January 28, 2022

Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ. Մենք ոչ մի բան չենք ստորագրի, մինչեւ Ադրբեջանը չճանաչի ԼՂՀ կարգավիճակը.Նոյեմբերի 28-ին ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը Գերմանիայի Բոխում քաղաքում դասախոսություն-քննարկում է անցկացրել ԼՂՀ հակամարտության ներկա վիճակի եւ տարբեր կառույցների կողմից առաջարկվող լուծման տարբերակների մասին:

ԼՂՀ ներկայացուցիչը Բոխում էր եկել Գերմանահայոց կենտրոնական խորհրդի եւ «Հայ Ակադեմիակաների միություն-1860» կազմակերպությունների հրավերով:

Գերմանիայում այսօր ապրում է մոտ 60 հազար հայ, սակայն ԼՂՀ ներկայացուցիչը համոզված է, որ սա այն դեպքն է, երբ որակն ավելի կարեւոր է, քան` քանակը:

«Համայնքի ցանկացած անդամ կարող է օգտագործել իր կապերը գերմանական կառույցների ու ազդեցիկ մարդկանց հետ` ուժեղացնելու համար հայկական լոբբին Գերմանիայում:

«Մենք որոշեցինք ավելացնել ԼՂՀ հակամարտության մասին քննարկումների ու հանդիպումների քանակը գերմանական սփյուռքի հետ, քանի որ Գերմանիան այսօր մեծ հետաքրքրություն է ներկայացնում իր ակտիվ քաղաքականությամբ Անդրկովկասում եւ ընդհանրապես հետսովետական երկրներում: Գերմանիան այսօր նաեւ մեծ ազդեցություն ունի Եվրամիության կողմից ընդունված որոշումների վրա» ,- ասել է Հարություն Գրիգորյանը, ով Գերմանիայում ԼՂՀ ներկայացուցիչ է նշանակվել 2010 թ-ի մայիսի 31-ից:

«Մենք նաեւ մեծ տեղ ենք հատկացնում եվրոպական երկրների հետ տնտեսական համագործակցության խթանմանը: Աշխատում ենք, որ շատ ներդրումներ արվեն Արցախում: Արտասահմանցի գործարարների մոտ Արցախը դեռեւս ասոցացվում է պատերազմական տարածքի հետ, որն անվտանգ չէ բիզնեսի համար: Մենք պետք է փորձենք փոխել այս մտածելակերպն արտասահմանում» ,- համոզմունք է հայտնել Հ. Գրիգորյանը:  

Ինչ վերաբերում է ԼՂ խնդրի լուծմանը, Հարություն Գրիգորյանը նշել է. «ՀՀ նախագահի դիրքորոշումը հիմա այն է, որ մենք ոչ մի բան չենք ստորագրի, մինչեւ Ադրբեջանը չճանաչի ԼՂՀ կարգավիճակը: Դրանից հետո ԼՂՀ-ն կընդգրկվի որպես բանակցային կողմ, նոր միայն կսկսեն քննարկվել այլ հարցեր»:

Հյուրերի ելույթները բուռն քննարկումներ են առաջացրել ներկաների շարքերում, ում ամենից շատ հետաքրքրում էր, թե ինչպես են ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պայքարելու ադրբեջանական եւ թուրքական քարոզչության դեմ, թե կոնկրետ ինչ գործողություններ են ակնկալում իշխանությունները սփյուռքում ապրող հայերից:

Սրան ի պատասխան` Հ. Գրիգորյանն ասաց, որ դիվանագիտական օղակներն անսահման հզորություններ չունեն եւ կան իրավիճակներ, երբ դեսպանատներն ու դիվանագետները պաշտոնապես իրավունք չունեն դիմել այլ երկրի իշխանություններին կամ խառնվել որեւէ հարցի, մինչդեռ սփյուռքում ապրող հայերից շատերն արդեն այդ երկրների քաղաքացիներ են եւ կարող են դիմել, ասենք, Գերմանիային որպես այդ երկրի քաղաքացի, այլ ոչ թե փոքրամասնության ներկայացուցիչ: 

ԼՂՀ հակամարտության թեման ընդգրկված կլինի նաեւ դեկտեմբերի 17-19-ին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի կողմից կազմակերպված Ֆրանկֆուրտում անցկացվող գերմանահայ երիտասարդության ամենամյա հավաքում, որտեղ Հարություն Գրիգորյանը նույնպես ներկա կլինի:

NEWS.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4