September 18, 2021

ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՈՒՆՏ

Կիրգիզիայում տեղի ունեցած իրադարձություններն արդյոք դաս են Հայաստանի համար: Այդ թեմայով ապրիլի 29-ին քննարկում է տեղի ունեցել Ռազմավարական եւ Ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում, որի հիմնական բանախոսներն են եղել կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը, ավագ փորձագետ Մանվել Սարգսյանն ու ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի փորձագետ Գրիգորի Միխալսկին: Միխալսկին հայտարարել է, թե դատելով այն բռնություններից, որ տեղի ունեցան, եւ դատելով իրավիճակի զարգացման անկանխատեսելիությունից, դժվար է Կիրգիզիայում տեղի ունեցածը համարել հեղափոխություն: Միխալսկին նկատել է, թե գիտական տեսանկյունից հարցը հստակ է, թե արդյոք այդ իրադարձությունները դաս են Հայաստանի համար: Բայց միեւնույն ժամանակ, նա նշել է, թե շատ զգույշ կլիներ ընդհանրական եզրակացություններ անելուց:

ՌԱՀՀԿ ավագ փորձագետ Մանվել Սարգսյանը նշել է, թե Կիրգիզիայում տեղի ունեցածը պետության եւ հասարակության համակարգերի փլուզում էր, դրա համար էլ այն անհանգստացրեց ԱՊՀ բոլոր երկրների, այդ թվում Հայաստանի իշխանություններին: Մանվել Սարգսյանը կարծում է, որ աշխարհում տեղի ունեցող դինամիկ վերափոխումներն առանձին երկրների պետական համակարգերի կանգնեցնում են փլուզման վտանգի առաջ: Նա միեւնույն ժամանակ նկատել է, թե որեւէ երկիր հնարավոր չէ փլուզել, “ոչ ոք չի կարող փլուզել, եթե այդ երկիրը ինքը չի հասել փլուզման եզրին”:

Մանվել Սարգսյանը նշել է նաեւ, թե իշխանությունը Հայաստանում շատ սխալ է անում, երբ ուրախանում է, թե հասարակությունը հիասթափվել է ընդդիմությունից: Փորձագետի խոսքով, եթե հասարակությունը դադարեց հավատալ ու վստահել որեւէ քաղաքական ուժի, ապա դա հանգեցնելու է բունտային հեռանկարի մեծացմանը, իսկ բունտն արդեն չի ծառայում որեւէ քաղաքական նպատակի, չի ենթարկվում որեւէ քաղաքական ուժի, ու քաղաքական ուժերին չվստահելու հանգամանքը հենց կարող է օգտագործվել ինչ որ ուժի կողմից հենց բունտի նպատակով, ինչը չի բխում երկրի շահից:

Մանվել Սարգսյանը նշել է, թե Հայաստանի իշխանությունը որեւէ քայլ չի անում երկրում համակարգային ժողովրդավարական բարեփոխումների միջոցով հանրային դժգոհությունը հաղթահարելու համար, այլ ապավինում է արտաքին գործոններին: Մանվել Սարգսյանը միեւնույն ժամանակ նկատել է, որ Հայաստանի իշխանական համակարգը, ի տարբերություն կիգիզականի, օլիգարխիկ պայմանավորվածությունների վրա է հիմնված ու դրանով ավելի ամուր ու վերահսկելի է, քան կիրգիզականը: Դա, ըստ Մանվել Սարգսյանի, Հայաստանում ապահովում է որոշակի կայունություն եւ զսպում է հանրային ակտիվությունը:

Մյուս գործոնը, որ զսպում է այդ ակտիվությունը, ըստ Մանվել Սարգսյանի, վախն է արտաքին վտանգից, որ իշխանությունը հանրությանը ամեն պահի կարող է ներշնչել իր մոնոպոլ քարոզչամեքենայի միջոցով: Թե ուր կհասցնի այդ անտարբերությունը, Մանվել Սարգսյանը դժվարանում է ասել, նկատելով սակայն, թե անտարբերությունից բունտ հեռու չէ:

Նա նկատում է նաեւ, որ համաշխարհային ֆոնին տեղի ունեցող կիրգիզական եւ այլ գործընթացները հուշում են, որ կա երկրներում ընդդիմության դերի բարձրացման միտում, եւ այդ դերը պետության զարգացման եւ իրավիճակի պատասխանատվության առումով հավասարվում է իշխանական էլիտայի դերին: Ըստ Մանվել Սարգսյանի, դա դիտարկման արժանի նկատառում է:

lragir.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4