
Հայաստանի կառավարությունը որոշել է 2011 թվականի հունվարի 1-ից լուծարել Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայությունը, որի արդյունքում ծառայության 300 աշխատակից գործազուրկ կդառնա:
Այս մասին ընդամենը մեկ շաբաթ առաջ իմացած տեսուչ-վճարողները բողոքի ցույց անցկացրին նախ իրենց ծառայության գրասենյակի առջեւ, ապա շարժվեցին դեպի նախագահի նստավայր, իրենց նամակը հանձնեցին նախագահին, այնուհետեւ բողոքի ակցիան շարունակեցին Կառավարության շենքի դիմաց` պահանջելով վերանայել կայացրած որոշումը:
«Ես իմ ընտանիքի միակ կերակրողն եմ, ունեմ երկրորդ կարգի հաշմանդամ եւ ապրում եմ վարձով: Եվ բոլորը նույն կարգավիճակում են, այսօր Նոր տարվա շեմին մեզ նվեր են ուղարկել», – բողոքեց աշխատակիցներից մեկը:
Նրանք բոլորը իշխող Հանրապետական կուսակցության անդամներ են եւ վրդովված ասում են, թե կպատռեն իրենց կուսակցական անդամատոմսերը:
«Մի գիշերվա մեջ իրենց պետք էր, որ 300 հոգի դառնան Հանրապետական կուսակցության անդամ, այսօր իրենց պետք չեն այս 300 հոգին կուսակցությունում, շպրտում են դուրս», – ասաց տեսուչ-վճարողներից մեկը` հավելելով, որ 300 հոգին իր հետ կուսակցություն է բերել է 900 հոգու` իր ընտանիքի անդամներին կամ մյուս բարեկամներին:
«Ստիպում էին, որ ձայն հավաքենք Հանրապետական կուսակցության համար, եթե չէ` ուրեմն չենք կարող աշխատել, իսկ այսօր գրչի մի հարվածով բոլորիս հանեցին դուրս», – ասաց մեկ այլ աշխատակից, տեղեկացնում է Ազատություն ռադիոն:
lragir.am
Leave a Reply