May 13, 2021

Ի՞նչ պիտի իմանա երիտասարդ դաշնակցականը

Ամենից կարեւորը մարդկանց                       
 մտածել սովորեցնելն է:

    Բրեխտ:

Տարիներ առաջ ձեռքս ընկավ մի գրքույկ, որի վերնագիրը եթե չսխալվեմ այսպես էր. «Ի՞նչ պիտի գիտնա երիտասարդ դաշնակցականը»: Շատ գրքեր եմ կարդացել ու նույնիսկ շատերի մասին էլ մոռացել, սակայն կապույտ կազմով  այս մեկը մնացել է մտքումս: Գրքի հիմնական պատգամը հետեւյալն էր. երիտասարդ դաշնակցականը պիտի իմանար, որ Վիետնամի դեմ Միացյալ Նահանգների պատերազմը  արդարացի է, եւ ուստի ըստ կուսակցության գնահատականի հարկ է  պաշտպանել ամերիկյան կողմին: Եվ այդ միտքը տարածվում էր  այն ժամանակ, երբ հենց ինքը ամերիկյան հասարակությունը եւ աշխարհը բուռն պայքար էր մղում պատերազմին վերջ տալու համար:

Դաշնակցության ղեկավարությունը երեւի շարունակաբար միշտ էլ իր երիտասարդ անդամներին եւ համակիրներին տարբեր պայմաններում տվել է ու տալիս է համանման խորհուրդներ եւ նրանցից բնականաբար սպասում անտրտունջ հնազանդություն եւ կուսակցական հրահանգների անշեղ գործադրում: Ցավոք այդ խորհուրդները եւ դիրքորոշումները, հատկապես պատմական կրիտիկական պահերին, գրեթե առանց բացառության միշտ էլ եղել են մեր ազգային շահերին հակառակ:

Նման իրավիճակներում բնականաբար կուսակցության ներսում առաջացել են բողոքի ու ընդվզման ալիքներ, սակայն դրանք միշտ էլ ճնշվել եւ չեզոքացվել են: Անդամների մի մասը հեռացվել են կուսակցության շարքերից, մի մասը իրենք են կամավոր հեռացել, իսկ մի մասն էլ շարունակել հնազանդ ծառայել Բյուրոյին:
Բյուրոն ամեն ինչ է:
Հայրենիքի փրկության միակ ճշմարիտ ճանապարհը՝ դա Բյուրոյի ընտրած ուղին է, միակ ճշմարիտ հավատամքը: Չկա ուրիշ ելք եւ ուղի, քան այն ինչ ցույց է տալիս դաշնակցության Բյուրոն:

Դաշնակցության ներսում ամեն ինչ վերածվում է կրոնական հավատամքի: Կուսակցությունը իր ոճով, հռետորաբանությամբ, դաստիարակչական մեթոդաբանությամբ, խորհրդանիշներով եւ այլն, գրեթե ոչ մի բանով չի տարբերվում կրոնական աղանդավորական այլ եւ այլ շարժումներից:

Գիտակցելով Հայ Առաքելական Եկեղեցու տեղն ու դերը մեր պատմության մեջ, եւ չկարողանալով այն շրջանցել՝ ձգտել է նրան տիրանալ.  նրա կառույցների մեջ դիրքավորվել եւ այն ծառայեցնել իր նպատակներին:
Դրան զուգընթաց եւ երբեմն միահյուսված, առաջ են մղվել նաեւ կուսակցության սեփական սրբությունների պաշտամունքը եւ ծիսակատարությունները: Նա ունի իր սուրբ երրորդությունը, հավատամքը, երդմնակալությունը, իր առանձին հերոսները, երգերը, սաղմոսները, շարականները, լեգենդները... այդ առումով նա ինքնաբավ է ու կատարյալ:

Ահա հենց ազգային իդեալներով շաղախված այս միստիկական, վերացական միջավայրի մեջ է ներքաշվում երիտասարդ համակիր դաշնակցականը, երբ կրոնական աղանդի վերածման պրոցեսի մեջ, կուսակցությանը իր հավատարմության երդումն է տալիս: Դա կատարվում է գրեթե ճիշտ այնպես, ինչպես երեխան եկեղեցու մկրտության սեղանին դրոշմվում եւ մկրտվում է եւ դառնում քրիստոնյա:
Մի ժամանակ (այժմ չգիտեմ) շատ դաշնակցական ընտանիքներում, ավանդույթ էր դարձել երեխայի մկրտության արարողության ժամանակ, քահանայի հարցին, թե «երեխայս զինչ խնդրե»,  պատասխանը լինում էր. «հույս, հավատք, սեր  եւ դաշնակցություն»: Սա իհարկե ի միջի այլոց:

