January 17, 2021

Կփակվի՞ հայկական դպրոցը

Թեհրանի Հայոց Ազգային «Ռոստոմ» աղջկական դպրոցը փակման վտանգի առաջ է:

Դպրոցի սաները եթե տեղափոխվեն պարսկական դպրոց, ապա դրանում որպես մեղավոր ծնողները տեսնում են Թեմական եւ Կրթական խորհրդներին:

Թեհրանի Հայոց Ազգային «Ռոստոմ» աղջկական դպրոցի ծնողական խորհրդի պահանջով եւ ԹՀԹ Կրթական խորհրդի նախաձեռնությամբ երկու օր առաջ դպրոցում կայացել է հանդիպում:

Հանդիպման ընթացքում Կրթական խորհրդի նախագահ Հրայր Շահնազարյանը բացատրել է ծնողներին, թե ինչու է ֆինանսական առումով շահավետ Թեհրանի կենտրոնում գտնվող «Ռոստոմ» դպրոցի ‎փակումն ու Սահակյան հայկական դպրոցի տեղափոխումը «Ռոստոմ» կրթական հաստատության շենք: Ըստ պարոն Շահնազարյանի, քաղաքամասի հայ բնակչության նոսրացման հետեւանքով աշակերտության թիվը պակասել է, ուստի դպրոցի պահպանումը հավելյալ ծախս է պահանջում:

Սակայն Շահնազարյանի զեկույցը բուռն ընդվզում է առաջացրել ներկաների մոտ, ովքեր հիշեցրել են վերջերս մոտ 40 միլիարդ ռիալով (4 միլիոն ԱՄՆ դոլար) «Արամ» սրահի վաճառման մասին, երբ գործարքն արդարացնելու համար իբրեւ պատճառ հայտարարվել էր, որ այդ վաճառքը նպատակ ունի «ազգային իշխանության» գործունեության ֆինանսական բացը ծածկել:

Ներկաները շեշտել են նաեւ, որ, եթե Թեմական խորհուրդը նպատակադրվել է ազգային կալվածները մեկ առ մեկ վաճառել եւ զանգվածային արտագաղթ կազմակերպել, ապա ավելի լավ է այդ մասին հայտարարի բացեիբաց:

Որոշ լուրերի համաձայն` ծնողները պատրաստվում են Պատգամավորական ժողովի մայիսի 4-ի նիստին, որպեսզի բողոքարկեն «Ռոստոմ» դպրոցի փակման ծրագրի դեմ:

Նրանք պայմանավորվել են նաեւ գալիք շաբաթ օրը խորհրդակցական հանդիպում անցկացնել եւ կազմակերպել ստորագրահավաք:

Տեղեկատվությունը «Ա1+»-ին տրամադրել է «Հայաստան» լրատուն:

a1plus.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4