October 2, 2023

Պայքարենք մեր պետականության, Արցախի ազատության  եւ  իրավունքների համար.

Անընդունելի եւ դատապարտելի ենք համարում արդարությունը եւ մեր իրավունքները անտեսող բոլոր ուժերի՝ այդ թվում Արցախահայության նկատմամբ  ԱՄՆ Պետդեպարտեմենտի անակնկալ վերջին հայտարարությունը:

Գլխապտույտ արագությամբ Հայաստանի Հանրապետության եւ Արցախի շուրջ դեպքերը զարգանում են եւ  ստանում  օրհասական բնույթ:

Հայության ազգային եւ պետական շահերը պաշտպանելու համար հարկավոր է պայքարել միասնական ճակատով: Աշխարհաքաղաքական ներկա անկայուն պայմաններում, ինչպես նաեւ 44 օրյա պատերազմի արհավիրքից հետո Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում անհրաժեշտություններից ելնելով, ստեղծվել է այնպիսի վիճակ, որը հայկական երեք միավորումներին ստիպում է որդեգրել տարբեր մարտավարություն: Սակայն նպատակը եւ ռազմավարությունը պիտի լինի մեկը եւ նույնը: Հայաստանը եւ Արցախը այսօր անասելի ճնշումների տակ են: Հայաստանաբնակ մեր հայրենակիցները եւ իշխանությունները ելնելով առարկայական իրականություններից կարող են միջազգային ասպարեզում վարել կաշկանդված դիվանագիտություն, ինչը դյուրեկան չէ, սակայն միտված է չեզոքացնելու մեր պետականությունը վտանգող՝  թշնամու շարունակական ցեղասպանական  գործողությունները: Արցախի իշխանությունները եւ ժողովուրդը, ինչպես նաեւ Սփյուռքը պարտավոր չեն ընդունել կամ որդեգրել նույն մարտավարությունը: Ընդհակառակը նրանք պիտի առավել հանդուգն, անկաշկանդ եւ միասնական պայքարեն պահպանելու եւ զարգացնելու Արցախահայության  անվտանգութունն ու ազատ ապրելու իրավունքը: Այս պարզ ճշմարտությունը չիմացողները կամա թե ակամա ջուր են լցնում թշնամու ջրաղացին:

Պայքարի հիմնական սլաքները պիտի ուղղել Ալիեւյան եւ Էրդոգանական զույգերի հակահայ քաղաքականության, եւ ոչ թե Հայաստանի իշխանությունների դեմ, ինչը անկասկած միջազգային ասպարեզում թուլացնում է հայկական առանց այն էլ ոչ ուժեղ դիրքերը:  Իշխանություններին կարելի է քննադատել խստագույն կերպով, բայց ո’չ երկիրը քաոսի վերածելու եւ  պետականության հիմքերը քանդելու գնով:

Մենք հավատացած ենք, որ հայ ժողովուրդը ունի ներքին այն պոտենցիալ ուժը եւ կարողությունը, որով հնարավոր է դիմակայել բոլոր տեսակի արհավիրքներին եւ հայության համար կերտել հուսալի ու վառ ապագայով հայրենիք, դա կախված է առաջին հերթին միայն եւ միայն մեզանից ու մեր կամքից:

 Երբ ուժեղ ենք ու միակամ, դրսից շատերը կաջակցեն, իսկ երբ թույլ ենք ու բաժան բաժան, մեզ կհոշոտեն:

Հայ ժողովուրդը, հատկապես սփյուռքում, անվերապահ պիտի աջակցի միջազգային հանրության հայանպաստ ջանքերին, միեւնույն ժամանակ անընդունելի համարի եւ դատապարտի բոլոր այն գործողությունները եւ  քաղաքականությունը, որ նրանք կարող են վարել Հայաստանի ու Արցախի դեմ: Եվրոպայի հայերի համագումարը երկրորդում է Հայաստանի Հանրապետության ԱԳ-նի եւ Արցախի իշխանությունների բողոքի հայտարարությունը Միացյալ Նահանգների Դեպարտեմենտի վերջին հայտարարությանը, որը ողջունում է ցեղասպան Ալիեւի այսպես կոչված «համաներման» կոչը:

Եվրոպայի հայերի համագումարի համար անընդունելի եւ դատապարտելի են բոլոր նման հայտարարությունները եւ մոտեցումները՝ լինեն դրանք արեւելքից թե արեւմուտքից, հարավից թե՝ հյուսիսից:

Եվրոպայի հայերի համագումար

Հունիս 3, 2023 Շվեդիա

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4