November 29, 2023

Նամակ Շվեդիայի վարչապետին

Նամակ Շվեդիայի վարչապետին

Հարգելի պրն Ֆրեդրիկ Ռայնֆելդ,

Ավելի քան տասը տարի քննարկումներից եւ առաջարկություններից հետո, վերջապես Շվեդիայի Ռիգսդագը 1915 թ. հայերի, ասորիների եւ պոնտացի հույների դեմ կատարված ջարդերը որակեց որպես Ցեղասպանություն: Տուժված ազգերը եւ ժողովրդավարության ջատագովներն ամբողջ աշխարհում խանդավառությամբ ընդունեցին այս լուրը: Մենք հայերս սպասում էինք, որ աշխարհի ամենից ժողովրդավար երկրներից մեկի` Շվեդիայի վարչապետը, բնականաբար պաշտպան պիտի կանգներ արդարության, ժողովրդավարության եւ խաղաղաության համար տարվող պայքարին, սակայն ցավոք` Ձեր դիրքորքշումը հուսադրող չեղավ մեզ համար: Հատկապես զարմանքի տեղիք տվեց, երբ տեղեկացանք, որ Շվեդիայի վարչապետը, հեռախոսազրույցի ընթացքում, Թուրքիայի վարչապետին իր ափսոսանքն է հայտնել կատարվածի վերաբերյալ: Մինչեւ անգամ թուրքական լրատվությունները հաղորդեցին, որ Շվեդիայի վարչապետը ներողություն խնդրել Էրդողանից:

Կիրակի, մարտի 14-ին, Դուք ռադիոյից հայտարարեցիք, որ կառավարությունը քննարկում է Ռիգսդագի որոշումը եւ Ձեր վարչապետության օրոք կառավարությունը չի հետեւելու Ռիքսդագի Ցեղասպանության ճանաչման այս որոշմանը:

Հարգելի պրն վարչապետ,

Մարդու իրավունքների պաշտպանության կարեւորությունը հասկանալու համար հարկավոր է սովորել պատմությունից: Պատմության մեջ, առաջին ցեղասպանությունը 1915 թ., կատարվեց հայերի նկատմամբ` առաջին համաշխարհային պատերազմի վերջին տարիներին Արեւմտյան Հայաստանում, ներկայիս Թուրքիայի արեւելյան տարածքում:

ՙԵրիտթուրքերի հիմնական ռազմական նպատակն էր Օսմանյան Թուրքիայի եւ Կովկասյան ու Միջին Ասիայի թուրքերի միավորումը: Պլանավորված այս պանթուրքական կայսրության Ճիշտ կենտրոնում, որպես երկնակամարում հայտնված անհեթեթ ամոթանք` ընկած էր Հայկական բարձրավանդակը, ուր բարվոք բնակվում էին ավելի քան երկու միլիոն ոչ թուրք քրիստոնյաներ: Նրանք խոչնդոտ էին եւ անհրաժեշտ էր, որ պատշաճ կերպով ու հարմար առիթով վերացնել նրանց՚: (David Marshal Lang, ՙՏարագիր ժողովուրդ՚ գրքից):

Երիտթուրքերը հիմք դրեցին ռասիստական մի քաղաքականության, որը հետագայում օգտագործվեց Ադոլֆ Հիտլերի կողմից: Նացիստները սովորեցին եւ ներշնչվեցին երիտթուրքերից, սակայն իրենց դաժանությամբ չկարողացան գերազանցել նրանց: Փաստվել է բազմիցս, որ առաջին ցեղասպանության ուրացումն ու չդատապարտումը ճակատագրական եղավ ողջ մարդկության համար: ՙԵս հրամայել եմ իմ` մահվան միավորներին, որ առանց խղճահարության եւ կարեկցանքի վերացնեն լեհախոս ցեղի մարդկանց, կանանց եւ երեխաներին: Միայն այդ եղանակով կարող ենք ապահովել մեզ համար կենսական նշանակություն ունեցող կենսատարացքը: Ո±վ է այսօր հիշում հայերի բնաջնջումը՚ (հատված Հիտլերի ճառից, 22 օգոստոսի, 1939 թ., Լեհաստան ներխուժելու առիթով) (Klas-GՓran Karlssonի ՙՀայաստանն Արարատից մինչեւ Լեռնային Ղարաբաղ՚ գրքից):

