
Պատերազմից հետո անընդմեջ, գրեթե շաբաթը մեկ, երկրում անկայունություն առաջացնելու եւ պետության հիմքերը թուլացնելու նորանոր ճգնաժամային իրավիճակներ են ստեղծվում: Մի օր դա Ալիեւն է, հաջորդ օրը Թուրքիան, դրան շարունակաբար հետեւում է այսպես կոչված 17–ի շարժումը իր անփառունակ գործչի համբավ ունեցող Վազգեն Մանուկյան՝ վարչապետի թեկնածուով, ապա է’լի Ալիեւը, հետո Քոչարյանն ու Սարգսյանները, հետո հանկարծ Գլխավոր Շտաբի պետը…
Գլխավոր Շտաբին առնչվող ճգնաժամը դեռ վերջնականապես չլուծված, այսօր առաջին նախագահ Լեւոն Տեր Պետրոսյանն է իր անտեղի ու անմիտ հայտարարությամբ պղտորում զուլալվող ջուրը:
Այսօր, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար ելք է գտնվում եւ համաձայնությունների հավանականությունը մեծանում է, չգիտես որտեղից եւ ինչից դրդված, ժլատախոս առաջին նախագահը հանկարծ իր անմիտ հայտարարությամբ հանդիսանում է արդեն կրիմինալի վերածված 17–ի մեռնող շարժման շարունակությունը:
Տեր Պետրոսյանը թեպետ 17–ի շարժումը համարում է այլեւս ժամանակավրեպ, «քանի որ ավելի քան քառամսյա հրապարակային միջոցառումներն ու ներքին սուր տարաձայնությունները ցույց տվեցին, որ այն բացարձակապես չի վայելում լայն զանգվածների աջակցությունը և լիովին սպառված է», սակայն իրականում պարզվում է, որ նա ոչ միայն այս ուժին հակաժողովրդական չի համարում, այլ ընդհակառակը, եթե նրանք ներքին անհամաձայնությունները մի կողմ թողնեին ու մի քիչ էլ հանրության վստահությունը շահեին՝ նրանց իշխանության վերադառնալը եւ հեղաշրջումը շատ էլ լավ կլիներ…
Առաջին նախագահը կրկնելով այն միտքը, որ ներկա իշխանությունները չեն կարող արդար ընտրություններ ապահովել եւ կօգտագործեն իշխանական լծակներ եւ այլն եւ այլն… շարունակում է առաջ տանել 17–ի հակապետական թեզերը, եւ ավելին… առաջ է քաշում զավեշտի ժանրին պատկանող հետեւյալ միտքը, որ իբր. «Թե՛ պետության, թե՛ ժողովրդի, թե՛ նաև անձամբ վարչապետի շահերից բխող միակ ելքը, վերջինիս անհապաղ և ինքնակամ հրաժարականն է և Ազգային ժողովի կողմից անձեռնմխելիության իրավական երաշխիքների ապահովմամբ, նրա, թեկուզ ժամանակավոր, ապաստանումն արտերկրում»:
Ո՞րն է առաջին նախագահի մտքի այս զեղումը: Նա խելամիտ, հավասարակշռված ու տրամաբանական շատ մտքեր է արծարծել, սակայն այս մեկը, ըստ երեւույթին, պիտի համարել վատ երազից հանկարծ արթնացող երազագետ մարդու նախազգուշական մեկնաբանություն:
Կարո Հակոբյան
Շվեդիա
Leave a Reply