
Ազգը չի կարող կործանվել այլ կերպ,
բացի ինքնասպանությունից:
Էմերսոն
Վերջերս իրանական հասարակական–քաղաքական հայտնի գործիչներից մեկի հեռուստացուցային հաղորդման մեջ ուշադրությունս գրավեց նրա ելույթում արտահայտված մի միտք, որը վերաբերում էր ժողովուրդների եւ ազգերի բարոյական ընկալումներին ու հոգեկերտվածքին, հասարակության մոտ լայն տարածում գտած բարքերին եւ արդեն սովորույթ դարձած բացասական երեւույթներին:
Բանախոսը, ով իր հասարակագիտության եւ քաղաքագիտության դոկտորական թեզը Ֆրանսիայում պաշտպանել էր՝ նյութ ունենալով իրանական հեղափոխության եւ հետ հեղափոխական ժամանակաշրջանում հասարակության մոտ տեղ գտած ընկալումների եւ դրսեւորվող բարքերի պատմական, գիտական ուսումնասիրությունը՝ մեր նշված հաղորդման մեջ սրտնեղությամբ նշում է, որ հասարակության մոտ նկատելի է բարոյական հասկացությունների ու նորմերի հսկայական անկում, որը ոչ միայն ներկա պայմանների հետեւանք է, այլ նաեւ իր դրսեւորումն է գտել Ֆիրդուսիի հռչակավոր Էպոսի՝ «Շահնամե»–ի գլխավոր հերոս եւ «փահլեւանների փահլեւան» տիտղոսը կրող Ռուստամ–Զալի մոտ:
Ռուստամի նման անհաղթելի հերոսը Սոհրաբի դեմ մենամարտում (ի միջիայլոց Սոհրաբը նրա որդին էր, բայց ինքը դրա մասին տեղյակ չէր) տեսնելով, որ երիտասարդ ախոյանին հաղթելու համար արդեն իր ծերացած մարմինը չունի նախկին ուժը եւ զորությունը դիմում է հերոսին ոչ հարիր, տմարդ քայլի, եւ այսօրվա լեզվով ասած՝ հարվածում է գոտկատեղից ցած… ու սպանում որդուն…
Այստեղ ակնթարթային աչքիս երեւաց իր վեհ պարզությամբ մեր ազգային Էպոսում Սասունցի Դավիթն ու իր կերպարը.
-Էհե՜յ
Ով քնած է՝ արթուն կացեք,
Ով արթուն է՝ ձիեր թամբեք,
Ով թամբեր է՝ էլեք, հեծեք
Չասեք Դավիթ գող-գող եկավ
Գող- գող գնաց…
Եվ այն, որ երեք զարկից երկու զարկը բախշում է Մսրա Մելիքի մորը եւ քրոջը, եւ միայն վերջին հարվածն է պահում Մսրա Մելիքին…
Խոսքս երկարեց… ուստի հոդվածի բուն նպատակին անցնելու համար հարկ եմ համարում այս երկու էպոսներին անդրադառնալ՝ մի այլ կարեւոր դիտանկյունից:
Իրանական վիպերգության մեջ կարմիր թելի պես ձգվում է իրանական պետականության համար մղվող անվերջանալի պայքարը եւ այդ պետականության հզորացման, հարատեւման ու թշնամի Թուրանի դեմ հաղթելու գաղափարը:
Շահնամեի հերոսների համար առաջնայինը պետականության անսասան մնալը եւ այդ պետականության խորհրդանիշը հանդիսացող արքաների ու արքայական տների պաշտպանությունը եւ անձեռնմխելիությունն է:
Իզուր չէ, որ այդ գիրքը եւ նրա մեջ տեղ գտած գաղափարախոսությունը դարերի ընթացքում «Ղուրանից» հետո Իրանում ամենից շատ ընթերցվող եւ տարածված գիրքն է համարվում: Մարդիկ էպոսի դրվագները անգիր պատմում ու բեմադրում են ամեն մի ավանում եւ քաղաքներում…
Այնպես որ պետականության եւ իր երկրի տերը լինելու զգացումը… եւ դեռ ավելին … ի ծնե նստած է այդ ժողովրդի հոգու խորքում:
Իսկ ինչպես է դա դրսեվորվում մեր ժողովրդի մոտ…
