March 2, 2021

Դաշինքների համար անցողիկ շեմի բարձրացում, կուսակցությունների համար՝ իջեցում. Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններ

Ըստ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի՝ հանվում է 2016 թվականին ներդրված ռեյտինգային ընտրակարգը: Այն կփոխարինվի փակ համամասնական ընտրակարգով: Ռեյտինգայինի դեպքում քաղաքացին Հայաստանի 13 ընտրատարածքում հնարավորություն ուներ ընտրելու ոչ միայն կուսակցությանը կամ դաշինքին, այլ նաև տվյալ թիմից իր նախընտրելի թեկնածուին:

Այդպիսով, վարկանիշի հաշվին անձի ստացած քվեները փոխանցվում էին նրա ներկայացրած ուժին:

Առաջարկվող փակ համամասնական ընտրակարգը ենթադրում է ֆիքսված տեղերով մեկ ցուցակ: Թեկնածուները հենց այդ հերթականությամբ էլ կմասնակցեն մանդատների բաշխմանը: Ի դեպ, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությամբ ամրագրվել է, որ հերթական ընտրությունների ժամանակ ցուցակի առնվազն առաջին 30 անունը որոշելու է ոչ թե կուսակցական վերնախավը, այլ համագումարը:

Օրենսգրքի փոփոխությունների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը բացատրում է, թե որոնք են իրենց առաջարկած ընտրակարգի առավելությունները:

Համազասպ Դանիելյան – Ընտրությունները կլինեն ավելի քաղաքական և պակաս անձնավորված և հիմնված ծրագրերի վրա: Բացի այդ, սա ավելի պարզ և հասկանալի է քաղաքացու համար, թե իր քվեն ինչպես է վերածվում մանդատների Ազգային ժողովում և ինչպես է ձևավորվում կառավարությունը, ընտրվում վարչապետը:

Եթե գործող ընտրակարգով ցանկացած ընտրատարածքում իրար դեմ պայքարում էին նաև նույն թիմի անդամներ, օրինագծի ընդունվելու դեպքում հնարավոր կլինի խուսափել ներկուսակցական մրցակցությունից:

Վարկանիշային ընտրակարգը հանելուն «Լուսավոր Հայաստանը» ևս կողմ է: Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, փակ համամասնականի փոխարեն առաջարկում է անցնել կիսաբաց համամասնականի, որպեսզի քաղաքացիներին հնարավորություն տրվի քվեարկել ցուցակի առաջին երեք տասնյակում ներառված թեկնածուներից նախընտրելիի օգտին: Իսկ արդեն ձայների հաշվարկի ժամանակ նախապատվությունը կտրվի այն թեկնածուին, որը կստանա կուսակցության համար անցողիկ շեմից ավելի քվե:

Գևորգ Գորգիսյան (ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար) – Մեր առաջարկը երկու կարևոր բան է ապահովում, առաջինը՝ ընտրող և քաղաքական գործիչ կապը, ցանկացած քաղաքական գործիչ իմանում է, որ քվե է ստանալու: Երկորդ, սա կուսակցության ներքին ժողովրդավարությունն է ավելացնում, որովհետև, ի վերջո, ցուցակը ձևավորվում է քաղաքացիների որոշմամբ, ոչ թե քաղաքացիների: Երրորդ՝ մենք կուսակցությունում ունենում ենք անընդհատ թարմացումներ, ցանկացած մարդ կարող է հավաքել բավարար քանակի ձայներ և գալ:

Գևորգ Գորգիսյանը համաձայն չէ, որ իրենց առաջարկը նման է ռեյտինգային ընտրակարգին: Նրա կարծիքով՝ վարկանիշայինի դեպքում տարբեր ընտրատարածքներում մարդիկ իրենց ռեսուրսները և լծակները օգտագործում էին և ընտրվում, կիսաբացի դեպքում իրար հետ կմրցեն քաղաքական գործիչները: Եթե իշխանությունը իրենց առաջարկը չընդունի և կիրառի փակ համամասնական ընտրակարգ, ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ, պայքար կծավալվի առաջին համարների միջև՝ նմանվելով նախագահական քարոզարշավի:
 
Կփոխվի նաև կուսակցությունների և դաշինքների համար նախատեսված անցողիկ շեմը: Կուսակցությունների դեպքում 5-ի փոխարեն բավարար կլինի հավաքել ընտրողների ձայների 4 տոկոսը: Դաշինքների դեպքում հակառակը՝ անցողիկ շեմը 7 տոկոսից դառնում է 8: Թե ինչու են դաշինքների համար պայքարը խստացնում, հիմնավորում է հեղինակը:
 
Համազասպ Դանիելյան – Տրամաբանությունը շատ հստակ է, որ խորհրդարանում կուսակցություն ունենալն ավելի նախընտրելի է, քան դաշինքը: Փորձը ցույց է տալիս, որ դրանք մինչև գումարման ավարտը փլուզվել են:

Այս առնչությամբ «Լուսավոր Հայաստանը» սկզբունքային առարկություն չունի: Գորգիսյանը ասում է՝ եթե արդար ընտրություններ լինեն, այդ մոտեցումը արդարացված կհամարեն:

Նախագիծը ընդհանուր առմամբ, ըստ պատգամավորի, ունի տեխնիկական բազմաթիվ թերություններ: Իշխանությունից պատասխանում են՝ պատրաստ են քննարկումների բոլոր, այդ թվում՝ առանցքային դրույթների շուրջ:

«Լուսավորից» ակնկալում են, որ իրենց առաջարկները կընդունվեն:

«Բարգավաճ Հայաստանը» քննարկումներին չի մասնակցում, նախագծի շուրջ ձևավորված կարծիք դեռ չունեն:

Համազասպ Դանիելյանի խոսքով՝ մինչև փետրվարի վերջ նախագիծը խորհրդարանում կքննարկվի առաջին ընթերցմամբ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը նախատեսում են ուղարկել նաև Վենետիկի հանձնաժողով՝ հուսալով մինչև երկրորդ ընթերցում ստանալ եվրոպական կառույցի եզրակացությունը:

Հեղինակ`Շողիկ Գալստյան

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4