September 18, 2021

Պետք է ձգտել, որ թվային մակարդակում ԵԱՏՄ երկրների միջև սահմանները վերանան. ՀՀ վարչապետ

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին հրավիրված կառավարական պատվիրակություններին Ալմաթին դիմավորեց ձմռանը ոչ բնորոշ տաք եղանակով: ԵԱՏՄ հնգյակը, այդ թվում՝ Հայաստանը, նիստին մասնակցեց վարչապետների մակարդակով:

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների վերջին՝ առկա ձևաչափով հանդիպումը տեղի էր ունեցել 2020-ի աշնանը՝ Հայաստանի համար դժվար, պատերազմական ժամանակաշրջանում: Ալմաթիի նիստում ներկայացվեցին անդամ երկրներում մակրոտնտեսական ցուցանիշներն ու տնտեսական կայուն զարգացման ուղղությամբ առաջարկները:

ԵԱՏՄ-ում նախագահությունը Ղազախստանը ստանձնեց 2021-ի հունվարն: Ամենուր անվտանգության կանոնների մասին հիշեցումները վկայում են՝ երկիրը դեռ պայքարում է «Քովիդ 19-ի» ալիքի դեմ: Տարբեր երկրներից հյուրերի ընդունումն առիթ էր՝ ավելի խստացնելու կանոնները:
 
Համավարակը փոփոխություններ էր մտցրել նաև պաշտոնական արարողակարգում: Նիստին ներկա պատվիրակության անդամներից բացառություն էր սահմանվել միայն վարչապետների համար՝ նիստին մասնակցել առանց դիմակի:

Կորոնավիրուսի մուտքն արգելելու համար Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետները կարևորեցին «Ճանապարհորդում եմ առանց COVID-19» բջջային հավելվածի փորձնական ծրագրի մեկնարկը:

Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ այն կարող է նվազեցնել վարակի տարածման ռիսկը:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) – Փետրվարի 1-ին մեկնարկած այս նախագիծը թույլ տվեց մեզ գտնել փոխընդունելի լուծումներ Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի միջև ուղևորափոխադրումների խնդրի վերաբերյալ, ինչը բավականին կարևոր սոցիալական և տնտեսական նշանակություն ունի մեր երկրի համար:

2020-ը դժվար տարի էր կառույցի անդամ բոլոր երկրների համար: Համավարակի դեմ գրեթե ոչ մեկը չուներ իմունիտետ, բայց հնարավոր եղավ կանխել կորոնայով պայմանավորված՝ վատթարագույն սցենարը տնտեսությունների վրա:

Միխայիլ Միշուստին (ՌԴ վարչապետ) – Ռուսաստանում երկու պատվաստանյութ գրանցված է, սպասվում է երրորդի գրանցումը։ Պատրաստ ենք մեր գործընկերներին այս հարցում ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն: Անհրաժեշտ է նաև քայլեր ձեռնարկել ոչ միայն վարակի տարածումը կանխելու, այլև ստեղծելու բարենպաստ պայմաններ միության ներսում անվտանգ ուղևորափոխադրումների համար։

ԵԱՏՄ-ում հատուկ պաշտպանիչ, հակակշռող միջոցառումների կիրառման մեխանիզմների կատարելագործում, ինտեգրացիոն գծով գործընկերների հետ գործակցություն. Հայաստանը կարևորում է նաև ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցումը:

Նիկոլ Փաշինյան – Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն կառուցողական մոտեցման համար, որ ԵԱՏՄ երկրների կողմից ցուցաբերվեց սակագնային արտոնությունների միասնական համակարգից օգտվող երկրների ցանկը վերանայելու Հայաստանի նախաձեռնությանը: Զարգացող և նվազ զարգացած երկրներից ապրանքներին ու ծառայություններին սակագնային արտոնությունների տրամադրման հարցն արդեն ընդգրկվել է մեր կազմակերպության օրակարգում և մոտ ապագայում համապատասխան լուծում կստանա՝ մեր ընդունած չափորոշիչների հիման վրա:

Վարչապետները մասնակցեցին նաև Almaty Digital 2021 միջազգային համաժողովին, խորագիրն էր՝ «Թվային վերբեռնում. թռիչք դեպի նոր իրականություն»:

Նիկոլ Փաշինյան – Պետք է ձգտել, որպեսզի թվային մակարդակում ԵԱՏՄ պետությունների միջև սահմանները վերանան, սահմանափակումները նվազագույնի հասցվեն: Այն հնարավորությունները, որ ընձեռում է թվայնացումը, կարելի է, և մենք արդեն դա տեսնում ենք՝ օգտագործել աշխատուժի ազատ տեղաշարժի արդյունավետության բարձրացման համար:

2020-ին Հայաստանում IT ոլորտի ընկերությունների շրջանառությունն աճել է 20 տոկոսով, կազմել 400 մլն դոլար: Թվային համաժողովին առցանց մասնակցեցին նաև «Գուգլի» փոխնախագահն ու Համաշխարհային տնտեսական ֆորումի նախագահը: Կորոնավիրուսը մի կողմից բացասաբար ազդեց տնտեսության ու հանրային առողջության վրա, մյուս կողմից՝ թռիչքային աճ ունեցավ տեխնոլոգիաների, թվային գործիքների կիրառումը։

Օնլայն ձևաչափով էր ԵԱՏՄ նախորդ նիստը: Հաջորդը նախատեսված է Ռուսաստանում՝ ապրիլին:

Հեղինակ`Մայա Խաչատրյան

1in.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4