April 19, 2021

Մկանների ցուցադրո՞ւմ,միայն այդ, թե՞․․․

«…Որքան որ մտածումս ետև տանիմ, Հայերը կտեսնեմ միշտ այնպես ինչպես որ են այսօր: Պզտիկ, գաճաճ, տխեղծ Իւրաքանչյուրը անդիմադրելի պաշտամունքը ունի ի’ր կաշիին,  ի’ր մորթիին: Եսամոլ, անձնասէր, անմիաբան, նպարավաճառ…» «Նահանջը առանց երգի»                                                                                               Շահան Շահնուր

            Հույսով, որ ընթերցողները կհասկանան և կներեն ինձ, անգամ ես Շահնուրի վերոհիշյալ խոսքերը վկայակոչելով։ Հենց այնպես չեմ ընտրել նրա բնորոշումը, թող այն ընկալվի, որպես մի հայ մարդու՝ հոգեկան տառապանքից և անելանելիության զգացումից ծնված՝ հարցադրում․․․

            Այսօր վերջապես, այս համազգային պարտության պահին, յուրաքանչյուրը մեզանից պետք է ինքն ի՛ր խղճի հետ երկխոսություն սկսի, ի՛ր մեջ գտնի մեղքի ի՛ր բաժինը և խոստովանի նախ ինքն իրեն։ Որովհետև այն ինչ կատարվեց վերջին ամիսներին,  նմանը կատարվել է դարեր շարունակ, կատարվել է յուրաքանչյուր սերնդի հետ և ոչ մի սերունդ կանգ չի առել, չի մտածել, ի՛ր՝ եսին, ի՛ր մորթապաշտությանը, որպես ի՛ր ու ազգի գլխին կախված չարիքների մեծագույն պատճառ, ընդհանուրի, ազգի, հայրենիքի շահերին ենթակա դարձնել․․․

            Իհարկե բոլորիս պարզ է, որ մարդկային հասարակարգերում մեղքի բաժինը և պատասխանատվություն կրելու չափը, տարբեր են լինում, ըստ անձերի դիրքի, գրաված պաշտոնի, ուստի ներկա պարտության պատճառները, ամենից առաջ պետք է փնտրել երկրի վերնախավի և անցյալ իշխանավորների չարաշահումների մեջ։ Այնուամենայնիվ ես ցանկանում եմ հավատալ անհնարինը, որ մեր միակ փրկության գրավականն է և կլինի․

            Եթե այսօր բոլոր նրանք, ովքեր ինչ որ չափով պատասխանատվություն ունեն երկրի ու ժողովրդի առաջ, այո անխտիր բոլորը, մի պահ կանգ առնեն, մտածեն՝ ինքնամաքրման հասնելու, ուղին փնտրելու ու ելքի մասին։ Յուրաքանչյուրը մտածի՝ անհնարինը, հնարավոր դարձնելու, յուրաքանչյուրը փորձի ընդհանուրի ու այլ առողջ ուժերի հետ, համագործակցելու եզրեր գտնելու մասին․․․

          Ցավոք Հայաստանի այսօրվա իրականությունը մեզ այլ բան է հուշում։ Միթե՞ ժողովրդավար և ազգային ուժերին պարզ չէ, որ ներկայիս մասնատվածությունը և բազմաթիվ կուսակցությունների գոյության փստը, ապակառուցողական է և եթե այսպես շարունակվի, ապա այն ինքնըստինքյան ու պարտադրաբար, տանելու է ազգային ուժերի պարտության։

            Որովհետև մյուս կողմից նկատելի է, որ այսօր արդեն երկրորդ և երրորդ նախագահների գլխավորությամբ ձևավորվել ու ձևավորվում է հների մնացորդների և տարբեր ապազգային անձերի ու ուժերի միասնական խմբավորում։ Որոնց հավաքավայրն այսօր դարձել է Բաղրամյան փողոցն ու հրապարակը, որտեղից էլ նրանք անթաքույց սպառնալիքներ են հնչեցնում, ներկայիս իշխանությունների հասցեին, ոչ միայն այդ․․․

