
Մայիսի 9-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի ունեցավ Սփյուռքի հտ կապերի Գլխավոր
Հանձնակատար Պր. Զարեհ Սինանյանի հետ հանդիպում: Եվրոպայի հայերի համագումարը ողջունում
է Գլխավոր Հանձնակատարի այցելությունները համայնքներ, որովհետեւ ամենալավ առիթն է հարցերը
միասին քննարկելու, ելքեր գտնելու եւ ծրագրեր մշակելու համար:Ներկաները մեծ ուշադրությամբ
լսեցին Պր. Սինանյանի ելույթը, այնուհետ, երկար, եղան հարցեր եւ քննարկումներ:
Հանդիպումը խանգարելու եւ խափանելու նպատակով փողոցային խուլիգաններին վայել վարքագծով,
մի քանի, այսպես կոչված «հերոսներ», որոնց քաջությունը ի հայտ է գալիս միայն անվտանգ եւ ազատ
միջավայրերում, եւ ովքեր ցավոք զուրկ են տրամաբանական մտքից եւ տարրական
դաստիարակությունից, սրահում վայնասուն բարձրացրին եւ գռեհիկ բառապաշարով անհաջող
կերպով աշխատեցին խանգարել հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցում էին համայնքի հասարակական եւ մշակութային գործիչները եւ
կառույցների ներկայացուցիչները՝ թվով շուրջ 70 հոգի, որոնցից միայն 4-ն էին խանգարիչները, իսկ մի
քանիսն էլ նստել էին սրահի անկյուններում եւ նկարահանում էին այն, ինչ իրենց դյուր էր գալիս:
Այս անմիտ միջադեպին չէինք անդրադառնա, եթե դրանից հետո չլիներ նույն հակազգային ուժերի եւ մի
մաս ծախու լրատվամիջոցների կեղծ ու մանիպյուլատիվ հայտարարությունները, ինչպես նաեւ
համայնքի անունից սուտ եւ դույզն անգամ ճշմարտություն չունեցող արտահայտությունները, ինչը
կարելի է անվանել «փոթորիկ մի բաժակ ջրի մեջ»:
Եվրոպայի հայերի համագումարը ամենայն խստությամբ դատապարտում է նման անմիտ եւ
հակազգային երեւույթները, ինչը հանդիսանում է Սփյուռքի միասնականությանության ճանապարհին
ամենամեծ արգելքներից մեկը: Բնական է մարդիկ ունեն տարբեր կարծիքներ եւ մոտեցումներ եւ առիթ
պիտի ունենան դրանք արծարծելու, քննելու, ծրագրեր մշակելու եւ այլն: Սակայն անընդունելի եւ
դատապարտելի են բոլոր այն քայլերը եւ երեւույթները, որոնք միտված են ջլատելու, մարդկանց մեջ
անտարբերություն սերմանելու եւ համայնքները քայքայելու համար:
Այդ հանդիպման ընթացքին Եվրոպայի հայերի համագումարի Գերմանիայի վարչական բաժնի
անդամներից՝ ամենայն պատասխանատվությամբ փորձեցին հանգստացնել նրանց, սակայն,
ընդհակառակը, սադրիչները եւ պատվեր կատարողները սկսեցին իրենց գռեհկությունը ցուցադրել՝
հանգստացնողների հասցեին վիրավորանքներ շպրտելով: Հարցը փակվեց ոստիկանների
միջամտությամբ, որոնք խանգարիչներին դուրս հրավիրեցին:
Եվրոպայի հայերի համագումարը կոչ է անում Սփյուռքի մեր հայրենակիցներին չտարվել
սադրանքների, չլսել «բաժակաճառային հայրենասերների» սին ու խաբուսիկ խոսքերին, համախմբվել,
կազմակերպվել եւ պաշտպան կանգնել մեր պետականությանը, մեր ինքնիշխանությանը եւ մեր
իրավունքներին: Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարին եւ բոլոր աշխատակիցներին հայտնում ենք մեր
զորակցությունը եւ պատրաստ ենք միասին աշխատելու Հայաստանի Հանրապետության հզորացման
եւ զարգացման համար:
Եվրոպայի հայերի համագումար
10 մայիս 2023, Շվեդիա
Leave a Reply