
Վրաստանում հայ մշակութային օրերի բացումը տրվեց նկարչուհի, դիզայներ Արեւիկ Պետրոսյանի աշխատանքների ներկայացմամբ: Վրաստանի պատմության թանգարանում բացված «Երբեմնի ընտրված ճանապարհ» խորագրով ցուցահանդեսը բազմամարդ էր: Երիտասարդ նկարչուհին ներկայացրել է աշխատանքներ իր բոլոր հավաքածուներից: Նրա խոսքով, ցուցահանդեսը նաեւ հստակ ասելիք ունի: «Ուզում եմ հայերը միշտ հպարտություն ապրեն բոլոր երկրներում. Ե՜ւ իրենց մշակույթի, ե՜ւ հայ լինելու համար ընդհանրապես: Հուսամ, այս երեք օրերի ընթացքում եւս մեկ անգամ ըստ արժանվույն կկարողանանք ներկայացնել հայ ժողովրդին»,- նշել է արվեստագետը` ընդգծելով, որ պատիվ է իր աշխատանքներով հայ մշակութային օրերի մեկնարկն ազդարարելը:
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, նկարիչ Գիա Բուղաձեի համար հայկական մշակույթի մեծ արժեքը նորություն չէ: Սակայն նրան առավել հետաքրքրել էր երիտասարդ արվեստագետի տաղանդը: «Մեր հայ գործընկերների հետ հանդիպում ենք հիմնականում արտերկրում: Արդյունքում, զարմանալիորեն, հարեւան ժողովրդի մասին գնալով ավելի քիչ բան ենք իմանում»,- ասում է վրացի արվեստագետը:
Այս բացը լրացնելու համար էլ լուսանկարիչ, Ս.Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը կարեւորում է մշակութային նման միջոցառումների անցկացումը: «Հարկավոր է ցուցադրել, կրթել, տեղեկացնել վրացիներին: Նրանց թվում է` ծովից ծով Հայաստանի մասին մեր խոսքերը միայն երազանքներ են կամ առասպելներ: Այդ պատճառով ես բերել եմ լուսանկարներ` Կիլիկյան հուշարձաններ, Վանա լիճը, Խոշաբի բերդը եւ այլն, որոնք փաստում են, որ անգամ շուրջ 100 տարի առաջ հայերը հսկայական երկիր են ունեցել»,- ընդգծում է լուսանկարիչը:
Թբիլիսիի գեղարվեստի ակադեմիայում ներկայացված Զավեն Սարգսյանի` «Հայկական ճարտարապետություն» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, վրացի արվեստագետների խոսքով իսկ, հսկայական տեղեկություն են փոխանցում հայկական մշակութային եւ ճարտարապետական հիանալի ժառանգության մասին:
Հայ մշակույթի սեզոնների շրջանակում իրենց աշխատանքները կներկայացնեն նաեւ վիրահայ նկարիչները: Նախատեսվում են նաեւ անվանի հայ կինոգործիչ Ռուբեն Մամուլյանի եւ շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հուշատախտակների բացում, Գուրգեն Խանջյանի «Ավերակների պահապանները» պիեսի բեմադրություն, ինչպես նաեւ Շեքսպիրի «Օթելլոյի» մոտիվներով Հակոբ Ղազանչյանի բեմադրած հայ-վրացական համատեղ «Տրակտատ թաշկինակի մասին» ներկայացումը:
news.am
Leave a Reply