January 28, 2022

ՕԼԻԳԱՐԽԻԱՆ ԵՎ ՆԵՈԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ.Տնտեսական խաղի կանոնները Հայաստանում ձևավորվել են 90-ականներին, ինչպես բոլոր հետխորհրդային երկրներում: Բագրատյանի կառավարությունը կողմնորոշված էր փոքր և միջին բիզնեսի վրա, որոնք բուռն զարգացում ունեցան: Այդ դարաշրջանի խորհրդանշանական բառը “ստոլիկն” էր:

Ոգևորությունն այնքան մեծ էր, որ բոլորը համոզված էին, որ ամեն մարդ, բացի բացառիկ դեգենարատներից, ընդունակ է ստեղծել սեփական բիզնեսը և հաջողություն ունենալ: Բիզնեսի հիմնական միավորը նույնիսկ ոչ թե փոքր բիզնեսն էր, այլ միկրոսկոպիկը` “ստոլիկը”: Այս առողջ տեսակետը` դեմոկրատական կապիտալիզմը հակասության մեջ էր պրակտիկայի` խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման հետ, նեոլիբերալ դեղատոմսերով արված վաուչերացման գործընթացի հետ: Գործարանը “ստոլիկ” չէ, և պահանջում է այլ խաղի կանոններ, ներդրված կապիտալի այլ մասշտաբներ:
 
Ընդհակառակը. Վազգեն Մանուկյանը և նրա կողմնակիցները համարում էին, որ տնտեսությունը հարկավոր է փոխանցել մեկ-երկու տասնյակ ընտանիքների, որոնք “կպահեն” մյուսներին: Իհարկե, մանուկյանական “օլիգարխականությունը” սկզբունքորեն տարբերվում էր քոչարյանական “օլիգարխականությունից”: Վ. Մանուկյանը օլիգարխների դերում տեսնում էր խոշոր գործարանների խորհրդային տնօրեններին, որոնք մասնագիտական հմտություններ ունեն, իսկ Ռ. Քոչարյանը օլիգարխների դերում տեսնում էր “հավատարիմներին”, որոնք նեցուկ կլինեն իշխանություններին: Վ. Մանուկյանի գաղափարներն իրենց կիրառումը գտան Արմեն Դարբինյանի “արհեստավարժ” կառավարության մեջ և ցուցադրեցին իրենց սնանկությունը` տնտեսությունը չհաջողվեց աշխուժացնել: Բայց նկատենք, որ զուտ տեսության առումով Վ. Մանուկյանի և Ռ. Քոչարյանի մոտեցումները համանման են. երկուսն էլ շեշտադրումը դնում են մասշտաբի էֆեկտի վրա` խոշոր բիզնեսն ավելի արդյունավետ է, քան փոքրը կամ միջինը, սուպերմարկետն ավելի լավ է, քան “բուդկան”:
 
Այսպիսով, ունենք երեք տարբերակ` դեմոկրատական կապիտալիզմ, սոցիալ օլիգարխիա և նոլիբերալ օլիգարխիա: Անձամբ ինձ համար գերադասելի է առաջինը, և, կարծում եմ, անձնական նախաձեռնության նկատմամբ բագրատյանական կառավարության բարեհաճությունը շատերը ժամանակին գնահատեցին: Ռացիոնալ հատիկ գուցե ուներ Վ. Մանուկյանի մոդելը, որը պահպանում է խորհրդային ինստիտուցիաների հետ ժառանգականությունը, բայց մյուս կողմից այն քիչ տեղ էր թողնում տնտեսական և սոցիալական նորամուծությունների համար, ընդգծված պահպանողական էր և զարգացման հնարավորություններ չէր կարող տալ: Այս լույսի տակ երորդը` նեոլիբերալ օլիգարխական մոդելը թվում է ամենավատը: Նրա խաղի կանոններն են` “հաղթողը վերցնում է բոլորը”, այսինքն տնտեսական կյանքի հիմնական միավորը դառնում է օլիգոպոլիան:
 
Ավելի կոնկրետ լինելու համար տանք օլիգարխի սահմանումը. օլիգարխը շատ հարուստ ձեռնարկատեր է, դոլարային միլիարդատեր է կամ համարյա այդպիսին, հանդիսանում է ձեռնարկությունների որևե կոնգլոմերատի հիմնական սեփականատերը, ունի լավ քաղաքական կապեր, այդ թվում` անձնապես կապված է երկրի նախագահի հետ: 
 
Ինչպես գրում է Վադիմ Վոլկովը, հետխորհրդային համակարգի ամենախոր հետազոտողներից մեկը` “Քանզի պետական բյուրակրատիայի գործողությունները և օրենսդրության կատարումն ապահովված չէ, իսկ նրանց մատուցած ծառայությունների գինը բարձր է, մասնավոր կառույցները` փաստական մաֆիան շահում է պետության հետ մրցակցությունը և վստահորեն զբաղեցնում է նրա տեղը”:
 