«Սասնա ծռեր» Էպոսում խոսվում է բոլոր այն մարդկային վեհ հատկությունների մասին, որ մի ժողովուրդ կարող է երազել եւ ունենալ: Խոսվում է արդարամտությունից ու արդարությունից, ազատ ապրելու իրավունքից եւ ազատատենչությունից, անհաշտ պայքար է մղվում ստոր ու զավթիչ թշնամիների դեմ, խոսվում է խաղաղությունից եւ համերաշխ ապրելու երազանքից… Այդ բոլորը հիասքանչ են եւ անկրկնելի, յուրաքանչյուր ազգի համար հպարտանալու միջոց, որով կարելի է չափել ազգի արժանիքներն ու հասկանալ հոգեկերտվածքի էությունը:
Բայց թույլ տվեք ավելացնել, որ ցավոք այդտեղ բացակայում է պետականության հստակ գաղափարը, միտքը… սեփական պետություն ունենալու պարզ տեսլականը…
Ու նաեւ ութ հարյուր ձիգ տարիների պետականազրկությունը մեր հավաքական գիտակցության մեջ շերտ առ շերտ հաստատել ու հիմնավորել է օտարի լծի տակ ապրելու, նրա օրենքներին ենթարկվելու անխուսափելիությունը եւ համոզմունքը:
«Խոնարհեցո՛ և Ապրեցո՛»–ի գաղափարը մեզ հասցրեց նրան, որ Ձենով Օհանի աղաչանք– պաղատանքով ողջ ազգով անց կեցանք Մսրա Մելիքի թըրի տակով, եւ «Մենակ Դավիթը, ինչ արին–չարին, Մոտ չեկավ դուշման Մելիքի թըրին»։
Այդ ժամանակներում եւս ազգային ազատագրական բուռն պայքար է մղվել, սակայն տեղական բնույթից չի վերածվել միասնական կազմակերպվածությամբ՝ համընդհանուր շարժման եւ ապստամբությիունների:
Քաջարի ու արի հայորդիներ էպոսի հերոսի նման ապավինելով իրենց սեփական բազկի ուժին ու կորովին, ազատատենչ ոգով ձգտել են անել անհնարինը, սակայն սահմանափակ ուժը բավարար չի եղել հասնելու նպատակին:
Սխալ է իհարկե կարծել, որ միայն ուժով կարող ես հասնել բոլոր իղձերին: Ուժը անհրաժեշտություն է, բայց ոչ բավարար, դրանից առաջ, կամ դրա կողքին հարկ է ձեռք բերել այլ հատկություններ եւս…
Այլ հատկության մասին տեղին է հիշեմ մի շատ պարզ, բայց ոչ պարզունակ դեպք:
Տարիներ առաջ հայկական մի հարսանիքում, մի սեղանի շուրջ նստած էինք հարազատներով, ընկերներով: Մեր սեղանին նստած էր նաեւ այդ ժամանակ Իրանում գտնվող մի անգլիացի: Նրա հետ մտերմիկ զրույցի բռնվեցինք: Կողքիս ընկերը ով անգլերեն լեզվին այնքան էլ ծանոթ չէր անգլիացի բարեկամին ցույց տալով իր բազկի ուժը ուզեց հասկացնել, որ նա իր օրվա ապրուստը վաստակում է իր հալալ քրտինքով՝ իր բազկի ուժով: Մեր անգլիացին խոսուն ժպիտով նրան նայեց ու մատը տանելով գլխին՝ ուզեց հասկացնել, որ խելքնէ կարեւոր…
Իսկապես միտքը, կամ խելքն ու գիտակցությունը այն հիմնական առաջնային միջոցն է, որից ծնվում է ազատության գաղափարը եւ ազատությունը… որը իր հերթին աղբյուր է հանդիսանում մարդկային հասարակության վերելքին, եւ խթանում համակողմանի զարգացումը եւ բարգավաճումը:
Չխափենք մեզ. նույնիսկ մեր անկախ պետականությունը ձեռք է բերվել ոչ մեր հավաքական մտքի ու գիտակցված համոզմունքների նպատակասլաց պայքարի արդյունքում:
Առաջին հանրապետության ստեղծումը, ըստ էության արդյունք էր ռուսական հեղափոխության եւ Կովկասյան Սեյմի քայքայմամբ՝ վրացական ու ադրբեջանական հանրապետությունների հռչակման արդյունքում, որից հետո մերոնք էլ ստիպված՝ ըստ այն կերտողների, հայտարարում են «…հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն…» եւ խոստովանում, որ «Ցնծության եւ աղաղակներով ու ծափերով չընդունվեց հանրապետության ծնունդը»:
