October 2, 2023

Պետական կառավարման համակարգը ռեսթարթի կարիք ունի. վարչապետը ներկայացրել է աշխատակազմի նոր ղեկավարին

Երկուսուկես տարվա պաշտոնավարումից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հեռանում է, բայց ոչ շատ հեռու: Կառավարական երրորդ շենքից Թորոսյանը տեղափոխվում է առաջին մասնաշենք: Կղեկավարի վարչապետի աշխատակազմը: Նիկոլ Փաշինյանն այսօր արդեն ներկայացրել է Թորոսյանին, իսկ աշխատակազմի նախկին ղեկավարին՝ շնորհակալություն հայտնել՝ նկատելով, որ Էդուարդ Աղաջանյանը պաշտոնը ստանձնել էր բարդ իրավիճակում:

Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետ) – Նրա գործունեության ժամանակաշրջանն ընդհանուր առմամբ շատ բարդ է եղել և նա պատվով է կատարել իր աշխատանքը: Եվ ոչ մի գաղտնիք չկա, պարոն Աղաջանյանն իմ քաղաքական մերձավորն է և շարունակում է լինել այդպիսին: Համոզված եմ, որ մեր համատեղ ճանապարհը դեռ կշարունակենք:

Էդուարդ Աղաջանյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար) – Միանշանակ է, որ շատ բարդ և ծանր օրեր ենք ապրել իրար հետ: Բայց կարելի է արձանագրել, որ այդ բարդ օրերը միանշանակորեն պատվով հաղթահարել ենք: Վստահ եմ, որ այդ արդյունավետությունը որևէ կերպ չի նվազի նոր ղեկավարության օրոք, և պարոն Թորոսյանին մաղթում եմ հաջողություն:

Որ Աղաջանյանին փոխարինած Թորոսյանի ուսերին մեծ պատասխանատվություն է դրվում, վարչապետը շեշտել է նրան ներկայացնելու պահին: Պետական կառավարման համակարգն այս պահին ռեսթարթի կարիք ունի, նշել է վարչապետը և այդ ռեսթարթը, ըստ նրա, այն հիմնական խնդիր է, որը դրվում է Թորոսյանի առաջ:

Նիկոլ Փաշինյան – Պատերազմական շրջանը բոլորիս համար չափազանց բարդ և ծանր մի շրջան էր: Եվ հիմա էլ հետպատերազմյան շրջանն ունի իր բազմաթիվ բարդություններն ու մարտահրավերները, որոնց պետք է արդյունավետ կառավարել: Պետք է չթաքցնել, որ այո՛, պատերազմի հետևանքներով հանրության նման՝ պետական կառավարման համակարգն էլ ինչ-որ առումով շոկի մեջ է հայտնվել:

Վարչապետն ասել է, որ գիտեն պետական կառավարման համակարգի բոլոր առավելություններն ու թերությունները:

Նիկոլ Փաշինյան – Որտե՞ղ է, որ կարողանում ենք որակյալ աշխատանք անել և ինչո՞ւ, որտե՞ղ է, որ մենք չենք կարողանում որակյալ աշխատանք անել և ինչո՞ւ: Եվ մենք պետք է առավել ևս այս իրավիճակում պետական կառավարման նոր նշաձող դնենք, որն ըստ էության հանրությանը մատուցվող ծառայություն է, և այդ ծառայության որակը պետք է բերենք բոլորովին նոր մակարդակի:

Կորոնավիրուսի օրոք պաշտոնավարած արդեն նախկին նախարարն անդրադարձել է նաև համավարակի դեմ պայքարի աշխատանքներին ու փաստել՝ իրականություն դարձավ այն թեզը, որ պետք է կարողանալ ապրել այդ վիրուսի հետ:

Արսեն Թորոսյան (ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար) – Պատվաստանյութի մասով էլ արդեն կան պայմանավորվածություններ և շուտով տարբեր խմբաքանակներ կներկրվեն Հայաստանի Հանրապետություն՝ փոքրից մինչև մի քանի հարյուր հազար:

Իսկ առողջապահության նախարարի առաջին տեղակալ՝ նոր նախարար դարձած Անահիտ Ավանեսյանը վստահեցրել է, որ կառույցն աշխատելու է այն տեմպով, ինչ տեմպով երկու ճակատով պայքարել է պատերազմի ու քովիդի արհավիրքների դեմ: Խոստացել է մեր քաղաքացիներին ապահովել որակյալ, մատչելի և հասանելի առողջապահական ծառայություններ:

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4