Դաշնակցական երիտասարդի համար ՀՅԴ–ն լոկ կուսակցություն չէ, այլ ինչպես ասացինք մի տեսակ սրբություն, հավատամք, որին պիտի նայել կրոնական երկյուղածությամբ, հավատքով, եւ նրան պիտի պաշտպանել ամեն տեսակ հարվածներից՝ ինչպես կպաշտպանես քեզ ու քո ընտանիքին: Դաշնակցությունն է ազգի գլուխը, իսկ դաշնակցականը ազգի ընտրյալ զավակը, որը արժանի է փրկչի կոչման:  Մի խոսքով  դաշնակցությունն է ազգի տերն ու տիրականը  եւ պիտի չեզոքացնել ամեն մի այլ միտք ու գաղափար:

Նման մթնոլորտում կրթվելով եւ դաստիարակվելով, յուրաքանչյուր երիտասարդից քայլ առ քայլ խլվում է ուրույն մտածելու եւ դատելու կարողությունը, նրա աչքն ու ականջը փակվում է աշխարհի առջեւ եւ նա տեսնում ու լսում է միայն այն, ինչ նրան թելադրում է կուսակցության վերին խավը:

Երիտասարդ դաշնակցականը իրոք անկեղծ է իր հավատամքի մեջ. հավատում է, որ ինքը մաքուր է ու ազգասեր, որ կանի ամեն ինչ նրա համար, բայց… Որքան էլ կուսակցությունում խոսվի ներքին քննարկումների եւ վերլուծությունների մասին, մե’կ է, այդ մտային թանձրացող շղարշի տակից ինքնուրույն վերլուծելու եւ համոզվելու հնարավորությունը սահմանափակված է:

Ահա նման անտես թելերն են, որ երիտասարդ դաշնակցականին կապում են կուսակցության գլխի հետ, ուստի հենց այնպես ինչպես աղանդավորների հետեւորդների համար դժվար է աղանդից կտրվելը, նույնպես եւ դաշնակցական անդամի համար դժվար է կտրվելը սրբազան կուսակցությունից:

Իսկ կուսակցությունից անջատումը եւ կտրվելը բնականաբար նմանում է հավատափոխության: Շատերը կուսակցությունից հեռացումից հետո էլ այն համարում են սրբություն, որը իրականության մեջ ստեղծում է հոգեկան փոթորկալի եւ խառնաշփոթ իրավիճակ, ստեղծվում է դիլեմա: Այդ դիլեմայից դուրս գալու  համար պահանջվում է կամքի ուժ, անհատականություն, գիտակցություն եւ ինքնուրույն դատողության կարողություն:

Դաշնակցությունը որպես ազգային արժեք:

 Քարոզչական դաշտում բավականին լայն կերպով տարածվել ու տարածվում է այն համոզմունքը, որ կուսակցությունը «ազգային արժեք է»:
Դրան նպաստել է հատկապես Սփյուռքում այն հանգամանքը, որ եկեղեցին եւ ուսումնական հաստատությունները մեծ մասամբ ենթարկված են  կուսակցության տնօրինությանը եւ այդ տնօրինությունը  հրամցվում է, որպես  «Ազգային իշխանություն»:
Իսկ այսօր Հայաստանի Հանրապետության անկախության պարագայում, կուսակցությունը ներկայանում է որպես վերպետական կառույց, որը արդեն գալիս է իբր վերահաստատելու նրա ազգային արժեք լինելու հանգամանքը:

Զերծ մնալով պատմական ժամանակահատվածներում արժեքների  տեսության սահմանումներից եւ նրանց փիլիսոփայական հայեցակարգերի մեկնաբանություններից ասենք որ.
Ազգային արժեքներ են հայ ժողովրդի պատմությունը, բանահյուսությունը. էպոսը, լեզուն, մշակույթը, արվեստը, եկեղեցին եւ այլն եւ այլն, բայց ոչ երբեք քաղաքական կուսակցությունները, այդ էլ բոլորի միջից միայն մեկը…
Դա անմտություն է եւ անհեթեթության ցայտուն օրինակ:

