September 23, 2021

ԲԱՆԱԿՆ ԱՎԵԼԻ ԹԱՓԱՆՑԻԿ Է ԴԱՐՁԵԼ.ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁԸ:Նոր Տարվա նախաշեմին մեզանից յուրաքանչյուրը հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, վերլուծում կատարած աշխատանքը, բացթողումները և ծրագրում հաջորդ տարվա անելիքները:

Շարունակելով հավատարիմ մնալ իր կոչմանը` մեր զինված ուժերը 2010 թվականին պատվով են կատարել իրենց գլխավոր խնդիրը` մեր պետության պաշտպանության ապահովումը: Հետևողականորեն շարունակվել են զորքերի մարտական պատրաստության բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման, սահմանամերձ շրջանների անվտանգությունն ամրապնդելու լայնածավալ միջոցառումներ: Անցնող տարում դաշտային երթերի, շտաբային զորավարժությունների և մարզումների հետ մեկտեղ անցկացվել են օպերատիվ-մարտավարական մի շարք զորավարժություններ, որոնք լրջորեն կատարելագործել են մեր զինված ուժերի անձնակազմի տեսական և գործնական ունակությունները: Այս ամենի արդյունքում էականորեն բարձրացել է զինված ուժերի տւարբեր ստորաբաժանումների ներդաշնակման և մարտական խնդիրների կատարման աստիճանը:
 
2010 թվականին զգալի առաջընթաց է գրանցվել նաև հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում:
 
Արդիականացվել և հագեցվել է բանակի նյութատեխնիկական բազան:
 
Ընդլայնվել է ռազմական համագործակցությունը թե ՀԱՊԿ, և թե ՆԱՏՕ-ի անդամ երկների հետ: Ռազմական համագործակցության շրջանակներում երկրի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մասնակցել են արտերկրում կազմակերպված տարաբնույթ  զորավարժությունների: ՀՀ զինծառայողները պատվով են կատարել միջազգային անվտանգության ապահովման իրենց խնդիրները թե Կոսովոյում և թե Աֆղանստանում:
 
2010 թվականը զինված ուժերում հայտարարված էր «Գիտելիքի տարի»: Այս կարգախոսին համապատասխան, ողջ տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների մասնագիտական պատրաստությանը:
 
Զինված ուժերում ընթացող բարեփոխումները անշրջելիորեն բարելավել են մի շարք կարևոր ոլորտների աշխատանքները, դրանց լիովին նոր որակ հաղորդել, զինված ուժերում ներդրել առաջատար չափանիշներ:
 
Բանակն ավելի բաց և թափանցիկ է դարձել հասարակության առջև: Ողջունելի է, որ զինված ուժերում տեղի ունեցած ինչպես դրական, այնպես էլ բացասական երևույթներն ակտիվորեն քննարկվել են հասարակության տարբեր շրջանակներում և մամուլում:
 
Այնուամենայնիվ, բանակում խնդիրները դեռևս շատ են, իսկ դրանց լուծումը պահանջում է բոլորիս ուշադրությունն ու նվիրումը: Պաշտպանական բարեփոխումների գործընթացը, որն ուղղված է այդ խնդիրների լուծմանը, շարունակական բնույթ է կրում` տարեցտարի առաջադրելով առավել բարձր չափանիշներ: Կարծում եմ` 2011 թվականին պաշտպանական բարեփոխումները կապահովեն այնպիսի որակական առաջընթաց, որը նոր մակարդակի կբարձրացնի զինված ուժերի մարտական վարպետության աստիճանը և միաժամանակ տեսանելի կլինի հասարակության համար:
 
Որպես պաշտպանության նախարար, ցանկանում եմ հավաստիացնել, որ պաշտպանական բարեփոխումների բոլոր խնդիրները կան և մնալու են իմ անմիջական ուշադրության ներքո, և մենք հասնելու ենք այն շեմին, որը կապահովի մեր ժողովրդի անվտանգ զարգացումը առաջիկա տասնամյակների համար: Այս ամենի համար պետք է ունենանք վստահություն սեփական ուժերի նկատմամբ և հավատ ապագայի հանդեպ:
 
Սիրելի հայրենակիցներ
 
Սրտանց շնորհավորում եմ ձեզ` գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն ու լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ:
 
Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր եմ ուղղում ամանորյա գիշերը մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողներին` մաղթելով նրանց տոկունություն ու խաղաղ ծառայություն, իսկ զինծառայողների ծնողներին` քաջառողջություն ու բարօրություն:
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4