Բոլորն էլ իրավունքներ ունեն, բայց փաստորեն իրավունք ունի միայն նա, ով կարող է պաշտպանել իր իրավունքը: Հոբսը նշում է մի իրավիճակ, երբ “մարդը մարդուն գայլ է” և հասարակությունում տիրում է “բոլորի պատերազմը բոլորի դեմ” իրավիճակը: Հենց այս պայմաններում է, ըստ Հոբսի, որ ձևավորվում է “ուժն է ծնում իրավունքը” սկզբունքը: Քաոսի պայմաններում մի կողմում քրեականներն են, մյուսում` հասարակությունը:
 
Օլիգարխները կարողացան դուրս պրծնել քրեական բեսպրեդելի աշխարհից, մասնավորապես ստեղծելով իրենց սեփական անվտանգության ծառայությունները: Հաջորդ փուլում նրանց համար անվտանգության ծառայություններ մատուցող հիմնական օղակը դառնում է ոստիկանությունը: Այս եղանակով նրանք կարողացան ձեռք բերել իրենց սեփականության իրավունքների պաշտպանություն: Բայց դա չհանգեցրեց նրան, որ մյուս խմբերի սեփականության իրավունքը ևս պաշտպանված դարձավ: Նրանք քաղաքական գործիչների միջոցով պայքարում են մյուս բիզնես խմբերի սեփականության իրավունքները ոչնչացնելու համար: Հատկապես նրանք շահագրգռված են ոչնչացնել մանր` ինքնաշահագործման վրա հիմնված բիզնեսը /առևտուր, գյուղատնտեսություն, մանր ցեխեր/, պրոլետարականացնել նրանց, իսկ նրանց ունակությունները և աշխատասիրությունը ծառայեցնել իրենց խոշոր ձեռնարկություններում /սուպերմարկետներում, պլանտացիաներում և այլն/:
 
Պատմականորեն օլիգարխների մասին առաջին հիշատակությունը վերաբերում է ԱՄՆ-ին, երբ Նյու Յորք թայմզը նոր խոշոր բիզնեսմեններին անվանեց “ավազակ բարոններ”, նկատի ունենալով Հռենոսի ափի բարոններին, որոնք գումար էին կորզում իրենց տարածքով անցնելու համար: Բայց միայն 20-րդ դարի սկզբին Թ. Ռուզվելտը սկսեց պայքար նրանց դեմ:
 
Վրաստանում Սահակաշվիլին նրանց բանտարկեց և բաց թողեց 300 000-1 000 000 դոլար փրկագնի դիմաց: Ուկրաինայում նարնջագույն հեղափոխությունից հետո վերասեփականաշնորհվեցին մի քանի խոշոր ձեռնարկություն: Հայտնի է հայաստանյան “գունավոր” հեղափոխության նկատմամբ մեր օլիգարխների ատելությունը:
 
Մեր օլիգարխներն իրենց յուրօրինակությունները ունեն: Հայկական օլիգարխները, ինչպես ամերիկյանը, միայնակ են գործում, ի տարբերություն Ռուսաստանի, որտեղ հաճախ նախկին դասընկերները համագործակցում են. Օրինակ, հայտնի Յուկոսում կային յոթ միլիարդատեր: Հայկական օլիգարխները ռուսականներից տարբերվում են նաև նրանով, որ ունեն ցածր կրթական և մշակութային մակարդակ:
 
Սեփականության իրավունքի բացակայությունը քաղաքական կապերի շնորհիվ շահավետ է օլիգարխներին, բայց ցավոտ կերպով հարվածում է մանր բիզնեսին, աղքատ խավերին, որոնք գերշահագործման են ենթարկվում: Այս առումով Հայաստանը համեմատելի է Լատինամերիկյան երկրների հետ:
 
Օլիգարխների ուժն այն է, որ քաղաքական համակարգը նրանց բազմաթիվ ծառայություններ է մատուցում: Նրանք կարող են գնել որոշումներ նախագահից, նրա շրջապատի միջոցով, կարող են պառլամենտականներից գնել օրենսդրական ակտեր, կարող են կաշառել կառավարության անդամներին, ծառայեցնել իրենց դատական համակարգը: Օլիգարխները ձգտում են վերահսկել մի որևե ազդեցիկ զանգվածային լրատվամիջոց, սովորաբար` հեռուստաալիք, և ազդել հասարակական կարծիքի վրա: Օլիգարխ-իշխանություն հարաբերություններն այնպիսին են, որ կարելի է խոսել պետության զավթման մասին:
 