Ազգային արժեք նշանակում է մի բան, որով ազգը ներկայանում է աշխարհին ու դրանով իմաստավորում իր տեսակը, ուստի եւ ազգային արժեքը անքննադատելի է, եւ որ ընդունելի պիտի լինի յուրաքանչյուր հայ անհատի համար:
Ուստի բնական է թվում երբեմն կրկնվող  «ո’վ դաշնակ չի, հայ չի» անմիտ ու զավեշտալի լոզունգը:
Ազգային արժեքը ազգային եւ համամարդկային հատկանիշներով ստեղծագործությունն է, իրական, շոշափելի, հասկանալի. նրանով շնչելու, ապրելու, հպարտանալու երջանիկ զգալու հատկություններով: Ոչ մի կուսակցական կամ քաղաքական  գաղափարական կառույց չի եղել եւ չի կարող ունենալ նման հատկություն:

Դաշնակցությունը եւ հայապահպանումը

Շատ է խոսվում կուսակցության հայապահպանության վերաբերյալ գործունեության մասին: Ժամանակին Սփյուռքում նրանց առավել ֆալանժիստական խմբակները  գիտակցաբար կամ անգիտակցաբար տարածում էին արտառոց կարծիքներ, դրանցից ամենացայտուն եւ անհարիր օրինակն է այն , որ իբր  թե իրենք են հային հայ պահել: Սրան ի հակադրություն իրանահայերի կողմից  հումորով  հակադարձվում էր. որտե՞ղ էիք դուք երբ մենք 400 տարի այս երկրում ապրում էինք որպես հայ: 

Իհարկե դաշնակցությունը Սփյուռքում հայապահպանման գործում ունեցել է եւ ունի իր կարեւոր դերակատարությունը, բայց հարկ է շեշտել նաեւ, որ կրթության, մշակույթի, լեզվի, համայնքների զարգացման՝ մի խոսքով  հայապահպանման գործը առավել ամուր  հիմքերի վրա կարելի էր դնել եւ կունենայինք տասնապատիկ ավելի բարձր արդյունավետություն եթե կուսակցությունը մենաշնորհյալ քաղաքականություն վարելու փոխարեն, ձգտեր համատեղել եւ միավորել Սփյուռքը:

Սփյուռքի պառակտման եւ ոչ պատշաճ կերպով կազմակերպված լինելու պատճառներից մեկը հիմնականում հենց այդ անհեռատես քաղաքականությունն է եղել:

Սփյուռքի հասարակական, մշակութային, կրթական, մարզական այլ եւ այլ  հաստատությունների կուսակցականացումը, մի կողմից նպաստել է հայապահպանմանը, իսկ մյուս կողմից, իրենից վանելով հսկայական մեծամասնություն կազմող երիտասարդությանը՝ թուլացրել ընդհանուր զարգացման ընթացքը:
Նույնիսկ կուսակցականացված է հայ դատը:  

Դաշնակցությունը որպես սոցիալիստական կուսակցություն

Տարածված է, եւ հատկապես Հայաստանում տարածվում է, որ ազգայինի կողքին դաշնակցությունը նաեւ սոցիալիստական կուսակցություն է: Ըստ էության ստացվում է նացիոնալսոցիալիստական կուսակցություն:

 Իհարկե ՀՅԴ–ն եթե չսխալվեմ 1908–ից  անդամակցում է միջազգային սոցիալիստական ինտերնացիոնալին, բայց դա մեզ չի խանգարում ասելու, որ դաշնակցությունը չափից ավել հեռու է սոցիալիստական գաղափարախոսությունից: Միջազգային այդ կառույցում անդամակցում են նաեւ այնպիսի կուսակցություններ, որոնց վարած քաղաքականությունը կարելի է գնահատել աջից է’լ ավելի աջակողմյան:

Տեղին է այս մասին դիմել պատմաբան Լեոյին:

