June 7, 2023

Հայաստանը 44–օրյա պատերազմից մեկ տարի հետո

Նոյեմբերի 9–ին լրանում է թուրք–ադրբեջանական եւ ահաբեկչական վարձկանների կողմից Հայաստանի Հանրապետության եւ Արցախի դեմ սանձազերծած 44–օրյա պատերազմի մեկ տարին:

Արհավիրքներով լի այս պատերազմի հետեւանքով զոհվեցին հազարավոր հերոս զինվորներ, քաջարի հայորդիներ: Անհավասար պատերազմում հայ ժողովուրդը միայնակ դեմ կանգնեց ավազակաբարո պետությունների ու ահաբեկչական հորդաների ագրեսիային եւ կրեց մարդկային ու տարածքային անասելի կորուստներ:

Անցնող մեկ տարվա ընթացքում ողջ հայ ժողովուրդը՝ Հայաստանում, թե Սփյուռքում, մեծ ջանքեր գործադրեց վերացնելու պատերազմի թողած սարսափելի հետեւանքները եւ փորձում է նաև հաղթահարել դեռ չլուծված ներքին ու արտաքին բազմաթիվ մարտահրավերներ:

Մեզ այսօր օդի ու ջրի պես հարկավոր է երկրի ներսում տնտեսական, հասարակական եւ քաղաքական կայունություն, քանզի միայն կայուն քաղաքական միջավայրում է հնարավոր թշնամու դեմ կայուն  եւ հեռանկարային դիմադրություն:

Ներքին բոլոր խնդիրները պետք է լուծվեն քաղաքակիրթ եղանակով,  քաղաքական երկխոսությամբ՝ թույլ չտալով որ ներքին հակասությունները վտանգեն եւ թուլացնեն արտաքին ճակատի դիմակայությունը:

Ներքին ու արտաքին բոլոր տեսակի մարտահրավերները դիմակայելու համար անհրաժեշտ է ողջ հայ ժողովրդի համերաշխությունը և միասնական ճակատով պետականության անվտանգության և գոյատևման գաղափարի շուրջ համախմբվածությունը:

Ցավոք չունենք խորհրդարանական առողջ ընդդիմություն, այլ ռեւանշիստական քայքայիչ խմբավորումներ, որոնց համար անօրեն հարստության եւ նեղ անձնական ու խմբակային շահերի պահպանումը ավելի վեր է քան հայրենիքի պաշտպանությունն ու զարգացումը: Այս ուժերը չարաշահելով ժողովրդի ազգային զգացումները  այժմ էլ գործում են ազգի ու այն ամենի դեմ ինչը ազգային է:

 Յուրաքանչյուր պետության մեջ իսկական ընդդիմադիր ուժերը նրանք են, ովքեր անձնական ու խմբակային շահերից վեր, երկրի անվտանգությունը, ապագան ու զարգացումը աչքի առջեւ ունենալով՝ իշխանություններին քննադատությամբ հանդերձ, իրենց կառուցողական առաջարկներով արտաքին թշնամիների դեմ դուրս են գալիս մեկ ճակատով:

Ընդդիմությունը իրավունք ունի կատարելու իրեն վերապահված պարտականությունները եւ ազատ գործունեությունը, սակայն իրավունք չունի օրենքին եւ օրինականությանը դեմ գնալու եւ փողոցային խժդժություններ հրահրելու:
իշխանությունները պարտավոր են ժողովրդի կողմից իրենց տրված երկաթյա մուրճը օրենքի ողջ խստությամբ ժամանակին իջեցնելու բոլոր այն ուժերի  գլխին ովքեր կհանդգնեն անտեսելու ժողովրդի ընտրությունների արդյունքը եւ կշարունակեն ջուր լցնել թշնամու ջրաղացին եւ ծառայություն մատուցել թշնամուն:

Կոչ ենք անում սփյուռքի մեր եղբայրներին եւ քույրերին անտարբեր չգտնվել եւ իրենց հուժկու միահամուռ  ձայնով դատապարտելու եւ չեզոքացնելու սփյուռքի հատ ու կենտ համայնքներում հայտնի ուժերի հակապետական քայքայիչ գործունեությունը:

Հանուն իր ինքնության եւ հանուն Հայաստանի հզորացման՝ հարկավոր է, որ Սփյուռքը դառնա հզոր եւ կենսունակ ուժ: Բավական է բաժան–բաժան գործունեությունը, միավորվել է պետք: Հավաքական միասնական ուժի հզորությունը գիտակցել է պետք:

Հարկավոր է լինել զգոն, հանդես գալ միասնական մեկ ճակատով եւ այդպիսով ապահովել երկրի ու հայ ժողովրդի ներկայի ու ապագա ժամանակների անվտանգությունը եւ հարատեւումը: Այդպիսով միայն կարող ենք հաղթահարել բոլոր խոչընդոտությունները, հետ բերել  մեր կորցրած իրավունքները եւ քայլել դեպի լուսավոր ապագա:

Եվրոպայի հայերի համագումար

7 նոյեմբեր 2021

Շվեդիա

contact@aaeurop.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4