January 19, 2022

ՊԵԿ –ի ծպտյալ հարկահանների ժամկետանց մեթոդները

ՊԵԿ-ի ղեկավար Գագիկ Խաչատրյանի հրահանգով 07.04.20010թ.-ին արգելանք էր  դրվել  «ՉԱՊ» ՍՊԸ –ի ԳԱԼԱ  հեռուստաընկերության բանկային հաշիվների վրա՝ 822.000 դրամ «հարկային  պարտավորություն»  ունենալու  պատճառաբանությամբ:

Այդ պաշտոնյան այնպիսի փութաջանությամբ էր լծվել  ԳԱԼԱ ՀԸ աշխատանքը  խոչընդոտելու գործին, որ հընթացս բազմաթիվ հակաօրինական գործողություններ  է կատարում, մասնավորապես, առանց հիմնավոր բացատրության, «պատանդի» կարգավիճակում է պահում  հեռուստաընկերության չմաքսազերծված գույքը:

Պարզ չէ, թե ՀՀ ո՞ր օրենքի տառով է  առաջնորդվել Գագիկ Խաչատրյանը, երբ որոշել է արգելանք դնել չմաքսազերծված  գույքի վրա: Հարցի պատասխանը չգիտեն անգամ իրենք՝ հայրենի  հարկահանները, որոնց կողմից, մեր բազմաթիվ հարցումներին սպառիչ պատասխան  տվող որեւէ պաշտոնական փաստաթուղթ հեռուստաընկերությունը չի ստացել: Ի դեպ, սա եւս կառույցի ղեկավարի  թույլ տված ապօրինության թարմ օրինակ  է:

Գիտակցելով, որ չկշռադատված գործողությունները կարող  են  անցանկալի հետեւանքներ ունենալ, Գագիկ Խաչատրյանը նախորդ շաբաթ որոշեց ուղղել իր սխալը. հեռուստաընկերության բանկային հաշիվների վրայից հանելով արգելանքը, այն թողեց միայն դրամարկղի վրա՝  822.000 դրամի չափով:

Ուշագրավն այն է սակայն, որ ՊԵԿ-ի ղեկավարը համառորեն շարունակում  է «պատանդի» կարգավիճակում  պահել հեռուստաընկերության տեխնիկասարքավորումները: Մեզ քաջ ծանոթ եւ սովորական դարձած ժամկետանց մեթոդներով ՊԵԿ-ի  ղեկավարը շաբաթներ  շարունակ ոչ նախանձելի վիճակում է պահում իր ղեկավարած կառույցի աշխատակազմին: Մեղմ ասած, կարեկցանքի  են արժանի Գագիկ Խաչատրյանի  ենթակայության տակ  աշխատող ազնիվ, անգամ անազնիվ մարդիկ: Իսկ կառույցի լրատվական բաժնի ներկայացուցիչներն արդեն չգիտեն ինչպես լղոզել իրենց պատասխանները, թեեւ պատասխան տվողները իրականում ծպտյալ, բարձրաստիճան հարկահաններն են: Տեղացի որոշ պաշտոնյաներ անգամ անկեղծորեն խոստովանում են, որ կրակն են ընկել իրենց ղեկավարի անտրամաբանական գործողությունների հետեւանքով:

ԳԱԼԱ ՀԸ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4