January 19, 2022

Հայաստանի եւ Չինաստանի նախագահները քննարկել են Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցության հարցը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստան կատարած այցի շրջանակում մայիսի 2-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Հու Ձինթաոյի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի ծառայությունից, նախագահը շնորհակալություն է հայտնել Հու Ձինթաոյին` «Շանհայ Էքսպո 2010»-ի բացման արարողությանը ներկա գտնվելու հրավերի համար եւ շնորհավորել ցուցահանդեսի հաջող մեկնարկի առթիվ:

Նա ասել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է եւ նշել, որ երկկողմ կապերն արդեն իսկ ընդլայնման լավ դինամիկա ունեն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, հասարակական-քաղաքական, տնտեսական, մշակութային եւ կրթական բնագավառում աշխույժ համագործակցությունը, բազմակողմ ձեւաչափերում փոխադաձ աջակցությունը նպաստում են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնմանը եւ վստահության մեծացմանը:

Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ էներգետիկայի, քիմիական արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության եւ տեխնիկայի, պաշտպանության, մշակույթի եւ կրթության բնագավառներում բազմաթիվ համատեղ նախագծեր իրականացվել են մեծ հաջողությամբ: Սերժ Սարգսյանն ու Հու Ձինթաոն հայ-չինական համագործակցության մինչ այժմ կուտակած մեծ փորձը լավ հիմք են համարել` որակական նոր աստիճանի բարձրացնելու երկկողմ հարաբերությունները:

Նախագահները քննարկել են Հայաստան-Իրան երկաթուղու կառուցմանը Չինաստանի մասնակցության հարցերը: Կողմերն ընդգծել են, որ ՉԺՀ Շանսի նահանգում հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության գործարկումը երկկողմ կապերի զարգացման կարեւոր վկայություն է:

Հայաստանի եւ Չինաստանի նախագահները վստահեցրել են, որ պատրաստ են լրացուցիչ ջանքեր ներդնել հայ-չինական բարեկամական հարաբերություններն ընդլայնելու գործում:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4