January 19, 2022

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՉԳԻՏԵ±Ն ԻՆՉՊԵՍ ՀԱՐՑՄԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

1988թ. երկրաշարժից ի վեր Հայաստանը տարբեր երկրներից, արտասահմանյան կազմակերպություններից եւ օտարերկրյա բարերարներից պարբերաբար ստանում է օգնություններ: Ընդ որում, Հայաստան ուղարկված այդ օգնությունը` իրային թե դրամական արտահայտությամբ, կարող է հասցեագրված լինել ինչպես առանձին կազմակերպությունների (կրոնական, բարեգործական, հասարակական եւ այլն) եւ անհատների, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը կամ որոշակի պետական կառույցների (կառավարություն, գյուղատնտեսության, առողջապահության, բնապահպանության նախարարություններ եւ այլն):
Ահա հենց Հայաստանի Հանրապետությանը, նրա տարբեր պետական կառույցներին հասցեագրված օգնության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու եւ համապատասխան հոդվածի պատրաստման նպատակով 2010թ. ապրիլի 8-ին ՙԻրավունք՚-ը ՀՀ վարչապետի օգնական Արամ Անանյանին ուղարկեց հետեւյալ գրավոր հարցումը.
ՙՀարգելի պրն Անանյան, համապատասխան հոդվածի նախապատրաստման նպատակով խնդրում ենք ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքով սահմանված կարգով եւ 5-օրյա ժամկետում պատասխանել հետեւյալ հարցերին.
1. Հայաստանի Հանրապետությունը (նկատի ունենք ոչ թե մեր երկրի առանձին անձանց անունով ուղարկված, այլ հենց Հայաստանի Հանրապետությանը տրված օգնությունը) 2009թ. եւ 2010թ. առաջին եռամսյակի ընթացքում որոշակի ի±նչ մարդասիրական օգնություն է ստացել (տվյալները խնդրում ենք ներկայացնել անվանապես եւ քանակապես):
2. Ո±ր երկրներից եւ կազմակերպություններից է ստացվել այդ մարդասիրական օգնությունը, որքա±ն է կազմում որպես օգնություն ուղարկված ապրանքներից յուրաքանչյուրի արժեքը:
3. Ի±նչ սկզբունքով է բաշխվել ստացված օգնությունը, որոշակի ո±ր ֆիզիկական եւ իրավաբանական անձանց է հատկացվել՚:
Ապրիլի 19-ին, այսինքն` հիշյալ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ, ՙԻրավունքի՚ խմբագրությունը ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից ստացավ ստորեւ բերվող պատասխանը. ՙԻ պատասխան Ձեր հարցադրումների, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությանը տրամադրված մարդասիրական օգնության վերաբերյալ հարցեր Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը 2009-2010 թվականների ընթացքում չի քննարկել՚:
Ինչպես ակնհայտ է, մենք այլ հարցեր ենք տվել, բայց մեզ տրվել է բոլորովին այլ հարցի պատասխան: Մեր հարցաշարի մեջ ընդհանրապես հարց չկա, թե հիշյալ հանձնաժողովն ինչ է քննարկել կամ չի քննարկել, այդ հանձնաժողովի նույնիսկ անունն էլ չկա: Մեզ մասնավորապես հետաքրքրել ու հետաքրքրում է, թե Հայաստանի Հանրապետությունը նշված ժամանակաընթացքում ի±նչ օգնություն է ստացելª հասցեագրված թե պետությանը, թե պետական այս կամ այն կառույցին (կառույցներին): Մի±թե այդքան դժվար հասկանալի կամ բարդ տեղեկատվություն ենք խնդրել:
Խնդրին անիրազեկ մարդկանց մոտ արտաքուստ գուցե այն տպավորությունն առաջանա, թե մեր հարցմանը, այնուամենայնիվ, պատասխանել են, քանի որ եթե հիշյալ հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությանը տրամադրված մարդասիրական օգնության վերաբերյալ հարցեր 2009-2010թթ. ընթացքում չի քննարկել, ուրեմն նշանակում է, որ այդպիսի օգնություն ընդհանրապես չի ստացվել: Սակայն ինչպես տեղեկացանք վերոնշյալ հանձնաժողովի աշխատակազմի անդամներից մեկից, տվյալ հանձնաժողովը զբաղվում է ոչ թե Հայաստանի Հանրապետությանը եւ նրա տարբեր պետական կառույցներին, այլ բարեգործական, կրոնական կազմակերպություններին եւ այլ մասնավոր անձանց հասցեագրված օգնության վերաբերյալ հարցերի քննարկմամբ, օրինակ, որոշում է, թե ստացված ապրանքներն իրոք մարդասիրական օգնությո±ւն են, ենթակա± են ԱԱՀ-ով հարկումից ազատման, թե± ոչ: Այն, որ վերոնշյալ հանձնաժողովը չի զբաղվում ՀՀ-ին եւ մեր երկրի պետական կառույցներին հասցեագրված օգնության հետ կապված հարցերով, փաստվում է նաեւ նրանով, որ, օրինակ, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն արտերկրից 2009թ. ստացել է որոշակի օգնություն, սակայն Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովը դրա վերաբերյալ որեւէ հարց չի քննարկել:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի Հանրապետությանը, նրա պետական կառույցներին հասցեագրված օգնության վերաբերյալ հարցերը քննարկում կամ տեղեկատվությանը տիրապետում է մեկ այլ հանձնաժողով, կառավարության ստորաբաժանում կամ իշխանության գործադիր թեւի պետական մարմին: Հենց նրան էլ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պետք է փոխանցեր մեր հարցաշարը եւ, ակնկալվող տեղեկատվությունը ստանալով, պատասխաներ խմբագրությանը:
Ավելորդ չենք համարում հիշեցնել ՙՏեղեկատվության ազատության մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ եւ 11-րդ կետերը.
ՙ10. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությունը, կամ դրա տրամադրումը իր լիազորությունների շրջանակից դուրս է, ապա նա տվյալ գրավոր հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել դիմողին, իսկ հնարավորության դեպքում նրան տրամադրել նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում` արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկությունը:
11. Եթե տեղեկատվություն տնօրինողը չունի փնտրվող տեղեկությանը վերաբերող բոլոր տվյալները, ապա նա դիմողին տալիս է տվյալների այն մասը, որն ունի, իսկ հնարավորության դեպքում գրավոր հարցման պատասխանում նշում է նաեւ այդ տեղեկատվությունը տնօրինողի (այդ թվում` արխիվի) գտնվելու վայրը, որն ունի փնտրվող տեղեկատվությանը վերաբերող մյուս տվյալները՚:
Վերջում նշենք, որ կառավարությունից ստացված ու վերը բերված պատասխանին, ավելի ճիշտ, խուսագրությանը ծանոթանալովª ոմանց մոտ կարող է նույնիսկ այն տպավորությունն առաջանալ, որ հանրապետությանը, պետական կառույցներին օգնություն ուղարկվել է, բայց թաքցնում են, քանի որ ենթադրելի պատճառով յուրովի են տնօրինել: Անկեղծ ասած, չենք ցանկանում, որ այդպիսի տպավորություն առաջանա, նաեւ այդ պատճառով պնդում ենք մեր հարցումը եւ ակնկալում սպառիչ պատասխան:

Ա. ՀՈՎՅԱՆ

iravunk.com

photo by  hhpress.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4