
Մայիսի 3-ին, այսինքն երեկ, Հայաստանում էլ նշում էին մամուլի կամ խոսքի ազատության համաշխարհային օրը: Ամենուր խոսքեր էին խոսքի ազատության կարեւորության, բայց նաեւ ազատությունն ամենաթողության հետ չշփոթելու անհրաժեշտության մասին: Ընդ որում, խոսում էին թե մարդիկ, որոնք ոլորտի բանիմաց մասնագետ են, թե նաեւ մարդիկ, ովքեր ոլորտից, մամուլից, ընդհանրապես խոսքից տեղյակ են այնքան, որքան ասենք ամերիկյան “Չելենջեր” տիեզերանավի պայթյունի պատճառներից: Խոսում են նաեւ շատ այլ մարդիկ, որոնք թերեւս ավետարանական “գոլության” լավագույն արտահայտիչներից են, ոչ տաք են եւ ոչ սառը, մի կողմից ոլորտի իբր մասնագետ են եւ փորձառու գիտակ, մյուս կողմից իրենց այդ գիտակությունն ու մասնագիտությունը ծառայեցնում են ընդամենը իշխանական հաճոյախոսություններ ստանալուն, դա ներկայացնելով որպես հավասարակշռության եւ պատասխանատվության դրսեւորում:
Դե, քանի որ խոսքի ազատություն է, բոլորն էլ խոսում են, բոլորն էլ իրավունք ունեն խոսելու` տաք, սառը, թե գաղջ: Ամբողջ խնդիրն այն է, թե ինչ են խոսում եւ ինչ է փոխվում դրանից: Մեծ հաշվով չի փոխվում ոչինչ: Հայաստանում մամուլի դաշտը շարունակում է մնալ մասամբ ազատ, եթե դիտարկում ենք տպագիր եւ ինտերնետային մամուլը, եւ շարունակում է մնալ իշխանական տոտալ վերահսկողության տակ, երբ դիտարկում ենք հեռուստատեսային դաշտը: Բայց, մամուլի դաշտը պետք է դիտարկել ամբողջական: Այսինքն, չի լինում տպագիր եւ ինտերնետային մամուլ առանձին, եւ հեռուստատեսություն ու ռադիո առանձին: Դաշտը պետք է դիտարկել ամբողջական եւ գնահատել ամբողջական: Ու այդ առումով, ակնհայտ է, որ Հայաստանում չկա ազատ մամուլ: Պատկերն առավել հստակ է դառնում հատկապես այն պարագայում, երբ դիտարկում ենք, որ Հայաստանի գրեթե բոլոր թերթերն ու ինտերնետ կայքերը միասին վերցրած երեւի թե չունեն ընդամենը մեկ հայկական միջին հեռուստաալիքի լսարանի ծավալը:
Բայց, մյուս կողմից, Հայաստանի տարածքի փոքրությունը առաջ է բերում մի յուրահատկություն` մասսայական հեռուստաընկերությունները հանրային կարծիքի ձեւավորման վրա շատ ավելի քիչ ազդեցություն ունեն, քան ասեն մեկ կամ երկու թերթը միասին վերցրած: Բայց խնդիրն իհարկե այդքան էլ թերթը չէ, որքան Հայաստանի տարածքի փոքրությունը: Այն նպաստում է տեղեկատվության “առձեռն” արագ փոխանցմանը, ու մարդիկ իրականության մասին պատկերացում են կազմում հենց բուն իրականությունից, ու նրանց անհնար է լինում գործնականում հեռուստատեսությամբ խաբելը: Խոսքն իհարկե բացարձակության մասին չէ, քանի որ անշուշտ կա հանրային մի շերտ, որը կյանքի մասին դատում է հեռուստատեսությամբ կամ թերթով, բայց այդ շերտն ամենեւին էլ չի կազմում մեծամասնություն: Այլապես Հայաստանում իշխանական լիակատար վերահսկողության տակ գտնվող հեռուստաընկերությունների միջոցով ներկայացնելով աճող ու զարգացող Հայաստան, իշխանությունը կարող էր իր համար ապահովել գրեթե 100 տոկոսանոց արդար ընտրություն: Մինչդեռ, չնայած բոլոր հեռուստաալիքներով տարվող զարգացման քարոզին, քաղաքացին իրականում շատ ավելի լավ է տեղյակ եւ շատ ավելի խորն է պատկերացնում Հայաստանի իրողությունները:
