September 23, 2021

Վրաց-ադրբեջանական կոնֆեդերացիա չի լինի, երկու երկրների միջև լուրջ խնդիրներ կան. փորձագետ

«Վրաց-ադրբեջանական կոնֆեդերացիայի ստեղծման մասին հայտարարությունների մեջ հետաքրքրականը Ադրբեջանի լռությունն է»,- այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Վահե Սարգսյանը` անդրադառնալով Վրաստանից հնչող վրաց-ադրբեջանական կոնֆեդերացիայի մասին հայտարարություններին։

Փորձագետն այն կարծիքին է, որ այդ հարցի շուրջ Ադրբեջանի լռությունն աննպատակ չէ` Ադրբեջանը, ըստ նրա, Վրաստանում ունի ազդեցության բոլոր լծակները, հետևաբար նրան անհրաժեշտ չէ կոնֆեդերացիա ստեղծել։ «1996թ. էլ Շևարդնաձեն հանդես եկավ նման եռակողմ կոնֆեդերացիա ստեղծելու հայտարարությամբ՝ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան մակարդակով։ Այսպիսի հայտարարություններն արվում են հայտարարությունների համար` գուցե կենացների քաղցրությունից»,- հայտարարեց Վահե Սարգսյանը։

«Չնայած Սաակաշվիլին և Վրաստանի կառավարությունը խոսում են վրաց-ադրբեջանական կոնֆեդերացիայի մասին, նրանց միջև այնպիսի լուրջ խնդիրներ կան, որ կարող են վերածվել հակամարտության»,- իր հերթին հայտարարեց «Միտք» վերլուծական կենտրոնի տնօրեն, փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։ Քաղաքագետի խոսքով՝ վրաց-ադրբեջանական խնդիրներից են բազմաթիվ սահմանային չճշտված հարցերը, ինչպես նաև միջպետական խնդիրները, որի վերջին օրինակն այն է, որ Վրաստանը չի կարողանում դեսպան նշանակել Ադրբեջանում։ Ադրբեջանում Վրաստանի նոր դեսպանին Վրաստանի խորհրդարանը հաստատել է այս տարվա փետրվարին, բայց մինչև այսօր Ադրբեջանը չի պատասխանել, թե արդյո՞ք համաձայն է այդ նշանակմանը։

«Հարցերը, որոնք կարող է Ադրբեջանը բարձրացնել Թբիլիսիի առջև, իսկապես շատ են»,- ասաց կենտրոնի ղեկավարը` միաժամանակ բացառելով վրաց-ադրբեջանական դաշինքի ստեղծման հնարավորությունը։ Շարունակելով` քաղաքագետը նշեց, որ տարածաշրջանում կազմավորվել են թուրք-ադրբեջանական, ռուս-հայկական համագործակցային դաշինքներ, և այժմ Վրաստանը դաշնակցի փնտրտուքի մեջ է։ Վրաստանի մղումները դեպի ՆԱՏՕ Սահակաշվիլիի ոչ ադեկվատ քաղաքականության պատճառով անհանջողությամբ պսակվեցին, և այժմ, Մելիք-Շահնազարյանի համոզմամբ, ոչ մեկը չի ցանկանում պատասխանատու լինել Վրաստանի համար։ Այդուհանդերձ, ըստ քաղաքագետի, եթե վրաց-ադրբեջանական կոնֆեդերացիան կազմավորվի, «Վրաստանը կհայտնվի Հայաստանի համար թշնամի երկրների շարքում»։

Խնդրի վերաբերյալ փորձագետ Վահե Սագրսյանը ուշագրավ համեմատություն արեց` ընդգծելով, թե Ադրբեջանն ու Հայաստանը Վրաստանի հարավային ոտքերն են և նա պետք է երկու ոտքերի վրա հավասարապես քայլի, հակառակ դեպքում` նախապատվությունը տալով որևէ մեկին, Վրաստանը կգլորվի։

Tert.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4