December 8, 2022

ԿԱԶԻՄԻՐՈՎԸ ԶՍՊՈՒՄ Է ԲԱՔՎԻՆ

Առանց Նախիջևանի Ղարաբաղի հակամարտությունը հնարավոր չէ հասկանալ: Ինչպես տեղեկացնում է Արմինֆո գործակալությունը, այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը` ադրբեջանական 3rd View լրատվավերլուծական գործակալությանը տված հարցազրույցում:

“Հայերի և ադրբեջանցիների միջև մի շարք հակամարտություններից հետո տեղի է ունեցել սահմանազատում մերթ ուժային ճանապարհով, մերթ “մեղմ” ճնշումով: Դա հաղթահարելը հեշտ չէ, անհրաժեշտ են ժամանակ և շրջահայացություն: Զանգվածային ելքերը հազվադեպ են լինում հոժարակամ: Արդեն հիշողությունից ջնջվում է, թե քանի հայ է եղել Նախիջևանում: Պատկերացրեք, որ նրանք ցանկանում են վերադառնալ այնտեղ, ընդ որում` սեղմ ժամկետներում: Ի՞նչ կասի Բաքուն: Դեմագոգիկ կարելի է ասել` խնդրեմ, իսկ եթե լու՞րջ”, ասել է Կազիմիրովը:

Անդրադառնալով Ադրբեջանից եկող արտահայտություններին Ղարաբաղի ադրբեջանցի փախստականների վերադարձի հետ կապված, Կազիմիրովը ասել է.

“Ի՞նչ իմաստ ունի պնդել, թե ով, որքան, որտեղ է ապրել դարեր առաջ: Ոչ ոք հնդկացիներին չի վերադարձնի ԱՄՆ տարածքը, սելջուկներին չի առաջարկի վերադառնալ Ասիայի խորքը և այլն: Կատարվածն արդեն փաստ է, եթե անգամ հաշվեկշիռը բացասական է: Օրինակ` Ղրիմը: Հարկավոր է ելնել տվյալ իրավիճակից, այլ ոչ թե դարեր առաջ եղած դասավորությունից: Իսկ պատերազմներն ավելի լավ է թողնել այն դարերին. հավատում եմ ոչ թե խելահեղությանը, այլ մարդու բանականությանը, անգամ ամենափակուղային իրավիճակից արժանի ելք գտնելու նրա ունակությանը”:

Խոսելով տարածքների վերադարձի հարցի միջազգային ընկալման մասին, Կազիմիրովն ասել է: “Ողջ հարցն այն է, որ շատ պետություններ և միջազգային կազմակերպություններ այնպես պարզեցված չեն ընկալում այդ բարդագույն հակամարտությունը, ինչպես այն մատուցում է ձեր քարոզչությունը: Ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Հակամարտությունն ունի իր նախապատմությունը: Դրա ուժային լուծման փորձերին, ռազմական գործողություններին անցումը ձեռնարկվել է մյուս կողմից: Դա չի եղել հայերի կողմից զինված հարձակում, այլ փոխադարձ թշնամանքի առավել բարդ ու բազմաչափ էսկալացիա: Ինքնապաշտպանության իրավունքը ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված է հենց որպես պետության արձագանք իր դեմ զինված հարձակմանը, այլ ոչ որպես պատերազմի վերսկսում 16 տարի անց”:

Կազիմիրովը նաեւ ասել է, թե սեփական քարոզչության վնասակար չափազանցումների զսպումը հակամարտող կողմերին ներկայացվող գլխավոր պահանջներից մեկն է տարածաշրջանում խաղաղության ճանապարհին:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4