Բայց դա անշուշտ չի նշանակում, որ մամուլի ազատությունը եղած-չեղած մեկ է, որովհետեւ մարդիկ առանց այն էլ գիտեն ու տեսնում են, թե ինչ է կատարվում կյանքում: Մամուլի դերը դրանից ամենեւին էլ չի նվազում, հետեւաբար չի նվազում մամուլի ազատության նշանակությունը: Եթե Հայաստանում, օրինակ, լինեին ազատ հեռուստաընկերություններ, ընդ որում թե իշխանական, թե կուսակցական, թե օլիգարխական թելադրանքներից ազատ, ապա հանրային ինքնագիտակցության մակարդակը կլիներ շատ ավելի բարձր, հետեւաբար հասարակական պահանջների սանդղակն էլ կլիներ ավելի բարձր ու ազդեցիկ: Այնպես որ, հեռուստաեթերը թեեւ չի կարողանում փոխել հանրային կարծիքը, այդուհանդերձ կարողանում է բթացնել այն, ճահճացնել:
Այդ տեսանկյունից, մամուլի եւ խոսքի ազատությունը Հայաստանում ավելի շատ կարեւոր է ոչ այնքան հանրությանը տեղեկատվություն տալու, այլ եղած տեղեկատվության նկատմամբ հանրային աշխուժություն առաջացնելու համար: Ահա դա է թերեւս պատճառը, որ իշխանությունն օրինակ այդքան էլ մեծ ջանք կամ ագրեսիվ ջանք չի թափում տպագիր եւ ինտերնետային մամուլը սանձելու ուղղությամբ (թեեւ վերջին շրջանում արդեն իսկ առկա են մի քանի նախաձեռնություններ, որոնք մամուլի պոտենցիալ զսպաշապիկ են): Խնդիրն այն է, որ տպագիր կամ ինտերնետ մամուլը տալիս է մի տեղեկատվություն, որը ուշ, թե շուտ, այսպես ասած “ժողովրդական” ալիքներով հասնում է քաղաքացիների զգալի մասին: Իսկ ահա դրա վերաբերյալ հանրային աշխույժ դիրքորոշում ձեւավորելու հարցում տպագիր եւ ինտերնետային մամուլի հնարավորությունները օբյեկտիվորեն շատ ցածր են, քան հեռուստաընկերություններինը: Դրանք էլ գտնվում են իշխանական ամբողջական վերահսկողության ներքո:
Իհարկե, կա նաեւ հանգամանքը, որ տպագիր մամուլի դեպքում էլ տոտալ հսկողության ուղղված քայլեր անելու պարագայում, ինչպես հեռուստաընկերությունների դեպքում, իշխանությունը կարող է արդեն լուրջ խնդիրներ ունենալ միջազգային կառույցների հետ: Բայց, կասկած չկա, որ ռեալ վտանգ զգալու դեպքում, իշխանությունը կգնա նաեւ այդ քայլին:
Իսկ առայժմ, առայժմ իշխանության վերաբերմունքի թերեւս բավական խորհրդանշական պահ կարող է դիտվել տարիներ առաջ Արմավիրի ուսումնական զորամասում տեղի ունեցած մի դեպք, որի մասին մի առիթով գրել եմ, բայց թերեւս կօգտվեմ եւս մեկ անգամ հիշատակելու առիթից: Երբ Սերժ Սարգսյանը դեռ պաշտպանության նախարար էր, մի քանի մտավորականների հետ այցելել էր Արմավիրի զորամաս: Կարիք չկա թերեւս նշելու, թե ինչ մտավորականների մասին է խոսքը: Նրանք գրողների միության անդամ էին: Եվ ահա այդ անդամները Սերժ Սարգսյանից դժգոհում էին տպագիր մամուլից, թե այսինչ բանն են գրում, այնինչ բանն են գրում, ինչն անթույլատրելի է: Սերժ Սարգսյանի պատասխանը թերեւս շատ հատկանշական եւ անկեղծ էր. “ամբողջն իրար հետ մոտ 50 հազար տպաքանակ ունեն, ինչքան ուզում են թող գրեն”: Մոտավորապես այդպես պատասխանեց Սերժ Սարգսյանը մտավորականներին:
lragir.am
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Leave a Reply