
«Ազատությունը երբեք կամավոր չի տրվում ճնշողի կողմից. այն պետք է նվաճեն ճնշվածները». այս և այլ խորագրեր կրող պաստառներ ու լուսանկարներ այսօր հայտնվել էին «Սիրահարների այգում»:
Այստեղ բացվել էր «Իրավունքը նվաճվու´մ է» ֆոտոցուցահանդեսը, որտեղ հեղինակները ներկայացրել էին խոսքի ազատության և մի շարք այլ իրավունքների սահմանափակմանը վերաբերող մոտ 70 լուսանկարներ:
«Տրված իրավունք գոյություն չունի, այն պետք է նվաճել և սա վերաբերում է նաև խոսքի ազատությանը, ահա այս իմաստն է , որ փորձել ենք վեր հանել` ցուցահանդեսը կազմակերպելիս».- «Ա1+»-ին ասաց կազմակերպիչ «ՄԻԺԻ» հ/կ-ի նախագահ Արփինե Գալֆայանը:
Նրա խոսքերով` ցուցահանդեսը կազմակերպվել է կամավորների ջանքերով և նպատակ ունի խրախուսել քաղաքական ակտիվիստներին:
Ի դեպ, զրույցի ժամանակ մեր նկարահանող խմբին մոտեցած զբոսայգու պահակը թույլ չտվեց շարունակել նկարահանումները, մինչ հեռախոսազանգի միջոցով տնօրինությունից չպարզեց, թե արդյո՞ք «Ա1+»-ին կարելի է նկարահանումներ կատարել:
Ցուցահանդեսին ներկայացվեց նաև բացօթյա քաղաքացիական թատրոն` «Քաոսից դեպի ժողովրդավարություն» վերնագրով:
a1plus.am
Leave a Reply