September 22, 2021

ՆՈՐ ՏԱՐՎԱ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՈՀԵՐ.Եվրոպայի Հայերի Համագումարի (ԵՀՀ) անունից Նոր Տարվա եւ Ս. Ծննդյան տոների առիթով շնորհավորում ենք աշխարհի չորս ծագերում` Մայր Հայրենիքից մինչեւ Սփյուռքի հեռավոր համայնքներում, ապրող հայ ժողովրդին:

Սիրելի Հայրենակիցներ,

2010 թ. հայ ժողովրդի համար, քաղաքական առումով, նախորդող մի քանի տարիների շարունակությունն էր, թե իր լարվածությամբ եւ թե ազգի համար մտահոգություններով ու ճակատագրական պահերի բերումով:

Դրական էր Սփյուռքի ու հայրենաբնակ մեր ժողովրդի պայքարի արդյունքում այսպես կոչված Հայ-Թուրքական տխրահռչակ արձանագրությունների սառեցումը, որը, սակայն, վերջնականապես չի տապալվել ու հնարավոր է, դրա հեղինակների համար ձեռնտու պահին, այդ խաղը նորից վերսկսել նույն կանոններով ու օրակարգով` առանց փոփոխությունների ու ճշտումների:

Սփյուռքը իր հայրենաբնակ քույրերի ու եղբայրների կողքին ամիսներ շարունակ  բողոքարկեց ու պայքարեց Լեզվի մասին հակազգային, հակաժողովրդական օրենքի վավերացման դեմ, թեպետ եւ Ազգային Ժողովը վավերացրեց այդ չարաբաստիկ  օրենքը, սակայն պայքարը դեռ շարունակվում է:

Սփյուռքը, չնչին բացառությամբ, անտարբեր չմնաց Հայաստանի իր քույրերի եւ եղբայրների հասարակական, տնտեսական եւ քաղաքացիական ոչ նախանձելի պայմանների, եւ ընդհանրապես, Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը վերաբերող հարցերի նկատմամբ, գիտակցելով՝ որ Հայաստանում ապրող Հայությունը կանգնած է կրկնակի դժվարությունների եւ սպառնալիքների դիմաց: 

2010 թ. Հատկապես Սփյուռքի համար կարելի է համարել պրպտումների ու որոնումների տարի, քաղաքական անտարբերության ի դիմաց, նպատակային ծրագրերի իրականացման ի խնդիր` նոր ուղիների ու հնարավորությունների մաքառման տարի:

Իսկ Հայաստանում հենց մի շաբաթ առաջ կրկին անգամ ընդդիմադիր հեռուստակայաններ  զրկվեցին հեռարձակումից, այսպիսով տապալվեց նաեւ երկրում ազատ  հեռուստահեռարձակման բնականոն զարգացման հույսերը: 

Սիրելի Հայրենակիցներ,

ԵՀՀ-ը ցանկանում է, որ 2011 թ. լինի վճռական փոփոխությունների տարի, այն է՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում խորքային եւ ներդաշնակ գործունեություն, երկրում կործանարար կոռուպցիայի եւ մենաշնորհյալ քրեատնտեսական համակարգի անհետացում, դատաիրավական համակարգի ինքնուրույն եւ արդար գործունեություն եւ Իշխանություն-Հասարակություն անմիջական եւ թափանցիկ դաշտի ստեղծում: Աշխարհի բոլոր մայրցամաքներում իր ստեղծագործությամբ աչքի ընկնող հայը, վստահաբար, կարող է նաեւ հաջողակ լինել իր բնօրրանում՝ եթե կամայականությունը փոխարինվի օրենքի իշխանությամբ: 

2011 թ. շեմին մեր կոչն է՝ ուժերի առավելագույն համախմբում, կազմակերպվածություն, աշխատանքների նպատակասլացություն եւ ազգային համատեղ ծրագրի ստեղծում: 

Հայ ժողովրդին մաղթում ենք ամուր ու աննկուն կամք, առողջություն, խաղաղություն, ցանկությունների և արդար պահանջների իրականացման տարի:

ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Նախագահ՝

Կարո Հակոբյան

28 դեկտեմբերի, 2010 թ.

Ուփսալա, Շվեդիա

Էլ. հասցե: garo.hakopian@aaeurop.com

Հեռ՝ +46 707 25 85 93

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4