January 28, 2022

Անբարեխիղճ պաշտոնյաներ մեզ պետք չեն. Սերժ Սարգսյան.Օր-օրի ավելանալու է ՀՀԿ-ի դերակատարությունը հայաստանյան հասարակության մեջ և քաղաքացիների կյանքում դրական փոփոխությունների, արմատավորված վատ ավանդույթների վերափոխման գործում: Այս մասին ՀՀԿ 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը։

«Մենք բարձրացնում ենք նշաձողը ոչ միայն կուսակցության գործունեության և դրա արդյունքների համար, այլև պահանջները կուսակցության անդամների ու նրանց գործունեության հանդեպ: Իր արածի ու չարածի համար պատասխանատու է մեզնից յուրաքանչյուրը՝ յուրաքանչյուր հանրապետական: Պատասխանատու է ոչ միայն կուսակցության, այլև երկրի առջև: Ավելի՛ն, պատասխանատու է ոչ միայն սեփական վարքի, այլև իր ենթակաների, նաև՝ իր ընտանիքի անդամների վարքի համար: Ավելորդ չեմ համարում զգուշացնել, որ ինձ համար հասկանալի չէ թիկնապահների այն շքահանդեսը, որ կարելի է տեսնել մեր երկրում. իմ դիրքորոշումը հստակ է` թիկնապահներ կարող են լինել միայն օրենքով սահամանված դեպքերում, օրենքով սահմանված չափի և ձևի մեջ: Այս ուղղությամբ, համոզված եմ, օրենսդիրը անելիք ունի:

Մեր այն գործընկերները, ում ժողովուրդը վստահել է իր խնդիրների լուծումը, իսկ կուսակիցները վստահել են սեփական բարի համբավն ու արժանապատվությունը, նրանք, ովքեր պաշտոն են ստանձնել, պատասխանատու են հարյուրապատիկ:

Անարդյունավետ աշխատանքը, թերություններն ու բացթողումները հաստատապես դառնալու են քննարկման առարկա: Անբարեխիղճ պաշտոնյաներ մեզ պետք չեն:

Կուսակցությունը չի կարող որևէ հանրապետականի համար հովանի լինել: Կուսակցությունը որևէ մեկիս անձնական ինչ-ինչ խնդիրների լուծման համար չէ. ճիշտ հակառակը, այդ մե՛նք ենք կուսակցության ծրագրերի իրականացման համար:

Եթե խնդիրներ ու հարցեր կան, ապա դրանց լուծման ձևը այս ու այն անկյունում բամբասանքը կամ խարդավանքները չեն: Խնդիրների լուծման համար գոյություն ունի կուսակցության գրասենյակը, որի դռները միշտ բաց են բոլորի համար՝ ո՛չ միայն կուսակցության ղեկավար մարմինների անդամների, այլ բոլորի համար: Եթե խնդիրներ կան, որ անձամբ ինձ հետ են կապված, ապա բոլորդ էլ գիտեք, որ ես ամեն շաբաթ, համարյա առանց բացառության, լինում եմ կուսակցության գրասենյակում և պատրաստ եմ քննարկել ցանկացած հարց»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Ըստ նրա՝ բոլորի համար կուսակցական պատասխանատվությունը պետք է լինի նույնը, պաշտոնատար հանրապետականի համար՝ շատ ավելի բարձր, որովհետև նրանց շատերն են նայում ու հետևում:

«Այստեղ ես ուզում եմ անդրադառնալ նաև մեկ այլ հարցի, որ երևի թե հավելյալ բացատրության կարիք ունի, և ասել, որ ոմանք փորձում են մեր գիտակցված քայլերը մեկնաբանել, բնականաբար, յուրովի, ինչն իհարկե իրենց խնդիրն է, բայց բացատրելը մեր պարտավորությունն ու պարտականությունն է: Ես նկատի ունեմ այն հանգամանքը, որ միշտ չէ, որ մենք պատասխանատու քաղաքական պաշտոնների ենք նշանակում հանրապետականների: Կարծում եմ, որ միայն ու միայն ուժեղ կուսակցությունը կարող է այդպես վարվել` դրանով իսկ հնարավորություն տալով այն բազմահազար համակիրներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով կուսակցությունում չեն, բայց մշտապես եղել են մեզ հետ, իրականացրել են մեր ծրագրերն ու քաղաքականությունը: Մենք այս կուրսը շարունակելու ենք: Ցանկացած դեպքում, եթե տեսնենք, որ տվյալ գործը կարող է ավելի լավ կատարել մեկ այլ անկուսակցական, մենք այդպես ենք վարվելու»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նա նշել է, որ նախկինում էլ ինքը շեշտել է երեք փոխկապակցված իրողություններ.

«1. Հայաստանի պետականության զարգացման գործում առաջնային դերը կատարում է մեր երկրի ու ժողովրդի առջև ամենամեծ պատասխանատվությունը, այսինքն իշխանության պատասխանատվությունը ստանձնած քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, իհարկե, կոալիցիոն գործընկերների հետ միասին:

Հանրապետականն ընդունում է երկրի ապագայի կերտման գործում իր պատմական ու պատվաբեր պատասխանատվությունը:

Մենք տերն ենք մեր խոսքին՝ ծառայել մեր պետականությանը և մեր երկրին:

Մենք նաև շարունակելու ենք ծառայել Հայոց իղձերի իրականացման և հայկական Սփյուռքի պահպանման ու ամրացման վեհ նպատակներին:

2. Հայաստանի ու մեր սերունդների ճակատագրի համար պատասխանատվություն ստանձնած Հանրապետական կուսակցությունը պարտավոր է ստանձնել նաև քաղաքական, հասարակական և տնտեսական արդիականացման առաջամարտիկի դերը: Իսկ առաջնորդող ուժը պետք է լինի նաև ամենաօրինակելին, ամենաառողջն ու ամենաարդիականը: Միայն նման ուժը կարող է իր դաշնակիցներից ու ընդդիմախոսներից նույնը պահանջել: Կուսակցության արդիականացումը սկսվում է հենց մեզնից` ինձնից, ձեզնից, մեր կուսակցական ընկերներից: Եվ կրկին. մեր այն կուսակիցները, ում Հանրապետականը պաշտոն է վստահել, պիտի լինեն արդիականացման առաջին գծում կամ էլ պարտականությունները թողնեն ավելի նախանձախնդիր կուսակիցներին:

Հանրապետականը շարունակաբար բյուրեղանում ու ամրանում է:

Մենք փոփոխությունները սկսում ենք մեզնից:

3. Մեր երկրում հասարական, քաղաքական և տնտեսական արմատական փոփոխություններ հնարավոր են միայն այն դեպքում, եթե այդ փոփոխությունները համահունչ են առաջնորդող ուժի ծրագրերին և հետևողականորեն իրականացվում են պետական իշխանության կողմից: Հենց նման փոփոխություններն են հուզում ժողովրդին, արձագանքում մարդկանց հոգում ու աջակցություն գտնում հասարակության կողմից, դառնում անշեղելի ու անշրջելի: Մինչ օրս Հանրապետական կուսակցությունը դրսևորել է քաղաքական կամք և հետևողականություն:

Հանրապետականը այսուհետ ևս հետևողական է լինելու իր յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման գործում:

Մենք կանք, քանի դեռ տեր ենք մեր արժեքներին:

Մենք պարտավոր ենք հավատալ մեր ուժերին: Որևէ մեկը մեր երազանքի Հայաստանը մեր փոխարեն իրականություն չի դարձնելու: Դա մե՛նք ենք անելու՝ բոլորս միասին»,- ասել է Սերժ Սարգսյանը:
 

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4