Երկրորդ հանրապետության 70–ամյա տեւողությունը ամրագրված էր Խորհրդային Միության գոյությամբ, իսկ երրորդ հանրապետությունը՝ նույն Խորհրդային Միության փլուզման հետեւանք:
Իսկ այսօր անկախ պետականության հաստատումից 30 տարի անց, դեռեւս մեր ենթագիտակցության մեջ ծանրածալ նստել է օտարին սիրաշահելու, ողորմություն խնդրելու, մեր ապագան օտարի կամքի ու ցանկության ենթարկելու անպատասխանատու եւ անհեռատես միտքն ու համոզմունքը:
Գերտերությունների եւ օտար պետությունների շահերը կարող են ժամանակների ընթացքում համընկնել մեր շահերի հետ ու մենք պիտի, որ գործակցենք բոլորի հետ, ռազմավարական դաշինքներ կնքենք, բայց եւ գիտակցենք, որ դրանք երբեք չեն կարող երաշխավորել սեփական երկրի շահերն ու անվտանգությունը, զարգացումը եւ բարգավաճումը:
Պետականության մասին բոլորն են խոսում, սակայն շատերի համար դա դարձել է լոկ «պարապ վախտի խաղալիք», իսկ ոմանց համար էլ պետականության պահպանման շղարշի տակ իրենց սեփական գրպանի ու եսի համար 30 արծաթ դրամով ծախելու սեփական գույք, ինչպես դա եղել է մեզ մոտ հեռու եւ մոտիկ անցյալներում:
Կամա թե ակամա իրենց դիրքավորմամբ այս ճակատն են խտացնում դարից ավել դոնքիշոտյան ասպետությամբ եւ անվերջանալի պարբերությամբ անարգ թշնամու դեմ «կռիվ տվողները», ովքեր սրբազան կռիվը սկսում են թշնամու դրոշը արիաբար այրելով, ազգասիրական հախուռն «զարկեմ ճակտին, փռեմ գետնին» լոզունգներով… եւ վերջում ուրախ ու հպարտ, սիրտը հովացրած գնում են իրենց տները՝ սպասելով հաջորդ արարին…
Ահա սրանք են մեր պետականություն կերտողները…
Այսօր արտահերթ այս ընտրությունների շեմին՝ կամա–ակամա հասարակության ուժն են ջլատում նաեւ արդեն 100–ի հասնող նոր ու հին խայտաբղետ մարդ կուսակցությունները, որոնց ղեկավարները չգիտես ինչու անձնական ամբիցիաները մի կողմ թողնելու եւ միավորվելու փոխարեն ամեն մեկը իր փալան չունեցող էշն է քշում…
Իսկ ի լրումն այս բոլորի, իրենց խորհրդավոր հանդիպումների հայտարարությամբ հանդես են գալիս 30 տարիների ընթացքում պետության գլուխը կանգնած Հայաստանի ու Արցախի այսպես կոչված հին նախագահները, եւ վերջին անգամ ոչ թե չորսով, այլ անսպասելիորեն առաջին նախագահի կնքահայրությամբ: Նրանք իշխանությունների նկատմամբ բացահայտ թշնամանքովմիավորվում են՝ խորքում լուծելու սեփական հարցերը եւ այնպիսի հարցեր, որ ըստ էության պետական շահերի հետ չունեն ոչ մի աղերս:
Ներկայիս աշխարհաքաղաքական անկայուն, խարխլվող եւ վտանգավոր իրավիճակի պայմաններում հարկավոր է հանուն մեր պետականության ամրապնդման եւ մեր հայրենիքի անվտանգության, մի կողմ թողնել ավանդական հիվանդագին եւ անտագոնիստ երեւույթ դարձած արեւմտամետ–ռուսամետ, կամ հակառակը հանդիսացող կարճատես եւ պետականակործան քաղաքականությունը, եւ համերաշխությամբ լծվել հեռանկարային եւ կառուցողական պետականաշինության գործին:
Ինչպես Սիլվա Կապուտիկյանը կասեր՝ « Այս պահին առավել է կարեւոր Իրավիճակի կայունություն եւ պետության ամրությունը… միասնության ոգին պիտի սավառնի ողջ երկրով մեկ»:
Կարո Հակոբյան
2021 ապրիլ, Շվեդիա
Leave a Reply