Ամեն տարի, ապրիլի 24ին, հայերն ամբողջ աշխարհում ոգեկոչում են նահատակների հիշատակը: Այս տարի Ցեղասպանության 95ամյակն է նշվում, մինչդեռ Թուրքիան 95 տարի հետո էլ դեռ շարունակում է ժխտել Ցեղասպանության իրագործումը:

Այսօր էլ Թուրքիայի վարչապետն սպառնում է արտաքսել 100 հազար հայերի, ինչը հիշեցնում է նույն քաղաքականությունը, որ վարում էին երիտթուրքերը, երբ ոչնչացնում էին հայերին եւ Թուրքիայում այլ ապրող այլ ժողովուրդներին:

Մենք այն կարծիքին ենք, որ հայերի, ասորիների եւ պոնտացի հույների դեմ կատարված ցեղասպանությունը ոչ միայն պատմաբաններին է վերաբերում, այլ նաեւ քաղաքական գործիչներին եւ, առավել եւս, Շվեդիայի վարչապետին:

Եթե մինչեւ օրս ոչ մի շվեդ վարչապետ Ցեղասպանությունը ճանաչող ոչ մի որոշում չի ընդունել` նշանակում է, որ կայացրել է ամենաբարձր կարգի քաղաքական որոշում, որը վերաբերում է ոչ միայն աշխարհով մեկ ցրված հայերին,ասորիներին եւ պոնտացի հույներին, այլեւ մեծ թվով շվեդ քաղաքացիների, ովքեր հանդիսանում են զոհերի վերապրած հարազատները:

Հարգելի վարչապետ,

Եվրոպական պառլամենտը, Միացյալ ազգերի կոմիսիոնը, ավելի քան քսան երկրների պառլամենտներն ու կառավարությունները, ինչպես նաեւ բազմաթիվ միջազգային հաստատություններ ճանաչել են հայերի եւ այլոց դեմ կատարված ցեղասպանությունը: Նրանք նաեւ հորդորել են Թուրքիային եւս ճանաչելու Ցեղասպանությունը եւ հատուցել զոհերին իր նախորդների կատարած ոճրագործության համար:

Վերջին հորդորը եղավ 2010 թ. մարտին Շվեդիայի Գերագույն որոշիչ մարմնի` Ռիգսդագի կողմից: Հատկանշական է, որ իշխանական թեւից դեմ արտահայտվող ոչ մի խոսնակ չժխտեց ցեղասպանությունը հաստատող փաստերի լիարժեքությունը: Դա ապացուցում է, որ շվեդ ժողովուրդը տեղեկացված է Ցեղասպանության մասին եւ պատրաստ է արդարության, ժողովրդավարության եւ մարդկային իրավունքներին ի խնդիր հստակ վերաբերմունք որդեգրելու:

Երբ 1915 թ. Ցեղասպանության ճանաչման որոշումը 2006 թ. Ռիգսդագի օրակարգում էր, վարչապետը նույնպես շատ հստակ պաշտպանում էր Թուրքիայում կատարված Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը:

ՙ Կարելի է քաղաքական գործիչների կողմից պատմությունը գրելու ճիշտ կամ սխալ լինելու վերաբերյալ վիճարկել, սակայն Շվեդիայի Ռիգսդագի կողմից Ցեղասպանության ճանաչումը, առավել եւս, դժվարացրեց Թուրքիայի պաշտոնական հերքողական քաղաքականության շարունակությունը: Դրանից բացի, Ռիգսդագի որոշումը, անուղղակի մատնանշում է, թե որքան անհարմար է եվրոպական ժամանակակից երկրի համար, ինչպես Թուրքիան է, իր մեջքին կրել ցեղասպան Օսմանական ռեժիմի պատմությունը: Ռիգսդագի որոշումը հանգուցվում է պարզ այն ընդհանուր ճշմարտության հետ, ըստ որի հաշտեցման յուրաքանչյուր պրոցես պետք է նախ սկսի բոլոր ներգրավված կողմերի Ցեղասպանության ճանաչմամբ՚ ,- գրում է պատմաբանության պրոֆեսոր Քլաս Յորան Կարլսոնը:

Մեր սպասելիքն է, որ Շվեդիայի վարչապետը պաշտպան կանգնի այն կողմին, որը կորցրել է կյանք, հարստություն, մշակույթ ու զրկվել է խաղաղ ապրելու իրավունքից մի երկրում, ուր նրա պապերը հազարավոր տարիներ, նախքան նոր տերերի կողմից բռնագրավումը, ապրել ու գոյատեւել են:

