
Լեռնային Ղարաբաղի խորհրդարանն ամբողջությամբ կլինի այնպիսին, ինչպիսին կանխատեսել է”Սոցիոմետր” սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը։ Այսինքն՝ հարցվածների 17,2 % կքվեարկեն «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին, որը կստանա 13 մանդատ, իսկ 15,8% Դեմոկրատական կուսակցությանը, որը կունենա 11 մանդատ։ Երրորդ տեղում կլինի Հայ հեղափոխական դաշնակցությունը 5 պատգամավորով, իսկ 4 մանդատ էլ կստանան անկուսակցական թեկնածուները։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ղարաբաղի խորհրդարանի անկախ պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը։
«Սոցիոմետր» սոցիոլոգիական կազմակերպության անցկացրած հարցումների ամենամեծ առավելությունը նրանց չափից ավելի արժանահավատությունն է։ Այդ հարցումներն այնքան արժանահավատ են, ինչպես աշխարհում մեկ այլ սոցիոլոգիական հարցումներ։ Նման ճշգրտություն ընդհանրապես բնորոշ չէ սոցիոլոգիային։ Եւ դրա գաղտնիքն այն է, որ Ադիբեկյանն իր սոցոիոլոգիական հարցումների ժամանակ ներկայացնում է ոչ թե ժողովրդի կարծիքը, այլ նրանց, ովքեր որոշումներ են կայացնում։ Եւ քանի որ մեր օրերում, որպես կանոն, ընտրությունների ժամանակ անակնկալներ չեն լինում, ապա Ադիբեկյանի հարցումները գերարժանահավատ են։ Դա շատ շահավետ համագործակցություն է, քանի որ «որոշում կայացնողների» ծրագրերը ներկայացվում է իբրեւ ժողովրդի կարծիք, իսկ Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումների արդյունքները դառնում են ճշտության արտացոլումը։ Այպիսով, հասարակությունը Ադիբեկյանի սոցիոլոգիական հարցումների միջոցով ծանոթանում է որոշումներ կայացնող մարդկանց ծրագրերի հետ։ Այնպես, որ հաշվի առնելով դա՝ կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը լինելու է այնպիսին, ինչպիսին, որ կանխատեսում է Ադիբեկյանը”,-ամփոփեց պատգամավորը։
Ընդ որում, նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղում նախընտրական իրավիճակը հանգիստ է եւ գերկառուցողական։ Ոչ մի օրենսդրական խախտում նախընտրական շրջանում, պատգամավորի խոսքով, չի եղել եւ, ամենայն հավանականությամբ, չի լինի։ «Եւ սա կարելի է արդեն ձեռքբերում համարել։ Բոլորն իրենց քաղաքակիրթ են պահում։ Եւ պատճառն ամենեւին էլ այն չէ, որ մենք բոլորս հրաշքի շնորհիվ քաղաքակիրթ դարձանք, այլ որովհետեւ մեծ հաշվով քաղաքական մրցակցություն չկա»,-նշեց խորհրդարանականը՝ հավելելով, որ ըստ էության ապահովվում են ժողովրդավարության բոլոր սկզբունքները։ «Դժվար է ասել, թե որքանո՞վ կարելի է ձեռքբերում համարել առանց համապատասխան քաղաքական պայքարի անցկացվող ընտրությունները, բայց այն, որ ընտրությունների անցկացման ժամանակ որոշակի մակարդակ է ապահովվում, փաստ է»,-հայտարարեց Բաղդասարյանը։ Նրա հավաստմամբ, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաստատ չի օգտագործվի վարչական ռեսուրսը, ինչը շատ կարեւոր է անցողիկ շրջանում գտնվող երկրների համար, քանի որ կստեղծվի նախադրյալ, որը հետագայում էլ օրինակելի կլինի։
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են մայիսի 23-ին։
Leave a Reply