
Բռնատիրական երկրներում ժողովուրդը հնարավորություն չունի իր բողոքի ձայնը բարձրացնելու, քանի որ համատարած վախի մթնոլորտում պատասխանը բիրտ ճնշումն է, բանտերը եւ կախաղանները:
Հայաստանի պարագան 180 աստիճանով տարբեր է: Այստեղ տիրում է լիակատար ազատություն, ես կասեի հանձինս դատաիրավական քմահաճ եւ քաոսային համակարգի՝ թալանիչների ու հինգերորդ շարասյան դերը կատարող բազմաթիվ ուժերի համար անպատժելիության եւ թողտվությունների եզակի միջավայր:
Պատերազմի ընթացքում, եւ պատերազմից հետո, վեց երկար ամիսներ ընդդիմություն կոչված 17 թիվը կրող «փրկիչները» կեղծ ազգային լոզունգների ներքո գործի դրին իրենց ողջ նյութական, լրատվական , քաղաքական եւ մարդկային խուլիգանական ռեսուրսները՝ բռնազավթելու իշխանությունը եւ քանդելու պետության հիմքերը: Սակայն նրանց չհաջողվեց: Պատճառը մեկն է. նոր իշխանությունների նկատմամբ արդարացի եւ ոչ արդարացի ընդհանրական քննադատությունների եւ պատերազմի ահավոր հետեւանքների հակառակ՝ ժողովուրդը չգնաց այս հակապետական, հետադիմական, կոռումպացված եւ երկիրը թալանած հների ետեւից, ուստի այդ հակազգային շարժումը ունեցավ անփառունակ վախճան: Սրանք իհարկե չվերացան, սակայն ցավոք դասեր էլ չքաղեցին, այլ ընդհակառակը տարբեր դաշինքների անվան տակ իրենց սեւ գործը այժմ կատարում են բազմաթիվ այլ եղանակներով, որոնցից, որպես օրինակ կարելի է նշել Սյունիքի անվան տակ անթույլատրելիորեն հանքատերերի կողմից իրենց գրպանային տեղական կուսակցության եւ նման այլ կուսակցությունների ստեղծումը:
Այժմ, երբ թշնամին մտել է մեր տունը, մեր սահմաններից ներս, եւ սպառնում է ողջ Հայաստանին, հարկավոր է մի ժամ առաջ կատարած սխալներից դասեր քաղել եւ հանուն պետականության, հանուն ինքնիշխանության՝ արտաքին թշնամու դեմ դուրս գալ միասին, մեկ ձայնով, եւ ցույց տալ թշնամուն, բարեկամին եւ աշխարհին, որ հակառակ ներքին անհամաձայնությունների՝ իզորու ենք մեկ միասնական ճակատով պաշտպանելու մեր երկիրը, մեր պետականությունը: Ահա այդ ժամանակ բոլորի՝ նույնիսկ թշնամու կողմից կվաստակենք ե’ւ հարգանք, ե’ւ արժանապատվություն: Եվ հաղթանակը մերը կլինի:
Հայաստանը լինելով միատարր երկիր, եւ ունենալով ազգային փոքրամասնությունների սքանչելի հայրենասեր համայնքներ, բնականաբար ներքին միասնություն ստեղծելու համար ունի հնարավոր բոլոր հատկանիշները:
Սա է մեր փրկության միակ ճանապարհը:
Պատմությունը ցույց է տալիս, որ կայսրությունները եւ ժողովուրդները աշխարհի երեսից վերացել են այն ժամանակ, երբ այդ երկրների բնակիչներն ու ժողովուրդը կորցնելով իրենց ներքին միասնությունը՝ երկիրը քանդել են ներսից, իսկ արտաքին թշնամին օգտվելով, ներխուժել եւ ոչնչացրել է նրանց:
Կարո Հակոբյան
18 մայիս 2021, Շվեդիա
Leave a Reply