
Հետք կայքէջի սույն թվի ապրիլ երեքի համարում տեղադրված է 44 օրյա պատերազմին մասնակցած և վիրավորված՝ Սիմոն Հովհաննիսյանի բաց նամակը՝ ուղղված Հայաստանի իշխանություններին։ Այդ գրության մեջ Հովհաննիսյանը շարադրում է պատերազմում իր՝ վիրավորվելու և հետագա իր՝ Ոդիսականի մասին, կապված պետական համապատասխան հիմնարկների, զինկոմիսարիատների, հիվանդանոցների՝ աշխատողների անտարբերության, անպատասխանատու և ոչ հոգատար վերաբերմունքի մասին։ Երիտասարդ զինվորի պատմածներին մենք չհավատալ չենք կարող, մանավանդ որ բավականին լուրջ և անաչառ Հետք կայքէջն է այն հրատարակել։ Ընթերցողի մոտ ամենից առաջ կարեկցանք է առաջանում տուժողի նկատմամբ, հետո նաև բարկություն, անհոգի, անսիրտ պատասխանատու անձանց նկատմամբ։ Ապշել կարելի է, հիասթափվել։ Ովքե՞ր են նրանք, հների՞ մնացորդներ, թե՞ նորեր, հների՝ բաճկոններ հագած։ Համենայնդեպս, դա պատիվ չի բերում նոր իշխանություններին և ամենից առաջ նրանք պետք է որ զգաստանան։ Քանի դեռ ուշ չէ․․․ Այո, ժամանակի հրամայական պահանջն է, որ վերջապես նրանք պետք է ուշքի գան և գիտակցեն, որ հեղափոխությունը հնարավոր դարձավ միայն այն բանից հետո, երբ ժողովուրդը, այն էլ մեծամասամբ երիտասարդությունը, փողոց դուրս եկավ։ Եվ այդ նրանք կատարեցին ոչ միայն Սերժ Սարգսյանին ու մի քանի նախարարներ փոխելու համար, այլ ամենուր հիմնավոր և արմատական փոփոխությունների ակնկալիքով։ Սակայն այսօր հանրությունը գրանցում է, որ ոչ միայն դատաիրավական համակարգում, այլ նույնիսկ վարչապետի խոստովանությամբ, հեղափոխությունը կանգ է առել շատ պետական հիմնարկների շեմին, որի վկայությունը վերոհիշյալ ցավալի իրական դեպքն է։ Վստահաբար կարելի է ենթադրել, որ այն միակ եզակի դեպքը չէ։ Անցյալից նման շատ դեպքեր են մեզ այսօր հայտնի։ Վերջին տարիներին Եվրոպայի մի շարք երկրներ, ամենից առաջ սակայն Գերմանիա են եկել և ապաստանություն խնդրել մի քանի տասնյակ, եթե ոչ ավել, պատերազմում տարբեր տեսակի վնասվածքներ ստացած ու նաև տասնյակների հասնող հաշմանդամներ։ Նրանցից շատերը՝ Հայաստանում սխալ բուժումներ ստանալով, կամ՝ ընդհանրապես հարկավոր բուժում չստանալով, ահռելի հոգեկան և ֆիզիկական ծանր կացության մեջ են ընկել և ընտանիքները այլ ելք չտեսնելով, մեծ զոհեղությունների գնով, նրանց ինչ որ ճանապարհով հասցրել են Գերմանիա, մեն-մենակ։ Նման խեղված երիտասարդ կյանքերի առկա՝ փաստերը ոչ միայն տխուր են ու սարսափելի, այլ հիասթափեցնող․․․
Այո ազգովի պարտություն ենք կրել, այո ամենից առաջ այն հասարակությունն է, պարտություն կրել և մեղավոր է, որտեղ՝ ռուբոներ, սերժիկներ, մանվելներ, դոդի գագոներ, լվիկներ են ծնվում և երկիրն հասցնում են ներկայիս վիճակին, որտեղ որ նա պատերազմից հետո է հայտնվել։ Սակայն ողբերգությունը կատարյալ կդառնա այն ժամանակ, երբ այդ երեկվա հանցագործները, ովքեր այսօր իրենց անվանում են «հայրենիքի փրկիչներ», դարձյալ իշխանությունը գրավեն, ուրեմն այսօր այն պահն է, որ բոլոր ազգային ուժերը համախմբվեն և թույլ չտան նրանց վերադարձը․․․
Այո խոստովանենք, որ հայության, հայերի հավաքականությունը, հայի ստեղծած միջավայրն է մեղավոր, որտեղ դեռ խորհրդային տարիներից և այդպես շարունակ, կաշառքը և ծանոթը, ամենակարող գործոններն էին, պետական ապարատում և այլուր, բարձր, նույնիսկ՝ ղեկավար պաշտոններ գրավելու համար, որտեղ հնարավոր էր՝ նույնիսկ բարձրագույն կրթության, օրինակ՝ բժշկական վկայականներ ստանալ։ Այո, այն միջավայրն է մեղավոր, որտեղ՝ գողերը, ցեխավիկները, ապօրինի և տարբեր զարտուղի ճանապարհներով հարստացողները, թալանչիները, որպես ճարպիկներ, ձեռներեցներ և շնորհքով տղերք, գովաբանվում էին, մեծարվում ու այսօր էլ մեծարվում են․․․
Արդյո՞ք մենք բոլորս, սակայն ամենից առաջ երկիրը թալանած հին ու նոր անձնավորություններն, որոշ չափով մեզ մեղավոր զգում ենք և կարմրում, երբ, այսօր էլ, ինչպես անցյալում, օտարազգի թերթերը, լրատվական միջոցները, պարբերաբար հայ թափառական ընտանիքների, կարիքավոր ապաստանյալների, հիվանդների, կամ հայկական մաֆիայի մասին են հաղորդում։ Կամ, այսօր էլ, ինչպես անցյալում, պարբերաբար Հայաստան են առաքվում մարդասիրական օգնություններ, կամ, երկրում բացվում են կարիքավորների համար խոհանոցներ․․․
Սամվել Հովասափյան
Leave a Reply