Վարչապետն ու արտգործնախարար Կառլ Բիլդը մտահոգ են, որ ճշմարտության ճանաչումը եւ արդարության համար պայքարը նոր նյութ է մատակարարելու ոչ դեմոկրատ ուժերին, սակայն արդեն նկատելի է նոր, առավել հեռանկարային մի պատկեր: Այժմ ավելի բարձրագոչ են լսվում այն ձայները, որ պահանջում են փոփոխություն Թուրքիայի պաշտոնական հերքողական քաղաքականության մեջ եւ պահանջում են ճանաչել 1915 թ. Հայոց Ցեղասպանությունը, ինչն այսօր անում են նաեւ Թուրքիայի բարեկամ Շվեդիան ու Միացյալ Նահանգները:

Իշխանամետ թուրքական ՙԶաման՚ թերթը գրում է, որ Թուրքիան մեղադրում է բոլորին, բացի իրենից: Միեւնույն ժամանակ ՙՀուրիեթ՚ը գրում է անմիտ ու անհեռանկար այն քաղաքականության մասին, որով սպառնում են պատժել այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը: Պաշտոնյաներին հորդորվում է պաշտոնական ՙհերքողական հեքիաթների՚ փոխարեն սկսել արխիվների նկատմամբ խորհրդակցություն: Բազմաթիվ այլ թրքական թերթեր եւ խմբագրություններ եւս տպագրում են համանման հոդվածներ:

Ցեղասպանության 95ամյակի առիթով, ապրիլի 24ին, առաջին անգամ Ստամբուլում տեղի ունեցան լուռ ցույցեր: Անկարայում, ապրիլի 24ին տեղի ունեցավ Ցեղասպանության, Ցեղասպանության հերքման եւ հակամարտությունների մասին կոնֆերանս, որին մասնակցում էր նաեւ շվեդ պրոֆեսոր, պատմաբան Դեյվիդ Գաունթը:

Շվեդիայի կառավարությանը հարկավոր է, որ հետեւի Ռիգսդագի որոշմանը եւ պաշտպան կանգնի Թուրքիայում այն դրական ուժերին, որոնք ունեն ճիշտը սխալից զանազանելու կարելիությունը:

Ավելի քան 17 տարի է, որ Թուրքիան սահմանները փակելով բլոկադայի է ենթարկել Հայաստանի Հանրապետությունը: Հաշտեցման պրոցեսների ձգձգման պատճառն առաջին հերթին այն է, որ Թուրքիան փորձում է անընդունելի նախապայմաններ թելադրել եւ Հայաստանից պահանջել մոռանալու Ցեղասպանությունն ու Ցեղասպանության ճանաչման պահանջը, քանի որ Թուրքիայի պատմությունն ըստ Թուրքիայի վարչապետի ՙպարզ ու մաքուր՚ է ինչպես ՙերկինքը՚:

ՙԵվրոպայի Հայերի Համագումար՚ը հավատում է Շվեդիային եւ մեծ սպասելիքներ ունի, որ Շվեդիան կշարունակի աշխարհում կատարել իր ունեցած կարեւոր դերակատարությունը` սատարելով օժանդակության անհրաժեշտություն ունեցողների իրավունքները:

Հարգելի վարչապետ,

Եվրոպայում ավելի քան մեկ միլիոն հայեր, ինչպես նաեւ շվեդահայեր, սպասելիք ունեն, որ Եվրոպական երկրներն ու Շվեդիան սատար կկանգնեն Հայաստանին եւ նրա ժողովրդին, որովհետեւ նրանք այժմ խիստ ճնշումների են ենթարկվում իրենց հարեւան երկրների` Թուրքիայի եւ Ազրբեջանի կողմից, որոք պահանջում են ամեն ինչ, փոխարենը չզիջելով ոչինչ: Հաշտեցման վերջին պրոցեսի ձախողումն այդ է վկայում:

Մենք չենք կասկածում, որ Շվեդիան իր ներդրումը կունենա նաեւ զույգ երկրներում տարվող ժողովրդավարականացման պրոցեսների գործին:

Եվրոպայի Հայերի Համագումար (Assembly of Armenians of Europe)

Նախագահ Կարո Հակոբյան

E-mail: Garo.Hakopian@aaeurop.com

Mobil: +46 707 258593

հգ. Նամակի պատճենը ուղարկվում է մամուլին.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4