January 19, 2022

Ի՞նչ գին վճարեցինք ֆինանսական կայունության համար

Ի՞նչ գին վճարեցինք ֆինանսական կայունության համար 
Կամ ինչո՞ւ է Հայաստանում ֆինանսական միջնորդության մակարդակը ցածր

Սամվել Ավագյան

Երբեմն անկեղծ հարց է առաջանում` արդյոք ավելի լավ չէ՞ր լինի, եթե մենք ունենայինք մեկ-երկու սնանկացած բանկ, բայց ավելի ակտիվ վարկավորվող տնտեսություն:
Երբեմն անկեղծ հարց է առաջանում` արդյոք ավելի լավ չէ՞ր լինի, եթե մենք ունենայինք մեկ-երկու սնանկացած բանկ, բայց ավելի ակտիվ վարկավորվող տնտեսություն:

ՀՀ Կենտրոնական բանկի 2009թ. տարեկան հաշվետվության մեջ նշված է, որ բանկային համակարգի ֆինանսական միջնորդության մակարդակը 2009թ. բավականին բարձրացել է, սակայն դեռ զիջում է ԱՊՀ շատ երկրների նույն ցուցանիշին:

Բանկային համակարգի ակտիվների աճին զուգահեռ՝ տնտեսությունում արձանագրվել է անվանական ՀՆԱ-ի նվազում, ինչի արդյունքում բանկային համակարգի ակտիվների և ՀՆԱ-ի հարաբերակցությունը 2009թ. ավելացել է 13.8 տոկոսային կետով՝ կազմելով 41.9%: Բանկային համակարգի կողմից տրամադրված վարկերի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն ավելացել է 5.3 տոկոսային կետով և կազմել 22.2%:

ԱՊՀ երկրների զգալի մասում վարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մոտավորապես 50%-ի միջակայքում է, ինչը միջազգային չափանիշներով նույնպես բարձր ցուցանիշ չի համարվում: Իսլանդիայում, օրինակ, այդ ցուցանիշը գերազանցում է 300%-ը, իսկ մերձբալթյան երկրներում այն մոտենում է 100-ի: Սակայն սա նաև պատասխանում է այն հարցին, թե ինչու Հայաստանի բանկային համակարգը կայուն գտնվեց ֆինանսատնտեսական ճգնաժամի պիկի ընթացքում, այնինչ Ռուսաստանի, Ուկրաինայի կամ Ղազախստանի բանկային ավելի հզոր համակարգերը չկարողացան խուսափել ցնցումներից:

Հիմնական պատճառը, այսպիսով, ֆինանսական միջնորդության ցածր աստիճանն է, բանկերի կտրվածությունը տնտեսությունից, այլ ոչ թե կարգավորիչ գործառույթների արդյունավետութունը կամ բանկային մենեջմենտի որակը, ինչպես Հայաստանում սիրում են հարցը ներկայացնել: Ի դեպ` Տիգրան Սարգսյանը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում դեռ 2007թ. ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի ամենամյա միջազգային 16-րդ բանկային կոնգրեսում և մի շարք ուշագրավ հայտարարություններ արել: «Ոմանց մոտ պատրանք կա, թե ազգային ֆինանսական շուկայում մրցակցության աստիճանը բավականին բարձր է: Կարելի՞ է արդյոք հավատալ այդ պատրանքին, երբ վարկերի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում կազմում է 40%:

Իհարկե, ոչ: Իրականում խոսքը ոչ թե շուկայական մրցակցության մասին է, որը ենթադրում է ծառայությունների որակի բարձրացում և նոր շուկայական նիշերի ձևավորում, այլ հաճախորդների հրապուրում` բանկային էթիկայի խախտումներով»,- իր ելույթում ասել էր Տիգրան Սարգսյանը: Ըստ նրա` հիմնական պատճառներից մեկը, որ խնդիրներ է հարուցում ֆինանսական միջնորդության բարելավման համար,  ստվերային տնտեսության մեծ տեսակարար կշիռն է, որն «ամբողջովին խաթարում է մրցակցային պատկերը»:
Ցավոք, ԿԲ այն ժամանակվա նախագահի ելույթը, որ հնչել է Հայաստանի սահմաններից դուրս, այստեղ այնքան էլ մեծ արձագանք չի գտել, համոզված չենք անգամ` արդյոք այն հրապարակվե՞լ է:

