October 2, 2023

Եվրոպայի հայերը սթափության կոչ են անում

Եվրոպայի հայերի համագումարը դատապարտել է մարտի 3-ին տեղի ունեցած միջադեպը եւ նշել է, որ «Ժառանգություն» կուսակցության պատգամավորների եւ շարքային քաղաքացիների դեմ, մարտի 3-ի բողոքի ցույցի ընթացքին, ՀՀ ոստիկանական ուժերի կիրառած խոշտանգումն ու անհարգալից վերաբերումը լուրջ սպառնալիք է` ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի հանգամանքի, ՀՀ կայունության եւ անվտանգության, մարդու եւ խոսքի իրավունքի  եւ բնականաբար` երկրի միջազգային վարկի դեմ ուղղված:

«Սթափության կոչ ենք ուղղում ՀՀ իշխանության պատասխանատու մարմիններին, ՀՀ ԱԺ նախագահության, խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերին ու նաեւ ԱԺ անկախ պատգամավորներին, ակնկալելով, որ նրանք կստանձնեն օրենքով սահմանված իրենց պատասխանատվությունը եւ Ազգային ժողովի պատգամավորի հանգամանքի դեմ կատարված այս ոտնձգությունը նախադեպ չի ծառաելու:

Անվերապահորեն զորակցում ենք խոշտանգված պատգամավորներին, անկախ նրանց քաղաքական պատկանելիությունից եւ հայացքներից»,- ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:

Քաշքշոցի հետեւանքով, վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները առաջին օգնություն են ցուցաբերել նրան: Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ հանդիպում պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

 NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4