
ԼՈՆԴԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ս. թ. մայիսի 6-ին Մեծ Բրիտանիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններում առաջին անգամ իրենց թեկնածությունն են առաջադրել 3 հայազգի թեկնածուներ` Հրաչ Քութարջյանը, Քեթերինա Առաքելյանը, Հաթթի Աջդերյանը. երեքն էլ ներկայացված են իշխող Լեյբորիստական կուսակցությունից: Այս մասին հաղորդում է «Մարմարան»:
Մեծ Բրիտանիայում ընտրություններն անցկացվում են 4 տարին մեկ անգամ: Առաջիկա քվեարկությամբ բրիտանացիներն ընտրելու են իրենց 650 պատգամավորներին: Խորհրդարանական մանդատների համար պայքարող երեք հիմնական կուսակցությունները` Լեյբորիստները, Պահպանողականներն ու Լիբերալ-դեմոկրատները, արդեն մի քանի շաբաթ եթերում ու եթերից դուրս բանավիճում են երկրի համար հրատապ թեմաների շուրջ:
Հայազգի կին թեկնածու Քեթրին Առաքելյանն արդեն 8 տարի լեյբորիստական կուսակցության անդամ է, այս տարի առաջին անգամ նրան հնարավորություն է տրվել փորձել ուժերը խորհրդարանական ընտրապայքարում: Նրա ուշադրության կենտրոնում հատկապես տարեցներին վերաբերող հարցերն են: Քեթրինը վերջերս է սկսել հայերեն սովորել, Հայաստանում չի եղել ու Հայաստանի քաղաքական-տնտեսական վիճակի մասին քիչ բան գիտի, սակայն հույս ունի, որ մի օր հայ-թուրքական սահմանը կբացվի եւ ինքը կկարողանա մեքենայով ազատ գալ Հայաստան: Նրա մորական պապը Արեմտյան Հայաստանից է:
Իր ընտանիքի մասին Քեթրինը պատմում է. «Առաքելյան ազգանունը իրականում կորսված էր: Իմ նախնիները Ստամբուլից փախել են 1915-ին, նրանք այստեղ հասել են մի նավի մեջ թաքնված, եւ Անգլիայում ապրելու համար հրաժարվել են իրենց հայկական ազգանուններից: Երբ ես 22 տարեկան էի, որոշեցի հորս բրիտանական ազգանունը փոխարինել մորս իրական հայկական ազգանվամբ»:
photo by freefoto.com
Leave a Reply