September 22, 2021

Երեկոյան ցույց` ընդդեմ օտարալեզու դպրոցների հնարավոր բացման.Երեկ` երեկոյան, նախագահի նստավայրի առջև տեղի ունեցավ ցույց, որը տևեց մեկ ժամ: Ցույցին մասնակցում էին «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը», «Սարդարապատ» շարժումների անդամները, Ազգային ժողովի «Ժառանգության» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև Հայաստանում օտարալեզու դպրոցների հնարավոր բացմանը դեմ այլ անձինք: Ցույցը հսկում էր 12 ոստիկան:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ին ԱԺ-ն 69 կողմ, 1 դեմ ձայնով երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում Կառավարության առաջարկած փոփոխությունների օրինագիծը, որը հնարավոր է դարձնում Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունեությունը: Որպեսզի օրինագիծն օրենքի ուժ ստանա, նահագահը պետք է վավերացնի այն:

Ցուցարարները նախագահից պահանջում էին չվավերացնել օրինագիծը: Նրանք վանկարկում էին «Գաղութացմանը` ոչ», «Անկախություն», «Հայաստանի պետական լեզուն հայերենն է, տեղյակ չես` հեռացիր», «Հայաստանի պետական լեզուն հայերենն է, տեղյակ չե՞ս` 69» «30 արծաթ, 69 դավաճան» և այլն:

Ցույցի ժամանակ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման անդամ Արամ Ապատյանը փորձեց նամակ հանձնել նախագահական նստավայր, սակայն նամակագրության բաժինը երեկոյան այդ ժամին արդեն փակ էր: Արամ Ապատյանն ասաց, որ նամակը կհանձնեն այսօր` առավոտյան: Նախագահին ուղղված նամակում ամփոփված է օրինագծին դեմ անձանց 350 ստորագրություն, որը հավաքվել է 2 օրվա ընթացքում:

«Բայց, ինչպես տեսնում եք, շատ ավելի շատ են այն մարդիկ, ովքեր դեմ են այս օրինագծին: Մենք հույսեր ունենք, որ նախագահը կհասկանա` որքան մեծ են այն վտանգները, որոնք բերում է իր հետ այս օրինագիծը, նաև այն փաստը, որ այս օրինագիծը չի լուծում և որևէ մի խնդիր, որը իբր պատրվակ բերվում էր օրինագիծը Ազգային ժողով ներմուծելու համար»,- ասաց Արամ Ապատյանը:

Մինչդեռ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական շարժման մեկ այլ անդամ` Արմեն Հովհաննիսյանն, ասաց, որ ինքը մեծ հույսեր չի կապում նախագահի հետ, պարզապես եկել են իրենց պարտքը կատարելու և իրենց կամքը ցույց տալու:

«Երբ կամային, գիտակից և արդար նպատակներով ոգևորված մարդիկ մի բանի համար պայքարում են, անպայման կհաղթեն: Մենք հաղթելու ենք: Մենք ապրելու ենք մեր ցանկացած ազատ Հայատանում, քաղաքացիական արժեքներով, ազգային ու մարդկային արժեքներով»,- ասացԱրմեն Հովհաննիսյանը:

Նա օտարալեզու դպրոցների հնարավոր բացումը կանխելու երկու ճանապարհ է տեսնում` օրինագծերի սահմանադրականությունը վիճարկել իրավական ճանապարհով, և քաղաքացիական պայքար` անհնազանդության բոլոր հնարավոր ձևերով: Իսկ թե այս երկուսից որը կընտրի քաղաքացիական շարժումը, կերևա 2011 թ.:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը ևս չբացառեց Սահմանադրական դատարան դիմելը, քանի որ կուսակցությունը համոզված է, որ Կառավարության առաջարկած օրինագիծը հակասում է Սահմանադրությանը: Կուսակցությունը ՍԴ կդիմի «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնության հետ մասին:

«Դպրոցները չեն բացվելու: Դա մենք պնդում ենք, և երբեք այդ պնդումից հետ չենք կանգնել և հետ չենք կանգնի»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

«Հետքը» հարց ուղղեց նրան, թե արդյոք շարժումը փոփոխություններ մտցնելո՞ւ է իր մարտավարության մեջ` հաշվի առնելով այն, որ չնայած իրենց պայքարին` ԱԺ-ն, միևնույն է, երկու ընթերցմամբ ընդունեց օրինագիծը:

«Ոչ, մեկ անգամ ասվել է, որ չպիտի անցնի, անցնելու դեպքում` դպրոցները չպետք է բացվեն, բացվելու դեպքում` չպետք է գործեն: Սա մեր ստրատեգիան է: Ազգային ժողովն այս պայքարից առաջ էլ նույն կազմը ուներ, հիմա էլ, և դեռ որոշ ժամանակ նույն կազմը կունենա: Մեր աշխատանքը իրենց հետ ցույց տվեց, որ մենք բանական ուժի հետ գործ չունենք, որոնք լսում են քո փաստարկները, դրանք ընդունում են, ազդվում են դրանցից, հակափաստարկ են ներկայացնում: Գործ ունենք վատ իմաստով կազմակերպված բութ ուժի հետ»,- ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Նա չի համարում, որ քաղաքացիական նախաձեռնությունը ձախողվել է, քանի որ հանրային միտքն արթնացավ:

Բացի դրանից` «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը օրինագծերի` ի հայտ գալուց հետո պարզել է հանրակրթության ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ և արդեն պատկերացնում է, թե ինչ պետք է անել դրանք լուծելու համար:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4