«Դաշնակցությունը մտել էր Երկրորդ ինտերնացիոնալի մեջ՝ ռուսական էսէռների փեշի տակ: Երաշխավոր–հսկողի հարկավորություն կար, եւ այդ դերը կատարում էր Ժնեւում ապրող հայտնի էսէռ Վ.Լունկեւիչը: Հենց, որ նկատում էր, թե «տղերքը» հակասոցիալիստական շեղումներ են անում, իսկույն գնում էր «Դրոշակի» խմբագրություն եւ, շեմքից դեռ ներս չմտած, ասում էր երեւանցու շեշտով. «Էս ի՞նչ ա»: Բացատրություններ, մեկնություններ… Լունկեւիչը ծանր շարժում էր գլուխը, իր պահանջներն էր դնում եւ հիշեցնում, որ էսէռական կուսակցությունն է երաշխավորը Ինտերնացիոնալի առաջ…
Բայց ինչ էլ լիներ, սոցիալիզմը չէր բռնում դաշնակցական հողի վրա, եւ շուտով էլի Լունկեւիչն ավելի մի ծանրակշիռ առիթ էր ունենում իր «էս ի՞նչ ա»–յով գնալ «Դրոշակի» խմբագրություն»: (Լեո Անցյալից 2009 Երեւան):

«Սոցիալիստ» դաշնակցության կամ նրա «սոցիալիստական» գործունեության մասին սփյուռքում խոսելն ավելորդ է: Սփյուռքը ընդհանրապես այն միջավայրը չէ ուր կարելի լինի խոսել սոցիալիստական կամ այլ համակարգերի մասին, թեպետ այստեղ էլ իրական սոցիալիստական գաղափարախոսություն որդեգրած հաստատություն կամ կառույց պիտի որ լինի ժողովրդավարական, եւ խորշի ամեն տեսակ մենաշնորհյալ կարգավիճակներից եւ ինքնասիրահարվածությունից:

Իսկ Հայաստանի 30 տարվա անկախության ժամանակաշրջանում դաշնակցությունը իր «սոցիալիստական» գաղափարները առաջ քաշելու եւ գործի դնելու փոխարեն, կոալիցիայի մեջ է մտել ամենից աջակողմյան եւ հակազգային կուսակցությունների ու իշխանությունների հետ:
Սոցիալական եւ կրթական  նախարարությունների մեջ ունենալով հանդերձ երկարամյա պատասխանատվություն,  հասարակության կրթության եւ սոցիալական ապահովության ուղղությամբ չի ցուցաբերել դույզն անգամ դրական գործունեություն:
Դաշնակցությունը թղթով սոցիալիստ է, ճիշտ այնպես ինչպես Սերժ Սարգսյանը կասեր. «թղթով ամեն ինչ ճիշտ է»:  

Ի՞նչ անել

Այսօր պարտադրված պատետազմի հետեւանքով ծանր եւ դաժան  պայմաններում, երբ երկիրը կարիք ունի կայունության եւ ուժերի վերամիավորման՝ ինքնուրույն ազգային քաղաքականություն որդեգրելու փոխարեն, դաշնակցության  ղեկավարությունը դարձյալ անձնական եւ նեղ խմբակային շահերից ելնելով կախվել է սերժա–քոչարյանական մերժված եւ երկիրը թալանած անհատների եւ կուսակցությունների փեշերից: Եվ ազգը փրկելու անվան տակ, նրանց հետ ձեռք ձեռքի տված, միասին երկիրն ու պետականությունը տանում են դեպի քաոս, անկայունություն եւ կործանում:

Այս եւ նման մոտեցումները բնականաբար շատ կուսակցական անդամների մոտ առաջացրել ու առաջացնում են արդարացի զայրույթ եւ նույնիսկ ըմբոստություն:

Յուրաքանչյուր կուսակցություն եւ կառույց եթե անկարող լինի ճանաչելու ժամանակի պահանջը, չզգա ժամանակի շունչն ու դինամիզմը եւ շարունակի մնալ քարացած դոգմերի շրջանակներում, չի կարող դրական դեր ունենալ որեւէ հասարակության զարգացման գործում:

Այս բոլորով հանդերձ դաշնակցության ստորին եւ միջին շարքայինների ուսերին է դրված լուրջ կերպով մտածել, գիտականորեն վերլուծել կուսակցության գործունեությունը եւ լծվել կուսակցության ինքնամաքրման անհետաձգելի գործին: Դա ողջունելի քայլ կլինի ոչ միայն կուսակցության ապագա գործունեության համար, այլ ընդհանրապես ողջ ազգի համար:

Կարո Հակոբյան

2021, մարտ

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4