October 25, 2021

«ՀԱՅՈՐԴԻՆԵՐ» ՍԿԱՈՒՏԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԱՐՑԱԽՈՒՄ-ՌՈՒԲԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆ, Սկաուտական ավագ խմբապետ, Թեհրան-2006 եւ 2008 թվականների օգոստոսին Թեհրանի հայ մարզամշակութային «ՐաՖՖի»

համալիրի սկաուտական բաժանմունքն իր տարեկան ընդհանուր բանակումները անցկացրեց Արցախի Ասկերանի շրջանում եւ Շուշիում: Նրա հետ համագործակցում էր Արցախի «Հայկի սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, որի նախաձեռնությամբ արցախցի մի խումբ երեխաներ նույնպես մասնակցեցին այդ երկու սկաուտական բանակումներին եւ ծանոթացան սկաուտիզմին: «Հայկի սերունդ» երիտասարդական կազմակերպությունը նպատակադրվեց իր կազմակերպությանը կից ստեղծել Արցախի սկաուտական շարժում: Նրա ջանքերի շնորհիվ 2010 թվականի օգոստոսի 3-10 կազմակերպվեց Արցախի առաջին սկաուտական ընդհանուր բանակումը, որի իրականացմամբ էլ Արցախում հիմնադրվեց սկաուտական շարժում` «Հայորդիներ» անվամբ :

«Հայկի սերնդին» օժանդակելու նպատակով բանակավայր Շուշի էին մեկնել Թեհրանից` սկաուտական ավագ խմբապետ Ռուբիկ Սարդարյանը, սկաուտական առաջնորդներ Հուսինե ՍաՖարյանը, Լիլիթ Սարդարյանն ու սկաուտական տիկնիկային թատրոնի պատասխանատու տիկ. Սուսաննա Համբարչյանը, Երեւանից` Հայկական բարեգործական ընդհանուր միության սկաուտական բաժանմունքի հինգհոգանոց կազմը (սկաուտական խորհրդի անդամներ Մինաս Լեւոնյանն ու Սաթենիկ Էլոյանը, սկաուտական ընդհանուր խմբապետ Գեւորգ Սիմոնյանը, շարքային սկաուտներ Սվետա Գյոզալյանն ու Ասիա Բաղդոյանը): Երեւանից բանակումին մասնակցում էին նաեւ «Միասին» երիտասարդական շարժման եւ Հանրապետական կուսակցության ուսխորհուրդներից հինգական ներկայացուցիչներ:

Բանակումին մասնակցող սկսնակ սկաուտները եկել էին Ստեփանակերտից, Շուշիից, Մարտակերտից, Շահումյանից եւ Քաշաթաղից: Բանակումի ընդհանուր պատասխանատուն էր եղբայր Արամ Հարութունյանը, որը նաեւ «Հայկի սերունդ» երիտասարդական կազմակերպության նորաստեղծ սկաուտական բաժանմունքի սկաուտապետն է: Նրա հետ համագործակցում էին սկսնակ պատասխանատուներ Տաթեւիկ Ավագյանը, Տիգրան Իշխանյանը, Նարինե Աղալյանը, Անուշ Աղամալյանը, Տիգրան Մաղաքելյանը, Անուշ Ղազարյանը, Արսեն Գաբրիելյանը, Արեւիկ Դանիելյանը, Բեկո Սողոմոնյանը եւ Գոռ Գրիգորյանը: Բանակումի նշանաբանն էրՙ «Ուղին ճշմարիտ է, երբ հայրենիք է բերում»: Բանակումի ընթացքում ՀԲԸՄ-ի եւ Թեհրանի սկաուտները աշխատեցին իրենց սկաուտական փորձը փոխանցել նորաստեղծ սկաուտական պատասխանատուներին ու սկաուտներին, դասընթացների մեծամասնությունը սկաուտական գիտելիքների փոխանցման բնույթ էին կրում, կազմակերպվում էին գիշերային պահակություն, սկաուտական խաղեր ու ռազմահայրենասիրական դասընթացներ:

Բանակումի փակման արարողությանը մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, արձակագիր, հրապարակախոս, ազգային գործիչ Զորի Բալայանը, ԼՂՀ կրթության եւ մշակույթի ու երիտասարդության հարցերի նախարարները, ՀՀ եւ Արցախի բանակի ներկայացուցիչներ եւ պետական այլ այրեր: Պրն նախագահը դրական է գնահատել սկաուտական շարժման հիմնադրումը «Հայկի սերունդ» կազմակերպության կողմից եւ կարեւորել է այն մատաղ սերնդի դաստիարակության գործում: Փակման արարողության ընթացքում ելույթներով հանդես եկան «Հայկի սերունդ» երիտասարդական կազմակերպության նախագահ Արմինե Պետրոսյանը, արձակագիր Զորի Բալայանը եւ սկաուտապետ Արամ Հարութունյանը: Իսկ «Հայորդիներ» սկաուտական շարժման սկիզբը օրհնեց Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Մինչ այժմ Հայաստանի եւ Արցախի պետական այրերը սկաուտական աշխատանքներին ծանոթ չլինելու կամ այլ պատճառներով չէին կարողացել կարեւորել սկաուտիզմի դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում, սակայն այժմ կարելի է նշել, որ այս հարցում բացառություն է կազմում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, որի հովանու ներքո իրականացվեց այս բանակումը, որով հիմնադրվեց սկաուտիզմը Արցախում: Հուսով ենքՙ մոտ ապագայում ականատես կլինենք Արցախի սկաուտական շարժման դրական արգասիքներին: Կարծես թե այս հարցում Արցախը օրինակ պետք է ծառայի Հայաստանի համար, եւ ՀՀ պաշտոնական այրերը նույնպես, կարեւորելով սկաուտիզմի դերը առողջ եւ սրտացավ քաղաքացի դաստիարակելու գործում, զարկ տան սկաուտական աշխատանքների զարգացմանը Հայաստանում:

Սկաուտական աշխատանքները ոչ կուսակցական եւ ոչ պետական բնույթ ունեցող աշխատանքներ են, սակայն քանի որ պետությանն օժանդակող կազմակերպություն է եւ երկրի համար դրական մի աշխատանք է կատարում, անհրաժեշտ է պետության օժանդակությունը այս հարցում: Սկաուտական աշխատանքների կարեւորագույն մասը շաբաթական ծրագրված աշխատանքներն են, որոնք պետք է տարվեն բացօթյա եւ փակ սրահներում կամ սենյակներում: Այս տարածքների տրամադրումը կարող են հոգալ պետական տարբեր հաստատություններ եւ օգնեն հատկապես սկսնակներին, սկաուտական ուղին հարթելու գործում: Բարի երթ «Հայորդիներ» սկաուտական շարժմանը:

azg.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4