October 2, 2023

Ամերիկահայերը`«Ֆենի», «բանկոմատի», բենզինային պոմպի և այլ գյուտերի հեղինակներ.Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Տիգրան Խզմալյանը նշեց, որ տարեմուտի այս օրերին ցանկանում է հիշեցնել ` ինչի է ունակ աշխատասեր ու շնորհալի հայ ժողովուրդը: Բանախոսը ներկայացրեց գիտության ոլորտում թե ինչ մեծ ներդրում են ունեցել ամերիկահայերը` Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Նա հայտնեց, որ վերջերս Լոս Անջելեսում լույս է տեսել հրապարակախոս ու արվեստագետ Ստեփան Պարթամյանի հեղինակած «Ամերիկահայության ներդրումը Միացյալ Նահանգներում» ուշագրավ մի գիրք, որտեղ ներկայացված են ХХ դարի ամենանշանավոր գյուտերն ու հայտնագործությունները, որոնց հեղինակները պատկանում են ամերիկահայկական համայնքին:
Նրա խոսքով, գրքում պատճենահանված են ԱՄՆ արտոնագրային գործակալության կողմից ճանաչված բոլոր այդ գյուտերի պաշտոնական արտոնագրերի համարներն ու գրանցման տարեթվերը: Տ. Խզմալյանը ներկայացրեց գրքում տեղ գտած ուշագրավ մի քանի գյուտ:

«Միացյալ Նահանգներում 1911 թվականին պաշտոնապես գյուտ է ճանաչվել Գաբրիել Կազանջյանի մազերի չորացման սարքը` այսօր զանգվածային տարածում գտած «ֆենը»: 

Ասատուր Սարաֆյանը, ով Ամերիկայում հայտնի է որպես Օսկար Բենկեր, 1931 թվականին հայտնագործել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը: 

Նույն Բենկեր-Սարաֆյանին են պատկանում բոլոր ավտոսիրողներին քաջ հայտնի բենզինային պոմպի, ինչպես նաև ավտոյուղի չափիչի գյուտերը: 

Մեկ ուրիշ ամերիկահայ գյուտարար Արթուր Բուլբուլյանը 1944 թվականին ստացել է արտոնագիր` ամերիկյան օդուժի համար խիստ անհրաժեշտ օդաչուների թթվածնային դիմակ պատրաստելու համար:

Ամենամեծ համբավ ու տարածում ստացած գյուտերից է հանրահայտ Ալեք Մանուկյանի նորամուծությունը` յուրահատուկ տեսակի ջրի ծորակը, որը 1969 թվականից կիրառվում է ողջ աշխարհում: 
Նա հիշատակեց Արտաշես Հայկանյանի գյուտը. այն է` հեղուկ խմիչքների համար ճկուն անկյունով ծղոտը, կամ «կոկտեյլի փայտիկը»:

Իսկ դրամաբաշխային սարքերի, հանրահայտ «բանկոմատի» գյուտի հեղինակն է Լյութեր Սիմիջյանը: Նրա խոսքով, այսօր ներկայացվեց ամերիկահայերի գյուտարարության երկար ցանկի ընթամենը մի մասը, սակայն առաջիկայում նախատեսվում է հրապարակել նաև մյուս գյուտերի մասին:
 

Panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4