
Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ բնակչության դեմ Էթնիկ զտում եւ ցեղասպանություն է իրականացնում:
Միջազգային հանրությանը եւ միջազգային լրատվամիջոցներին կոչ ենք անում ճնշում բանեցնել ՄԱԿ-ի անդամ պետությունների՝ հատկապես Անվտանգության Խորհրդի մշտական անդամների գործադիր իշխանությունների վրա՝ անհապաղ գործնական միջոցներ ձեռնարկել՝ կանխելու եւ խափանելու Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայ բնակչությանը սովամահ անելու, էթնիկ զտման եւ ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի Ալիեւյան ոճրագործ կլանի ծրագրերը:
Լեռնային Ղարաբաղում մնացած 120 000 հայ բնակչությունը միջնադարյան եղանակներով պաշարված է ու Եվրոպայի շեմին՝ 21-րդ դարում վերածվել է համակենտրոնացման ճամբարի: Հայաստանի ու աշխարհի հետ կապը կտրված է, քանի որ աշխարհի հետ կյանքի նրանց միակ կապը՝ Լաչինի միջանցքը արդեն շուրջ 8 ամիս է փակ է եւ հակառակ միջազգային մարդասիրական կառույցների եւ միջազգային դատարանի հորդորներին եւ որոշումներին Ադրբեջանի Ալիեւյան կլանը անտեսելով միջազգային հումանիտար բոլոր օրենքները ծրագրել է էթնիկ զտում եւ ցեղասպանություն կատարել: Նա ասում է կամ հլու հնազանդ գերու կարգավիճակում կենթարկվեք ինձ, եւ ես ինչպես ուզեմ կվարվեմ ձեզ հետ, կամ ձեզ սովամահ կանեմ եւ կստիպեմ թողնել ձեր տունն ու տեղը եւ հեռանալ այստեղից:
Միջազգային անհերքելի նորմ է, որ մարդասիրական խնդիրնեը չեն կարող օգտագործվել որպես մահակ 120 հազար մարդու իրավունքները ճնշելու համար:
Տեղին է մեջբերել Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին, ով Ադրբեջանի հերքման ի պատասխան կրկին պնդել է իր նախկին հայտարարությունը ՝ «Լաչինի միջանցքը պիտի բացվի, հակառակ դեպքում Ղարաբաղի հայերին ցեղասպանություն է սպառնում»։
Նա նշել է, որ «Եվրամիության անդամները, Միացյալ Նահանգները, Ռուսաստանը պարտավորություն ունեն կանխել ցեղասպանությունը, դա է հիմնական հարցը։ Մենք պետք է բացենք այս միջանցքը ոչ թե բանակցային գործընթացի պատճառով, այլ որովհետև սա ցեղասպանություն է։ Եվ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը չպետք է ընկրկեն Ադրբեջանի նախագահի առաջ։ Իլհամ Ալիևը պետք է հասկանա, որ չի կարող ցեղասպանություն գործել՝ բանակցություններ պարտադրելու համար»:
Չորեքշաբթի օգոստոսի 16-ին, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստում Հայաստանի Հանրապետության Արտգործնախարարը հայտարարեց, որ «Լաչինի միջանցքը համաձայնեցվել է որպես Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կապող օղակ և չունի այլընտրանք։ Լաչինի միջանցքը պետք է բացվի, իսկ ինչ վերաբերում է այլ հնարավոր հաղորդակցություններին, դա պետք է լուծվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի շրջանակներում եւ չնայած բոլոր կոչերին, 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին, Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտավորեցնող որոշումներին, իրավիճակը չի բարելավվել։ Հակառակը, Ադրբեջանն աստիճանաբար, բայց հետևողականորեն սրել է շրջափակումը՝ ընդհուպ մինչև Լեռնային Ղարաբաղի լիակատար պաշարում»։
Այս հակամարդկային ծրագրի անմիջական պաշտպանն է Թուրքիան, ով 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կատարած Օսմանյան թուրքիայի իրավահաջորդն է եւ այսօր էլ փոխարեն ընդունելու եւ զղջալու՝ անվերապահ աջակցում է Ադրբեջանին եւ նրա ձեռքով իրագործում իր հեռավոր պանթուրքական ծրագրերը:
