September 22, 2021

Գյուղացիները վերցրած վարկերի պատանդն են դարձել.Լոռու մարզի 960 բնակիչ ունեցող Արեւածագ գյուղում վերջին տարիներին «Ֆինքա», «Կամուրջ» եւ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկից» վարկեր ստացել են գյուղի գրեթե բոլոր ընտանիքները:

«ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի պաշտոնական տվյալներով` բանկի վարկառուների ցուցակում գրանցված են 100 արեւածագցիներ:

Նրանցից 52-ը խնդիրներ ունեն բանկի հետ` 42 մլն դրամ վարկային գումարով: Արդյունքում 208 արեւածագցիներ, այդ թվում` վարկառուների երաշխավորները, 2010 թ. բանկի բռնագանձման հայցադիմումներով Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդու նստավայրում ներգրավվել են որպես պատասխանողներ:

Ալավերդու նստավայրի դատավոր Սուրեն Բաղդասարյանը հայտնեց, որ չնայած պատշաճ ծանուցմանը` արեւածագցիները բանկերի բռնագանձման հայցերով դատական նիստերին չեն ներկայանում:

Արեւածագցիները հայտնի են որպես բացառիկ աշխատասեր մարդիկ, սակայն չեն կարողացել արդյունավետ ծախսել վարկերը եւ հայտնվել են ծանր կացության մեջ:

Սուրեն Սուքիասյանը «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» Լոռի մասնաճյուղից 2008 թ. ստացել է 3000 դոլար վարկ, 724 օր ժամկետով, 16 տոկոս տոկոսադրույքով:

Որպես վարկի վերադարձելիության երաշխիք Սուրենը գրավ է դրել իրեն եւ կնոջը` Մարգարիտա Մատինյանին պատկանող 900.000 դրամ գնահատված տրակտորը եւ 400.000 դրամ գնահատված ԳԱԶ-69Ա մակնիշի ավտոմեքենան:

Վարկառուն բանկի Ալավերդու մասնաճյուղում 2010 թ. դրությամբ ունեցել է 182 օրով ժամկետանց պարտավորություն:

Բանկը բռնագանձման հայցով դիմել է դատարան, որն էլ բավարարել է այն: Սուրենի ընտանիքը 9 անձից է կազմված: Նա 5 կով ունի, 3 խոզ, 1,6 հա վարելահող:

«Սկզբում 1000 դոլար քարտ վերցրի Գյուղբանկից, «Ֆինքա»-ից էլ 1000 դոլար վերցրի: «ԱԿԲԱ»-ից էլ 3000 դոլար վերցրի 2008 թ.: Ժամանակին նախորդ վարկերս չկարողացա փակել: Վերցրածս 3000 դոլարից համ մյուս 2 բանկերի 2 հազար դոլարը փակեցի, համ էլ անասունների համար կեր առանք: Երկու կով, մի 5 հատ էլ մոզի առանք: Առա, որ շատացնեմ, էն էլ տակ տվի: Մեծ ընտանիք ենք, համ էլ ուտելու` դեսի-դենի գնաց: Էդ 3000 դոլարը փակելու համար էս տարվա մեջ 18 անասուն ենք ծախել»,- ասում է Սուրեն Սուքիասյանը:

Ս. Սուքիասյանը վարկով առած անասունները նորից վաճառել է վարկը փակելու համար:

Ստացած 3000 դոլարի փոխարեն «ԱԿԲԱ»-ում 4000 դոլար վարկ է փակել, քանի որ 2 տարում վարկն ավելացել է 1000 դոլարով:

Սուրենն ասաց, որ վարկը դոլարով էժան վերցրել, հետո թանկ փակել է: Նրան հաջողվել է վարկը փակել այս տարվա օգոստոսի վերջին:

Վարկը վերցնելուց հետո, սակայն, բազմանդամ ընտանիքի ապրելակերպը չի փոխվել. «Էնա զոռի աշխատեցինք, էդ վարկը փակեցինք»,- ասաց Սուրենը:

«100 հատ ոչխար ենք ունեցել, կարկուտն եկավ, տան կրիշեն ջարդեց, էդ էլ ծախեցինք` կրիշեն սարքեցինք»,- ասաց Սուրենի որդին` Արթուրը:

Սուրենը նոր վարկ վերցնելու մասին չի ուզում լսել. «Չէ, չէ, չէ, էդ բանն էլ չեմ անի»:

Սուրեն Սուքիասյանի խորհրդով այցելեցինք մեկ այլ վարկառուի` Բորիս Անտոնյանի տուն: Երկու օր առաջ Թումանյանի ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները չմարված վարկի դիմաց բռնագրավել են Բորիս Անտոնյանի տան արժեքավոր իրերը` հեռուստացույցն ու անտեննան:

Բորիսը տանը չէր: Կինը` Էմմա Դավթյանը, ասաց. «1000 դոլար վարկը վերցրել ենք 2008 թ. սեպտեմբերի 9-ին: Գյուղատնտեսական վարկ ենք վերցրել, 24 տոկոսով: Մտածել ենք` բերքը լավը կլինի, արտ ենք ցանում, կարտոշկա ենք ցանում, բայց բերքը լավը չեղավ: Հեռուստացույցը տարել են ժամանակավոր, որ մենք անհանգստանանք, մտածենք վարկն արագ փակելու մասին: Էս պահին վերցրածս 1000 դոլարը համարյա դարձել է 2000 դոլար»,- ասաց Բորիսի կինը:

Բորիս Անտոնյանի բնակարանն աղքատ է կահավորված: Ճաշասենյակում տեղավորված էր մի կոտրած բազմոց, երկու երկաթե մահճակալ եւ մի հին սեղան` աթոռներով:

Ընտանիքն անհանգստացած է, քանի որ վարկը չմարելու դեպքում բռնագանձումը կարող է տարածվել Անտոնյանի սեփական տան վրա:

Վարկառու Գերասիմ Հակոբյանը 2008 թ. սեպտեմբերի 10-ին «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկից ուրիշի համար 1000 դոլար վարկ է վերցրել. «Իմ անունով վարկը ընկերոջս` Վիտալի Սուքիասյանի համար եմ վերցրել: Այս պահին նա վարկը փակել է: Վարկը 24 տոկոսով եմ վերցրել, ընկերս էլ դաշտում է ներդրել այդ գումարը: Բայց քանի որ 3 տարի շարունակ դաշտերում անընդհատ կարկուտ է տեղացել, նա չի կարողացել ժամանակին փակել վարկը»,- ասաց Գերասիմը:

Ընկերոջ համար Գերասիմի վերցրած 30 հազար դոլարի դիմաց բանկում գրավ է դրված նաեւ նրա սեփական բեռնատար ավտոմեքենան:

«Մեզ հմար ոչ մի բան ունեցած չենք»,- դժգոհեց Գերասիմի մայրը:

«Սաղ գյուղը վարկ ա վերցրել մի 3-4 մարդու համար ու կրակումն ա մնացել»,- հավելեց Գերասիմը: Նա իրեն «բախտավոր է» համարում, որ բանկի կողմից ավտոմեքենան բռնագրավելու դեպքում գոնե տանիք կունենա իր գլխին:

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4