January 19, 2022

2013 թ. Հայաստանը ստիպված կլինի պետական պարտքի մարման նպատակով ծախսել 300 մլն դոլար:Որոշ տնտեսագետներ ահազանգում են, որ 2013 թվականից Հայաստանը կարող է հայտնվել ֆինանսական կոլապսի առջեւ՝ չկարողանալով վճարել արտաքին պետական պարտքի դիմաց։ Կան նույնիսկ այնպիսի հոռետեսական գնահատականներ, ըստ որի՝ Հայաստանում լրջագույն խնդիր կդառնա աշխատավարձերի վճարումը։

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը հրապարակել է 2010 թ, վերջի դրությամբ ձեւավորված արտաքին պարտքի մակարդակը՝ 3,79 մլրդ դոլար։ NEWS.am-ի խնդրանքով ֆինանսների նախարարությունը տրամադրել է պաշտոնական տեղեկատվություն՝ մինչեւ 2010-2020 թ.թ. պետական պարտքի մարումների գրաֆիկի վերաբերյալ։ Ֆինանսների նախարարությունից տվյալները ստացել ենք հայկական դրամով, իսկ դոլարային համարժեքի համար մեր կողմից հիմք է ընդունվել 1 դոլար/360 դրամ փոխարժեքը։

Պետական պարտքի սպասարկման պիկն, իսկապես, տեղի կունենա 2013 թ., երբ պետական բյուջեից այդ նպատակով պետք է իրականացվի 107 մլրդ դրամ կամ մոտ 300 մլն դոլար վճարում։ Սակայն այդ գումարից միայն 206 մլն դոլարն է արտաքին պարտավորությունների մարում, մնացած վճարումները պետք է կատարվեն ներքին պարտքի գծով։ Նկատենք, որ Հայաստանի պետական բյուջեի ծախսային մասը մոտ 1 մլրդ դոլար է։ Այսինքն՝ պետական պարտքի մարումների գծով 2013 թ. պետք է ծախսվի բյուջեի 30 տոկոսը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ 2013 թ. պետական բյուջեն ավելի մեծ կլինի։

2013 թ. հետո պետական պարտքի գծով մայր գումարի եւ տոկոսավճարի մարումները ունեն նվազման միտում։ Պարտքի վերադարձի հաջորդ պիկը կլինի 2018 թ., երբ ստիպված կլինենք վճարել մոտ 210 մլն դոլար, որից 160 մլն դոլարը՝ արտաքին պարտքի գծով։

2018-20 թ.թ. Հայաստանը միայն արտաքին պարտքի մայր գումարի գծով կմարի տարեկան մոտ 140 մլն դոլար, իսկ տոկոսների գծով՝ 22-24 մլն դոլար։

Նկատենք, որ 2011 թ. պետական բյուջեն պետական պարտքի մարման առումով նույնպես համարվում է պիկային տարի, սակայն ոչ թե արտաքին, այլ ներքին պարտավորությունների մասով։ Մենք ստիպված ենք մարել մոտ 280 մլն դոլար, որից 215 մլն դոլարը՝ ներքին պարտքի գծով։ 

Սամվել Ավագյան

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4