September 25, 2023

Հայակործանո՞ւմ, թե՞ հայապահպանում. ինչո՞վ է զբաղված ՀՅԴ-ն Իրանում

Թեմական խորհուրդն Իրանում փորձում է վաճառել նաեւ Ռոստոմ աղջկական դպրոցը

Ապրիլի 28-ին, Թեհրանի Հայոց Ազգային Ռոստոմ աղջկական դպրոցի Ծնողական խորհրդի պահանջով և ԹՀԹ Կրթական խորհրդի նախաձեռնությամբ, նույն դպրոցի դահլիճում կայացել է հանդիպում, ուր ներկա են եղել Կրթական խորհրդի նախագահ Հրայր Շահնազարյանն ու խորհրդի անդամներից 3-ը, դպրոցի Ծնողական խորհրդի անդամները, ուսուցիչները ու աշակերտության ծնողների մեծամասնությունը, ինչպես նաեւ Տ. Մաշտոց քհն. Խաչատրյանը: Բացակա են եղել քաղաքամասի պատգամավորները:
Հանդիպման ընթացքում Հ. Շահնազարյանը փորձել է բացատրել, թե ինչու է ֆինանսական առումով շահավավետ Թեհրանի կենտրոնում գտնվող Ռոստոմ դպրոցի փակումն ու Սահակյան հայկական դպրոցի տեղափոխումը Ռոստոմ կրթական հաստատության շենք:

Ըստ պարոն Շահնազարյանի, քաղաքամասի հայ բնակչության նոսրացման հետևանքով աշակերտության թիվը պակասել է, ուստի դպրոցի պահպանումը հավելյալ ծախս է պահանջում:

Նման քայլ իրականացնելով նրանք նպատակ ունեն Ռոստոմ և Արաքս աղջկական դպրոցները մեկտեղել եւ կրճատել ծախսերը, այսպիսով էլ բարձրացնելով նաեւ կրթական մակարդակը:

Նա պնդում է նաեւ, որ Սահակյան դպրոցը 600 աշակերտ կարող է ընդունել, սակայն այժմ ունի մոտ 120 աշակերտ, իսկ այն փակելով կլինի մեկտեղում, որն էլ կբերի ծախսերի խնայողության, հասկացնելով, որ փակվելու է նաեւ Սահակյան մեծ դպրոցը:

Շահնազարյանի զեկույցը բուռն ընդվզում է առաջացրել ներկաների մոտ, որոնք բողոքել են` չհամաձայնվելով նրա բացատրությունների հետ:

Ներկաները բերել են մի քանի փաստարկներ. նրանք հիշեցրել են վերջերս մոտ 40 միլիարդ ռիալով (4 միլիոն ԱՄՆ դոլար) Արամ սրահի վաճառման մասին, երբ գործարքն արդարացնելու համար իբրեւ պատճառ հայտարարվել էր, որ այդ վաճառքը նպատակ ունի «ազգային իշխանության» գործունեության ֆինանսական բացը ծածկելու, ուստի անհիմն է նոր ֆինանսական բացի եւ դժվարությունների մասին խոսակցությունները:

Նրանք նշել են նաեւ, որ իրանահայ համայնքն ունի բազում կալվածքներ, որոնց շահութաբեր օգտագործման համար Թեմական խորհուրդը լուրջ ծրագրեր չի մշակում, իսկ մեծ թվով կալվածներ էլ անվճար տրամադրվել են որոշակի անհատների (նշվել են կոնկրետ անուններ):

Ներկաները շեշտել են նաեւ, որ, եթե Թեմական խորհուրդը նպատակադրվել է ազգային կալվածները մեկ առ մեկ վաճառել և զանգվածային արտագաղթ կազմակերպել, ապա ավելի լավ է այդ մասին հայտարարի բացեիբաց:

Այնուհետեւ ներկաները պահանջել են, որ Շահնազարյանի փոխարեն ներկայանան Թեմական խորհրդի անդամները, որոնց բացակայությունը համայնքի համար այս լուրջ խնդրի քննարկումից` որակվել է անհասկանալի և անբարոյական քայլ:

Ծնողներն իրենց մտահոգությունն են հայտնել նաև Սահակյան դպրոցի կալվածքի ապագա ճակատագրի խնդրով: Մի քանի ծնող առարկելով և հակազդելով, որ դպրոցների մեկ առ մեկ փակման հետեւանքով այլեւս իրենց զավակներին չեն կարող հեռու դպրոցներ ուղարկել` ասել են, որ պատրաստվում են իրենց երեխաներին գրանցել պարսկական դպրոցներում, եւ իրենց այս քայլի ամբողջական պատասխանատվությունը կընկնի Թեմական եւ Կրթական խորհրդների վրա:

Շահնազարյանը տեսնելով ծնողների բուռն հակազդեցությունը` նահանջել է իր նախնական դիրքից եւ ասել, որ ֆինանսականն առաջնային խնդիր չէ, հավելելով, թե Ռոստոմ դպրոցի աշակերտությանը ձրի երթևեկության հնարավորություն կտրամադրվի, որն ավելի է զայրացրել ծնողներին:

Ծնողներից մեկը հիշեցրել է, որ Սահակյան դպրոցի փակման ժամանակ նույնպես նման խոստում էր տրվել, որը, սակայն, երբեք չի գործադրվել: Շահնազարյանը հանդարտեցնելու համար ներկաներին ասել է, որ դպրոցի վաճառման ծրագիրը կարելի է վերանայել:

Որոշ լուրերի համաձայն, ծնողները պատրաստվում են Պատգամավորական ժողովի մայիսի 4-ի նիստին, որպեսզի բողոքարկեն Ռոստոմ դպրոցի փակման ծրագրի դեմ: Նրանք պայմանավորվել են նաեւ գալիք շաբաթ օրը խորհրդակցական հանդիպում անցկացնել և կազմակերպել ստորագրահավաք:

Անահիտ Մարտիրոսյան
Թեհրան, 30.04.2010

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4