January 28, 2022

«Առանց ԼՂՀ իշխանությունների մասնակցության որևէ հիմնարար փաստաթուղթ չի կարող ստորագրվել».«Աստանայում ուղղակի հերթական հանդիպում կկայանան, որի ընթացքում հազիվ թե ԼՂՀ-ի վերաբերյալ որևէ հիմնարար փաստաթուղթ ստորագրվի:

Թեկուզ չեմ բացառում այն բանի հավանականությունը, որ մարդասիրական բնույթի հայտարարություն կընդունվի կամ հակամարտ կողմերի շփման գծից դիպուկահարների հեռացման մասին որևէ համաձայնություն ձեռք բերվի»,- անդրադառնալով Աստանայում կայանալիք գագաթաժողովին՝ Panorama.am-ին հայտնեց ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը:

Նրա խոսքերով՝ Ղարաբաղյան կողմը ողջունել էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների աստրախանյան հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնությունը՝ գերիների և դիակների վերադարձման առնչությամբ:

«Մենք ակնկալում ենք, որ կողմերի հանդիպման ժամանակ Աստանայում հումանիտար բնույթի համաձայնություններ ձեռք կբերվեն, սակայն հիմնարար փաստաթղթի ստորագրում չենք ակնկալում, որովհետև առանց ԼՂՀ իշխանությունների մասնակցությամբ, ստորագրությամբ ցանկացած փաստաթուղթ, ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ որպես թուղթ է մնալու և ոչ ավելի:

Արցախյան կողմի համար ցանկալի կլիներ, եթե Աստանայում համաձայնություն ձեռք բերվեր Արցախի՝ բանակցային սեղան վերադառնալու հարցում: Դրանից հետո նոր հնարավոր եմ համարում որևէ փաստաթղթի ստորագրումը»,- ասաց Ա. Թովմասյանը:

Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկություններին, թե Աստանայում երկու շրջանների վերադարձման հարց է քննարկվելու՝ Ա. Թովմասյանը նշեց. «Նման խոսակցություններին պետք չէ հավատալ: Նման բան չի կարող լինել»:

Նրա համոզմամբ՝ Արցախի հիմնախնդիրը կլուծվի միայն այն ժամանակ, երբ երկու ժողովուրդների միջև փոխվստահության դաշտ ստեղծվի, իսկ այսօր այդ փոխվաստահությունը չկա:

«ԼՂՀ-ն ողջունում է ԵԱՀԿ հովանո ներքո կազմակերպվող նման միջոցառումներն ու դրա շրջանակներում ընթացող բանակցությունները, սակայն այդ հանդիպումներից միայն մարդասիրական բնույթի լուծումներ ենք ակնկալում: Նպատակահարմար կլիներ, որ շփման գծից դիպուկահարների դուրս բերման հարցով ինչ-որ որոշում ընդունվեր, քանի որ մինչև այժմ շփման գծում մարդիկ են սպանվում: Ադրբեջանը վերջապես պետք է հասկանա, որ մարդը մեծագույն արժեք է և չպետք է մարդկային գործոնը չարամիտ նպատակներով օգտագործել»,- ասաց ԼՂՀ պաշտոնյան:

Նա համոզմունք հայտնեց, որ առանց ԼՂՀ իշխանությունների մասնակցության որևէ հիմնարար փաստաթուղթ չի կարող ստորագրվել: «Ես համոզված եմ, որ դա գիտակցում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներն ու անձամբ Ադրբեջանի նախագահը»,- ասաց Ա. Սաֆարյանը: 
 

 Panorama.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4