January 28, 2022

Պոպովը, Ստեփանակերտի օդանավակայանն ու ԼՂ հիմնախնդիրը

Նախօրեին Ստեփանակերտում կայացած ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս նոր համանախագահ Իգոր Պոպովի հանդիպումից հետո, վերջինս բավականին ուշագրավ, եթե ոչ սենսացիոն մի հայտարարություն էր արել:

«Նախագահը պատմել է տարածաշրջանում առկա իրավիճակի մասին, այն մասին, թե ինչպես է զարգանում տնտեսությունը, ծրագրերի եւ մասնավորապես օդանավակայանի շինարարության հեռանկարների մասին», – ասել էր Պոպովը:

Բնականաբար, տրամաբանական հարց է ծագում` ի՞նչ կապ ունի Պոպովը Ստեփանակերտի օդանավակայանի հետ, ի՞նչ կապ ունի ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում միջնորդական դեր ստանձնած ռուս դիվանագետը Ստեփանակերտում կատարվող շինարարության հետ, անգամ եթե խոսքը օդանավակայանի մասին է: Իսկ կապը կա եւ այն ուղղակի է. օդանավակայանին եւ Պոպովին կապում է հենց ԼՂ հարցը:

Մեր թերթի դեռեւս հունվարի 11-ի համարում մենք հրապարակել էինք ՀՀ ՊՆ ռազմական ավիացիայի փորձագետներից մեկի հետ մեր զրույցը, որտեղ վերջինս փաստացի ապացուցում էր, որ օդանավակայանի վերագործարկումը ԼՂ հիմնախնդրի չլուծվածության պարագայում անհնար է: Փորձագետը պնդում էր` եթե օդանավակայանն իրոք վերաբացվի, ուրեմն ԼՂ հարցում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Եվ ահա թե ինչու: Մենք տեղեկացրել էինք, որ ըստ փորձագետի, ԼՂ հարցում առկա ստատուս քվոյի պայմաններում Երեւանից Ստեփանակերտ անհնար է որեւէ թռիչք իրականացնել: Նման չվերթներ կարող են իրականացվել միայն այն դեպքում, եթե ԼՂ հարցում որեւէ հստակություն լինի: Ըստ փորձագետի` պատճառն այն է, որ թռիչքի ցանկացած պահի եւ հատկապես վայրէջքի ժամանակ մեր օդանավերը հասանելի են դառնում ադրբեջանական հրթիռների համար: Դրան հատկապես նպաստում է Ստեփանակերտի օդանավակայանի դիրքը. բանն այն է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցված է մի այնպիսի վայրում, որտեղի մի հսկա հատվածը սարեր են: Հենց այդ պատճառով էլ վայրէջք կատարելիս օդանավը ոչ թե ուղիղ իջնում է թռիչքուղու վրա, այլ նախ շրջանցում է այդ սարերը, ինչի արդյունքում ավելի է մոտենում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին եւ ադրբեջանական հրթիռների համար դառնում է հասանելի: Այսինքն, ըստ փորձագետի, եթե թեկուզ որեւէ մարդատար օդանավ Երեւանից ուղեւորվի Ստեփանակերտ, ապա Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խփել այդ օդանավը, քանի որ դե յուրե Ղարաբաղը համարվում է Ադրբեջանի տարածք, եւ հետեւաբար օդանավը խփելուց հետո Ադրբեջանը կարող է իր այդ քայլը պատճառաբանել նրանով, որ առանց իր թույլտվության իր տարածք է ներխուժել օտար երկրի օդանավ: Վերակառուցելու դեպքում, իհարկե, կարելի էր շտկել այդ սխալը, եթե օդանավակայանի թռիչքուղու դիրքը փոխվեր այնպես, որ օդանավը վայրէջք կատարելիս ստիպված չլինի շրջանցում կատարել եւ հայտնվել Ադրբեջանի համար լիովին տեսանելի հատվածում: Մինչդեռ Ստեփանակերտի օդանավակայանը վերակառուցողները թռիչքուղու դիրքը չեն փոխել: Դա դեռ այն ժամանակ մեզ հետ զրույցում հաստատել էր անգամ ԼՂՀ վարչապետի խորհրդական Դմիտրի Ատբաշյանը, ով էլ հենց համակարգում է Ստեփանակերտի օդանավակայանի վերակառուցման աշխատանքները: «Վերակառուցումից հետո, թռիչքուղին լինելու է նույն տեղում», – այն ժամանակ մեզ հետ զրույցում ասել էր Ատբաշյանը: Իսկ մեր այն դիտարկմանն էլ, թե իսկ մի՞թե մտավախություն չկա, որ այդ դեպքում վայրէջք կատարող օդանավերը կհայտնվեն ադրբեջանական ռազմական ուժերի լիակատար վերահսկողության դաշտում, Ատբաշյանը պատասխանել էր. «Ինչպես եւ ICAO-ի (Քաղավիացիայի միջազգային կազմակերպության) մյուս անդամները, Ադրբեջանը եւս ստորագրել է միջազգային կոնվենցիա` այն մասին, որ ինքը չի խփելու քաղաքացիական օդանավերը, եթե անգամ դրանք խախտեն իր օդային տարածքը»: Որպես երկրորդ պատճառ Ատբաշյանը նշել էր այն, թե «Ադրբեջանը տարիներ առաջ հայտարարել է ուժի չկիրառման եւ այն մասին, որ ԼՂ կարգավիճակի հարցը ռազմական գործողություններով չի որոշվելու»: Այսինքն` պաշտոնապես հայտարարվել էր, թե հայկական կողմը իր հույսը դրել է միայն Ադրբեջանի «խոստումների» վրա: Մինչդեռ ՊՆ փորձագետը մեզ հետ զրույցում պնդել էր` Ադրբեջանը կարող է ցանկացած պահի խախտել այդ պայմանավորվածությունը: Ավելին` փորձագետը հիշեցրել էր, որ նույն ICAO-ի քարտեզների վրա Ղարաբաղի տարածքը ներկված է սեւ, ինչը նշանակում է, որ այնտեղ օդանավերի մուտքն արգելված է: Եվ ըստ ՊՆ փորձագետի` եթե հայկական կողմը իր հույսը դնի միայն ICAO-ի կոնվենցիայի վրա, ապա կնշանակի, որ գիտակցաբար պատրաստվում է ամեն անգամ վտանգի ենթարկել ՀՀ եւ ԼՂՀ քաղաքացիների կյանքը: Մինչդեռ, ինչպես նշել էր մեր փորձագետը, հայկական կողմը այդքան միամտություն չի ցուցաբերի, որպեսզի միայն կոնվենցիան որպես հիմք ունենալով` օդային չվերթներ սկսի Երեւանից Ստեփանակերտ: Նման բան սկսելու համար, ըստ ՀՀ ՊՆ ռազմական ավիացիայի փորձագետի, հայկական կողմը պետք է ունենա հստակ երաշխիքներ առ այն, որ Ադրբեջանը ինքնաթիռները չի խփելու: Ադրբեջանն էլ, ըստ փորձագետի, միայն մի պարագայում կարող է նման երաշխիքներ տալ` եթե ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացում առաջընթաց է գրանցվել, եւ կողմերը արդեն հստակ պայմանավորվածություններ ունեն. առնվազն ազատագրված տարածքների ճակատագրի շուրջ: Այսինքն, կարճ ասած, Հայաստանը գոնե բանավոր համաձայնություն պիտի տված լինի Ադրբեջանին` ազատագրված տարածքները հանձնելու վերաբերյալ, որպեսզի Ադրբեջանն էլ իր հերթին երաշխիքներ տա առ այն, որ ինքը ինքնաթիռները չի խփելու: Ահա եւ օդանավակայանի փոխկապակցվածությունը ղարաբաղյան հակամարտության եւ հետեւաբար նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Պոպովի հետ:

zhamanak.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4