Մենք, համենայնդեպս, օգտվել ենք «Դենգի ի կրեդիտ» ռուսական ամսագրի հրապարակումից: Հավանաբար` Հայաստանում դեռ պատրաստ չեն քննարկել այն խորքային գործընթացները, որ տեղի են ունենում ֆինանսաբանկային համակարգում: Հայաստանի բանկային համակարգն այսօր նման է գեղեցիկ փաթեթավորված կոնֆետի, որի պարունակությունը և համային որակները խնամքով թաքցվում են: Այն համարձակները, որ այդ կոնֆետը կծելու փորձ են անում, այսինքն` փորձում են վարկ ստանալ, շատ հաճախ համոզվում են, որ համն այնքան էլ լավը չէ:

Բանկերի մոտ մշտապես ավելցուկային իրացվելիություն է կուտակվում, որը հետևանք է վարկավորման սառը քաղաքականության: Բանկերն ընդհանրական մոտեցում են ցուցաբերում ռիսկերի գնահատման առումով, չնայած դա շատ ավելի անհատական մոտեցում է պահանջում: Մյուս կողմից` մեր գործարարներն այդպես էլ չսովորեցին գործարար ծրագրեր կազմել: Այսօր սպառողական վարկերը բանկային համակարգում մեծ տեսակարար կշիռ են կազմում միայն այն պատճառով, որ դրանց մի մասը իրականում «թաքնված» բիզնես վարկեր են` տրված անձնական գրավների հիման վրա:

Երբեմն անկեղծ հարց է առաջանում` արդյոք ավելի լավ չէ՞ր լինի, եթե մենք ունենայինք մեկ-երկու սնանկացած բանկ, բայց ավելի ակտիվ վարկավորվող տնտեսություն: Ֆինանսական միջնորդության ցածր աստիճանն է գլխավոր պատճառը, որ Հայաստանը աշխարհում արձանագրեց տնտեսական անկման ամենաբարձր տեմպերից մեկը: Տնտեսական անկման սրությունն այն գինն էր, որ Հայաստանը վճարեց ֆինանսական կայունության համար: Այսպես թե այնպես` 2009թ. առաջին կիսամյակում վատորակ վարկերի տեսակարար կշիռը բանկային համակարգում հասել է 10%-ի, որն արդեն իսկ բարձր ցուցանիշ է:

Տ. Սարգսյանն իր ելույթում նշել է նաև այն միջոցառումները, որ անհրաժեշտ են ֆինանսական միջնորդության աստիճանը բարձրացնելու համար: Դրանցից ուշագրավ է հետևյալ միտքը. «Անհրաժեշտ է ֆինանսական և իրական հատվածներում բարեփոխումների համաձայնեցում: Վարկառուների նկատմամբ պահանջները վարկավորման ստանդարտներին համապատասխան շատ արագ ավելանում և բարդանում են: Քանի որ բարեփոխումներն իրական հատվածում իրականանում են շատ ավելի դանդաղ, տնտեսության ֆինանսական հատվածը ավելի ու ավելի հեռանում է իրականից:

Անհրաժեշտ է կորպորատիվ կառավարման ստանդարտների հետևողական առաջխաղացում ոչ միայն ֆինանսական, այլև իրական հատվածում` հատուկ ուշադրություն դարձնելով տեղեկատվության թափանցիկության վրա»: Չհամաձայնել այս խոսքերին դժվար է, բայց գործնականում այդ խզումը գնալով մեծանում է, այնինչ պետք է կրճատվեր: Այդ «համաձայնեցված» քաղաքականությունը Հայաստանում այդպես էլ լույս աշխարհ չեկավ, իսկ ճգնաժամն ընդհանրապես կասկածի տակ առավ իրական հատվածում կորպորատիվ կառավարման արդյունավետությունը:

www.cdaily.am


Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4