October 25, 2021

Haberturk. Կգա օրը, եւ Թուրքիայի խորհրդարանում էլ կքննարկվի Հայոց ցեղասպանությունը.Թուրքական Haberturk-ի սյունակագիր, վերլուծաբան Ամբերին Զամանը իր «Հայկական բանաձեւը» հրապարակման մեջ անդրադարձել է օրեր առաջ ԱՄՆ-ում հայկական բանաձեւի հետ կապված թուրք-ամերիկյան զարգացումներին։

«ԱՄՆ-ում  հայերը փորձեցին վերջին պահին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգ մտցնել մի նախագիծ, որը ցեղասպանություն է որակում 1915-ին հայերի նախնիների նկատմամբ իրականացրած կոտորածը։ Սակայն ԱՄՆ-ի համար շատ ավելի կարեւոր խնդիրներ կային, եւ հայկական նախագծին հերթ չհասավ։  Այդ արդյունքը եղավ նաեւ Օբամայի վարչակարգի շնորհիվ։  Ինչպես նախորդ տարիներին, Թուրքիան գործի դրեց բոլոր միջոցները։ Օբամային նամակ գրեց Էրդողանը, իսկ ԱԳ նախարար Դավութօղլուն ավելի կոնկրետ հասկացրեց Քլինթոնին՝ հայկական նախագծի անցնելու պարագայում Թուրքիայի քայլերի մասին։ Այսպիսով, ցեղասպանության ճանաչման մի ճգնաժամ էլ հաղթահարեցինք։

 Սակայն բոլորը գիտեն, որ սա ոչ առաջինն է, ոչ էլ վերջինն է լինելու։ ԱՄՆ-ի հայերը այդ արշավներից երբեք չեն հրաժարվելու։  Ընդհակառակը՝ 1915-ի ողբերգության 100-ամյակի մոտենալուն պես, ցեղասպանության ճանաչման ջանքերը ավելի են շատանալու։

 Լավ, Թուրքիան ի՞նչ պետք է անի եւ ի՞նչ կարող է անել։  Մի պահ մեր ձեռքերը դնենք մեր խղճին եւ հարցնենք, թե  1915-ին ի՞նչ եղան հազարավոր տարիներ այս հողերի վրա ապրող միլիոնավոր հայերը։ Նախկինում տաբու էր այս թեման մինչ մեր սիրելի Հրանտ Դինքի սպանությունը, որից հետո սկսեցին ազատ քննարկել։  Շատ քիչ տեղեկություններ կա, թե 1915-ից առաջ մոտ 1,3 միլիոն օսմանցի հայերի գլխին ինչե՞ր են եկել։ Ռուսների կողքին կանգնած մի խումբ հայերի դավաճանությունը առիթ դարձավ, որ երիտթուրքերը դրա համար պատժեն ամբողջ հայ ժողովրդին։ Կոտորում էին թե երեխաներին, թե կանանց, թե ծերերին, կամ բռնի տեղահանում էին։ Տեղահանվածներն էլ ճանապարհին մահանում էին սովածությունից,  հիվանդություններից կամ ավազակախմբերի հարձակումներից։ Սիրիայի Դեր Զորի անապատներում հազարավոր հայեր են մահացել։ Որոշները դարձել են մահմեդական, որոշներն էլ  բարեհոգի թուրքերի եւ քրդերի կողմից փրկվել։

 Արտասհաման փախածների թոռներն էլ այժմ իրավացիորեն պահանջում են, որ վերջ դրվի ժխտողականությանը եւ սպասում են ներողության։  Սկսել են ավելանալ դատարանով փոխհատուցում պահանջողների թիվը։ Չեմ կարծում, որ սրա դեմը կառնվեր, եթե նույնիսկ Հայաստանի հետ սամանի բացում եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում նախատեսող արձանագրությունները վավերացվեին։ Պարզապես, Ցեղասպանության նախագծի ընդունումը մի որոշ ժամանակ ավելի կդժվարանար։

 Հայաստանի հետ մեր հարաբերությունները պետք է նախաձեռնել իրական զարգացումների հիմքի վրա։  Կովկասում խաղաղությունը եւ կայունությունը ամրապնդելու, Ղարաբաղի հարցի կարգավորումը արագացնելու համար պետք է շտապ կյանքի կոչել նախորդ տարի ստորագրված արձանագրությունները։ Թե ԱՄՆ Կոնգրեսի անդամները, թե հայ եւ թուրք առաջնորդները չպետք է քաղաքականության մեջ գործիք դարձնեն մեր ոչ հեռավոր պատմության ամենամեծ բիծը հանդիսացող հայկական ողբերգությունը։  Այս համատեքստում  գովելի է թուրքական հասարակական կազմակերպությունների գործունեությունը։  Օսման Քավալայի ղեկավարությամբ Anadolu Kultur, TESEV, Hrant Dink հիմնադրամները հայ եւ թուրք հասարակությունների միջեւ առկա նախապաշարումները կոտրելու եւ բարեկամության կամուրջ ստեղծելու համար արտակարգ ջանքեր են գործադրում։

 Հալիլ Բերքթայը, Ֆիքրեթ Ադանըրը, Թաներ Աքչամը եւ Այշե Հյուրը պես պատմաբանները, որոնց թիվը գնալով շատանում է, իրենց կյանքը վտանգի ենթարկելով  1915-ի վերաբերյալ բացում են մեր աչքերն ու գիտակցությունը, վերծանում տասնյակ տարիներ մեզ հրամցված ստերը։ Կգա օրը՝ այս հարցը Թուրքիայի խորհրդարանի հարկի տակ էլ կքննարկվի։ խիղճը կխոսի։»,-եզրափակել է Ամբերին Զամանը։

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4