            Այո, ապշել, ցնորվել կարելի է։ Հայաստանի վերնախավի ներկայացուցիչները և ընդդիմադիր հորջորջվող երեկվա՝ մերժվածները, իրենց «հայրենիքի փրկիչներ» կոչելով և Բաղրամյան հրապարակում ամենօրյա ցույցեր կազմակերպելով և առայժմս միայն իրենց  մկանները ցուցադրելով, անգամ ևս ոչ միայն հայ ժողովրդին հիշեցրին, այլ համայն մարդկությանը հուշեցին, թե՝ իրենք ինչի են ընդունակ, որ իրենք ո՛չ միայն հասարակ հանցագործներ ե՛ն, այլ նաև ընդունակ են, այո, կարող են, պատվերով՝ դահիճներ լինել․․․

            Նրանք կախաղանի տեսարան ցուցադրելով ու մահափորձերի կոչեր հնչեցնելով, իրենց այդ խեղկատակ ու արգահատելի արարքով, ոչ միայն ընդմիշտ որակազրկեցին իրենց, այլ աշխարհի մարդկության առաջ, նաև հայ ժողովրդին, նաև մեզ․․․

            Եվ վտանգավորն այն է, որ նրանք առայժմս օգտվելով առիթից և երկրում առկա տեղատվության, պարտության, նահանջի ու համատարած անելանելիության մթնոլորտը՝ պատրվակ դարձնելով, իրենց ստահոգ քարոզչությամբ և անսպառ ֆինանսական կարողությամբ, կարողանում են նաև մոլորեցնել որոշներին և իրենց կողմնակիցներ հավաքել․․․ 

            Բոլորիս մոտ օրինական հարց է առաջանում, այդ ո՞վ է նրանց իրավունք տվել, որ այդպես վարվեն հայ ժողովրդի պատվի հետ։ Արդյո՞ք Բարգավաճ Հայաստան, Լուսավոր Հայաստան, Ռամկավար կուսակցությունները, իրենց հարց չե՞ն տալիս, թե իրենք այդ ո՞ւմ կողքին են կանգնած, կանգնում, ո՞ւմ են ձայնակցում։ Միթե՞ իրենք կարող են հանդուրժել, որ անցյալի ու ներկայի մի բուռ հանցագործներ, իշխանությունը ետ ստանալու համար, պատրաստ են, այո բացե ի բաց սպառնում են մահափորձեր կատարել, որը  ո՛չ այլ ինչ է, քան երկիրը ներքաշել քաղաքացիական պատերազմի մեջ։ Նույնը պետք է իրենց հարց տան նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց ու Անթիլիասի  կաթողիկոսները։ Այն բոլոր զինվորականները, ովքեր գրավոր կամ բանավոր ներկայիս կառավարության հրաժարականն են պահանջել ու պահանջում։ Վերջապես այն բոլոր մտավորականները, հայրենասեր մարդիկ, ովքեր ակամայից, կամ ժամանակավոր շահ ստանալու հեռանկարից, հայտնվել են նրանց շարքերում և լսում են բազմիցս մերժված և կամակատար ծառայի՝ դերը ստանձնած, ստրկամիտ՝ Վազգեն Մանուկյանի, ներկայիս իշխանությունների հասցեին նետած՝ սպառնալիքներն ու բարբաջանքները․․․

            Իհարկե որ ներկայիս իշխանությունները բազմաթիվ սխալներ են թույլ տվել, որոնք՝ բացթողումների, անվճռականության և անփորձության հետևանք են։ Սակայն  բոլորս էլ  հասկանում ենք, որ ներկայիս ճգնաժամից դուրս գալու միակ ելքը, արտահերթ խորհրդական ընտրություններն են, ոչ թե կառավարության հրաժարականը, որը պահանջում են նրանք և ողջունելի է, որ իշխանությունները հենց դրան էլ ձգտում են։ Մնում է, որ Բարգավաճ Հայաստանը և Լուսավոր Հայաստանը խոհեմություն և բարի կամք ցուցաբերեն և ընդունեն իշխանությունների առաջարկները․․․

Սամվել Հովասափյան

Բեռլին, մարտ 2021

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4