
Վերջին մի քանի օրերի ընթացքում Հայ–իրանական եւ իրանա– ադրբեջանական հարաբերություններում նկատելի է բուռն եւ աննախադեպ զարգացումները:
Թե’ հայրենիքում եւ թե’ սփյուռքում մեզ բոլորիցս պահանջվում է հարցի նկատմամբ միասնական եւ լուրջ մոտեցում:
Եվրոպայի հայերի համագումարը նախանձախնդիր մեր հայրենիքի եւ մեր պետականության ամրապնդման եւ հզորացման՝ իր խոր վրդովմունքն է արտահայտում թավիշի արդյունքում բանտի փոխարեն Ազգային Ժողովում հայտնված քոչարյանա–սերժա–դաշնակցական կոալիցիայի որդեգրած հակապետական, հակազգային քաղաքականության առթիվ: Այս ուժերը Ազգային Ժողովում հայտնվելով, ոչ միայն նպատակ չունեն ծրագիր ներկայացնելու եւ քաղաքական գործունեություն ծավալելու, այլ ընդհակառակը առավել սանձարձակ ու բացահայտ գլուխ են բարձրացրել եւ կացնահարում են պետության հիմքերը:
Ցավալի է, որ 20 տարի երկրի նախագահական աթոռը զբաղեցրած այս երկու վայ նախագահները եւ 130 տարի ազգ ու անկախություն գոռացող դաշնակցական լիդերները ամեն գնով իշխանության հասնելու եւ իրենց անձնական եւ խմբակային նեղ շահերը եւ թալանածը պահելու համար պատրաստ են կասեցնելու երկրի զարգացման ընթացքը եւ ադրբեջանա–թուրքական ագրեսիայի այս կրիտիկական պահին՝ կրկին անգամ երկիրը ներքաշելու խռովությունների եւ անկայունության քաոսի մեջ:
Նոր իշխանությունների նկատմամբ սրանց անձնական ատելությունը հասել է այնպիսի անասելի մակարդակի, որ պատրաստ են իրենց կեղծ ու ստահոդ հայտարարություններով իրանական իշխանություններին եւ գրեթե բոլորին դրդել՝ գործելու Հայաստանի կենսական շահերի դեմ: Այն պարագային երբ Վարչապետը հայտարարում է, որ Հայաստանի իշխանությունները երբեք Իրանի դեմ դավադրությունների մեջ չեն մտել ու չեն մտնելու, ՀՅԴ բյուրոյի վերջին հայտարարությունը եւ դրանց տարածումը հայտնի լրատվամիջոցների եւ որոշակի խմբավորումների միջոցով նպատակ ունեն Իրանին դրդելու Հայաստանի դեմ:
Հատկապես դատապարտելի է այն քաղաքականությունը, որ դաշնակցության վերին օղակները հատկապես սփյուռքի որոշ համայնքներում ամեն գնով եւ շարունակաբար Իրանական, ինչպես նաեւ զանազան շրջանակներում եւ երկրներում տարածում են կեղծ եւ ստահոդ լուրեր եւ լուրջ վտանգի են ենթարկում ոչ միայն հայ–իրանական բարեկամական հարաբերությունները, այլ նաեւ օտարի աչքին նսեմացնում եւ արժեզրկում են Հայաստանն ու նրա պետականությունը: Նման քայլերը ներում չունեն եւ չեն մոռացվելու հայ ժողովրդի կողմից:
Ազատ եւ մրցակցային մթնոլորտում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ոչ մի քաղաքական ուժ իրավունք չունի բռնության կոչերով եւ երկիրը քաոսի վերածելու գնով թուլացնել պետականության հիմքերը եւ հասնել իշխանության: Նման անհեռանկար եւ արկածախնդրական քայլերը ներկա պայմաններում հավասարազոր են դավաճանության եւ արտաքին թշնամու հետ գործակցության, ուստի եւ պիտի ստանան իրենց արժանի պատասխանը եւ պատիժը:
Քոչարյանի համար Հայաստանի անկախությունը արժեք չէ, եւ կարելի է սակարկել. Սերժ Սարգսյանի համար կարեւոր է մանկական հոխորտանքը եւ հիմար ու անիմաստ մտքերը, իսկ դաշնակցության համար ստորաքարշությունը դարձել է ռազմավարություն: Ափսոս են այն երիտասարդ անդամները եւ համակիրները, ովքեր հավատալով այս վայ ղեկավարների կեղծ հայրենասիրությանն ու կոկորդիլոսի արցունքներին՝ սիրահոժար կատարում են նրանց հակազգային ամեն մի հրահանգ եւ ցանկություն:
Կոչ ենք անում մեր սփյուռքի հայրենակիցներին, ինչպես միշտ զգոն լինել եւ չհավատալ նման ստահոդ լուրերին եւ ամենուր դեմ դուրս գալ եւ դատապարտել սփյուռքը բաժան–բաժան անող կեղծ հայրենասերներին եւ ապազգային «ազգայիններին»:
Նոր ժամանակները պահանջում են նոր լուծումներ: Եվրոպայի հայերի համագումարը իր կարելիությունների սահմաններում աշխատել ու աշխատում է, որ սփյուռքը իր բազմազանությամբ հանդերձ, հայրենիքի անվտանգության եւ հայրենիքին համակողմանի ծառայելու ուղղությամբ դառնա միակուռ, հզոր եւ միասնական:
Կեցցե Հայաստանը, կեցցե հայ ժողովուրդը
Եվրոպայի հայերի համագումար
8 հոկտեմբեր 2021
Շվեդիա
Leave a Reply