմել է 8,4 տոկոս:

Միջին վիճակագրական հայն իսկապես ստիպված է գոյատեւել ամսական 20 հազար դրամով: Ընդ որում, կառավարությունն աշխատում է ոչ թե բնակչության եկամուտն ավելացնելու ուղղությամբ, այլ մակրոտնտեսական բարձր ցուցանիշների համար: Դրանք իսկապես աճել են, ՀՆԱ-ն, օրինակ, աճել է 5,5 տոկոսով: Սակայն դա միջին վիճակագրական քաղաքացին դժվար թե զգա, քանի որ ստիպված է ավելի շատ վճարել գազի, մթերքի եւ բուժսպասարկման համար:

Որպես Հայաստանի տնտեսության թերություն փորձագետները նշում են դրա մոնոպոլացվածությունն ու ներմուծմանն ուղղվածությունը: Առաջին եռամսյակի արդյունքով առաջին խոշոր հարկատուն է եկամուտի նվազումից բողոքող Հայռուսգազարդը, որը վճարել է 5,2 միլիարդ դրամ: Ներմուծող Ալեքս Գրիգ ընկերությունը երկրորդն է` 4,5 միլիարդ դրամ, երրորդը` Արմենտելը` 3,5 միլիարդ դրամ:

Ներկայում բոլորը խոսում են, թե մեզանում մենաշնորհները ներմուծման ոլորտում են, եւ դա այդպես է: Սակայն նրանք չեն ասում, որ այդ մենաշնորհները ձեւավորվել են հենց կառավարության ու կենտրոնական բանկի վարած քաղաքականության շնորհիվ: Կառավարությունն ամեն անգամ խորհրդարան է բերում օրինագծեր, որոնք հանգեցնում են տնտեսության տարբեր ոլորտների խոշորացմանը: Կամ էլ այն, որ հակաճգնաժամային ծրագրի շրջանակում կառավարությունն օգնել է ոչ թե այս կամ այն ոլորտին, այլ կոնկրետ 1-2 ձեռնարկության, իսկ դա նշանակում է, որ օգնում է նրանց փրկվել, միաժամանակ մյուսներին նետելով բախտի քմահաճույքին, գտնում է ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը:

Սոցիալական լուրջ խնդիրներ ունեցող երկրում կառավարությունը պետք է սոցիալական ուղղվածության քաղաքականություն վարի: Սակայն մենաշնորհային քաղցկեղը լափում է բնակչության եկամուտները: կառավարությունը պետք է ընտրի` կամ գայլերը պետք է կուշտ լինեն, կամ ոչխարները` ողջ: Առայժմ ամեն ինչ արվում է գայլերին հագեցնելու համար:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4