Այս գործում իր խաղաղապահ զորախմբով մեղսակից է նաեւ Ռուսաստանը, , ով կամա թե ակամա հանդուժում եւ իր ստանձնած պարտավորությունների եւ Հայաստանի շահերի հաշվին զիջումներ է անում եւ հանցակից գործակցություն է ցուցաբերում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Արեւմուտքը հանձինս ԱՄՆ-ի եւ Եվրոմիության՝ ճիշտ է, հորդորում եւ պահանջում են բացել Լաչինի միջանցքը, սակայն միջազգային հանրության, իրենց սեփական ժողովրդի եւ ողջ աշխարհի առջեւ հայտարարած եւ որդեգրած համամարդկային արժեքների եւ իրավունքների հակառակ՝ իրենց անգործությամբ խրախուսում են Ադրբեջանին:
Այդ իսկ պատճառով «Լաչինի միջանցքը բացելու՝ միջազգային համայնքի կոչը շարունակում է անարձագանք մնալ, մինչդեռ տեղում հումանիտար իրավիճակը օր-օրի սրվում է, Հայաստանի ուղարկած հումանիտար բեռը դեռ Սյունիքում է, իսկ գյուղանտեսական աշխատանքներ կատարող արցախցիները հայտնվում են ադրբեջանցիների կրակահերթի տակ՝ զրկվելով իրենց ցանած ցորենը հնձելու հնարավորությունից»:
Այսպիսով եւս հիմնավորվում է եւ փաստվում միջազգային փորձագետների կողմից առաջ քաշվող թեզը, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայությանը սովահարության միջոցով ցեղասպանության է ենթարկում, հետևաբար՝ Լաչինի միջանցքի բացումը ցեղասպանության կանխարգելմանն ուղղված քայլ պետք է դիտակել:
ՄԱԿ.ի Անվտանգության խորհրդում արծարծված մտքերը հաստատում են որ Ադրբեջանը իր թեզերը հիմնել եւ հիմնում է բացարձակ ստի, կեղծիքի վրա եւ պարզ ասած խաբում է թե իր ժողովրդին եւ թե աշխարհին: Մի խոսքով իր երկրի համար նոր ու կեղծ պատմություն է հորինում, ամեն առիթով ի լուր աշխարհի հայտարարում է թե նույնիսկ Երեւանը Ադրբեջանական քաղաք է եւ Հայաստան անունով երկիր գոյություն չումի:
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հայությունը արդեն 30 տարուց ավել է ինչ ազատագրել են իրենց հայրենիքը: Ապրել ու ապրում են իրենց որդեգրած իշխանության օրենքներով՝ շատ ու շատ ավելի ազատություններով եւ իրավունքներով, քան Ադրբեջանում, ուր իր սեփական ժողովուրդն է զրկված իր տարրական իրավունքներից: Ուստի Արցախի համար անմարդկային եւ անընդունելի է ստիպել համակերպվել նոր ազատազրկման եւ գերության:
Միջազգային իրավունքի համաձայն, իրավաբանորեն եւս Արցախը երբեք էլ Ադրբեջանի Հանրապետության մաս չի կազմել, որ հիմա կազմի: 1920- ական թվականներին Ազգերի Լիգան Արցախը ճանաչել է Հայաստանի անբաժանելի մաս: Սովետական Միության փլուզումով Արցախը նույնպես հայտարարեց իր անկախությունը: Ադրբեջանը իրեն համարում է 1918 թվականի Ադրբեջանական հանրապետության իրավահաջորդը, եւ ոչ թե Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը, ուստի եւ Լեռնային Ղարաբաղը չի եղել եւ չի կարող լինել Ադրբեջանի Հանրապետության մաս, այն էլ առանց որեւէ կարգավիճակի՝ թողած Ալիեւի քմահաճույքին:
Ցավալի է նշել, որ Խորհրդային Միության փլուզման շրջանում ողջ աշխարհը քաջալերում եւ պաշտպանում էր Արցախահայության ինքնորոշման իրավունքը, իսկ հետո երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, մոռացվեց նաեւ Արցախահայության իրավունքները եւ այսօր այդ
շահադիտական քաղաքականության հետեւանքով դամոկլյան սրի տակ զոհասեղանին է դրված մի ողջ ժողովրդի կյանքը եւ իր հայրենիքում ազատ ապրելու եւ ստեղծագործելու իրավունքը:
Բոլոր այս հարցերը, հատկապես հումանիտար հարցերը ակնհայտորեն պետք է լուծվեն միջազգային հանրության վճռական միջամտությամբ:
Միջազգային հանրությունից, միջազգային լրատվություններից եւ բոլոր կառույցներին հորդորում եւ պահանջում ենք հանուն մարդկային անքակտելի իրավունքների, հանուն միջազգայնորեն հաստատված բոլոր օրենքների, իրենց ձայնը բարձրացնեն այնպես, որ աշխարհի բախտը որոշողները աշխարհում թույլ չտան նոր ցեղասպանություններ:
Քանի դեռ ուշ չէ, հարկավոր է խոսքից անցնել գործի:
Եվրոպայի Հայերի Համագումար
2023 օգոստոս 22
Ուփսալա Շվեդիա
Leave a Reply