Օլիգարխները պարազիտային դասակարգ են, ի տարբերություն բուրժուազիայի, որն ապրում է կապիտալի բերած շահույթով, նրանք ապրում են ռեսուրսները յուրացնելու և ռենտայի շնորհիվ: Հայկական օլիգարխիան իր ռենտան ձեռք է բերել քոչարյանական կառավարման տարիներին, խոշոր օբյեկտների, հանքերի, անշարժ գույքի սեփականաշնորման շնորհիվ: Բայց եթե բոլոր խոշոր օբյեկտները սեփականաշնորհված են, ապա հարկավոր է գտնել ռենտայի նոր աղբյուրներ: Ամենահավանականն այն է, որ մոտակա ապագայում կավելացվի ցածր խավերի վրա դրված հարկային բեռը: Մյուս կարևոր աղբյուրը բնական ռեսուրսների շահագործումն է, բայց այնպիսինը, որ զերծ կլինի բնապահպանական սահմանափակումներից:
 
Օլիգարխան ձևավորվել է իրավական քաոսի պայմաններում, սակայն դա կարևորությամբ միայն երկրորդ գործոնն է: Ավելի կարևոր է կառավարության նեոլիբերալ քաղաքականությունը, որի էությունը, ըստ Ս. Եղիշյանցի, հանգում է հետևյալ կետերին.
 
– Ինվեստիցիաների ներգրավվում ցանկացած գնով, նույնիսկ, եթե դա արվում է սոցիալական և էկոլոլոգիական խնդիրների հաշվին:
 
– Սոցիալական ծրագրերի կրճատումը մինչև նվազագույն փաթեթը; կրթական, առողջապահական համակարգի անցումը համարյա բացառապես վճարովի սկզբունքին; առաջին անհրաժեշտության ապրանքների և ծառայությունների դոտացիայի (լրավճարման) վերացումը, սոցիալական համակարգի մասնավորեցումը:
 
– Ազգային դրամական միավորի կայունության ապահովումը ցանկացած գնով, այդ թվում բյուջետային կրճատումների հաշվին:
 
– Սահմանափակող դրամական քաղաքականություն:
 
– Սպառման սահմանափակում վալյուտային ռեզերվների մեծացման համար:
 
– Կապիտալների տեղաշարժի լիակատար ազատություն, այդ թվում արտերկիր և ընդհակառակը:
 
– Մասնավորեցում “բնական մենաշնորհների” բնագավառում, ուր չկա մրցակցություն:
 
– Հարկային “բազայի” ընդարձակում, ուղիղ հարկերի գերապատվություն անուղակիների նկատմամբ:
 
Դժվար չէ հասկանալ, թե ինչու նեոլիբերալ տնտեսագետներն արդարացնում են օլիգարխիան, համարում, որ նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը պոպուլիստական գաղափարախոսության արդյունք է: Ըստ այդ տեսակետի, օլիգարխները հաղթել են մրցակցային պայքարում, ճիշտ է ոչ այնքան կոռեկտ, բայց առկա իրավիճակին համարժեք եղանակով: Ըստ նրանց, տնտեսական փլուզման պայմաններում միայն օլիգարխները կարող էին աշխատեցնել խոշոր ձեռնարկությունները: Այն տալիս է մասշտաբի առավելություն իրավական պաշտպանության ցածր, կամ դրա իսպառ բացակայության պայմաններում: Մյուս այլընտրանքը օտարերկրյա ներդրումներն էին, բայց հետխորհրդային տարածքը չէր համարվում ներդրումների համար նպաստավոր միջավայր: Այսպիսի փաստարկներ կարելի է հանդիպել նաև հայկական մամուլում:
 
Մի կետում կարելի է նեոլիբերալների հետ համաձայնվել. օլիգարխների քննադատությունը Հայաստանում հիմնականում պոպուլիզմի դրսևորում է: Նրանք զգուշացնում են, որ օլիգարխների սեփականության նկատմամբ ոտնձգությունը կարող է խարխլել սեփականության իրավունքի նկատմամբ հավատը, ինչը տնտեսական զարգացման վրա բացասական ազդեցություն կարող է ունենալ:
 
Այս փաստարկները ունեն իրենց հակափաստարկները, որոնք բխում են տնտեսական ռացիոնալությունից: Գիտական աշխարհում դրանք լավ հայտնի են: Այսինքն` հարկավոր է տնտեսագիտական գիտելիք ունենալ, որպեսզի այդ համակարգի դեմ պայքարը արդյունավետ լինի, չստեղծվի իրավական քաոս: Բայց նկատեմ, որ բոլոր տնտեսագիտական ֆակուլտետներում դասավանդում են նեոլիբերալ հայացքներն արտահայտող դասագրքերով և չեն ուսումնասիրվում այդ մոտեցման թերի կողմերը, չգիտեն նրանց քննադատությունը: Սա տեղեկատվական շրջափակման մի ձև է, ինչը կարող է հանգեցնել հասարակության, քաղաքական գործիչների ապակողմնորոշմանը, իսկ վերջինների պոպուլիստական մոտեցումները խնդրին կարող են միայն վնասակար լինել:
 
ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4