September 23, 2021

ՀՀ ՊՆ-ն զառանցանք է որակում Սաբիրօղլուի հայտարարությունը` ռուսական ռազմակայանի վերաբերյալ

Պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրությունը

Որոշ լրատվամիջոցներում վերջին օրերին բուռն քննարկումներ են ծավալվել Հայաստանում ռուսական ռազմակայանի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ստորագրված արձանագրության շուրջ: Տարբեր տրամաչափի գործիչներ և մեկնաբաններ, ներկայացնելով իրենց կարծիքները, նշում են, թե դրանով խախտվում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, վտանգվում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացը: Իսկ հայ-ռուսական արձանագրության ադրբեջանական արձագանքները ուղղակի հիվանդագին են:

Օրերս նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար Է. Սաբիրօղլուն: Մեկնաբանելով ստորագրված արձանագրությունը` Սաբիրօղլուն իրեն իրավունք է վերապահել հայտարարել, թե «Հայաստանն այլևս չի կարող հանդես գալ որպես անկախ պետություն»:

Նման որակումներն ուղղակի հարևան երկրի ՊՆ մամուլի խոսնակի հերթական զառանցանքն են, անգրագիտության և բթամտության դրսևորման ձև են, ուրիշ ոչինչ:

Պարզ է, թե ինչու է Հայաստանի տարածքում տեղակայված ռազմակայանի գործունեության երկարաձգման և գործառույթների ընդլայնման հայ-ռուսական արձանագրության ստորագրումը հավասարակշռությունից հանել Ադրբեջանին. այս պայմանագիրը ռազմական առումով ապահովում է ուժերի հավասարակշռությունը տարածաշրջանում, առավել ամրացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում, կանխում է հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսման հնարավորությունը, անիմաստ է դարձնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ներքին սպառման համար պարբերաբար հնչեցվող ռազմատենչ հայտարարությունները:

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարին և որոշ լրատվամիջոցներին հարկ ենք համարում հիշեցնել, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերն է, և ստորագրված փաստաթուղթը համապատասխանում է երկու ինքնիշխան պետությունների ռազմավարական հետաքրքրություններին, բխում է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդման շահերից: Ինչ վերաբերում է ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորությանը, ապա հայկական բանակը ամուր կանգնած է մեր պետության սահմաններին և պատրաստ է ցանկացած պահի դիմագրավելու և արժանի հակահարված տալու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ազգային անվտանգության դեմ ուղղված ցանկացած ոտնձգության:

hetq.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4