October 2, 2023

Ի՞նչ անել

Ցավոք հունվարի 11–ի Մոսկովյան հանդիպման արդյունքում  չեղավ ռազմագերիների հարցի լուծում:
Այդ հարցի եւ բազմաթիվ այլ հարցերի հաջողությամբ լուծումների միակ գրավականը միասնական ուժերով հանդես գալը եւ միասնական ուժերով պայքարելն է, այլ ոչ թե այս սուր պահին թշնամու կողմ անցնելը, կամ թշնամու ջրաղացին ջուր լցնելը:

Ընդդիմադիր կոչված ուժերից ու անհատներից շատ շատերը, այսպես կոչված 17–ի գլխավորությամբ, թե’ պատերազմի ընթացքում եւ թե’ դրանից հետո ներքուստ, երբեմն անթաքույց  հրճվում էին եւ հրճվում են, երբ տեսնում են մեր՝ այսինքն հայկական կողմի անհաջողությունները, քանի որ նրանց համար առաջնայինը իշխանությունը նորից զավթելն է, եւ ոչ թե հայ զինվորի կյանքը, հայ ռազմագերիների ազատ արձակումը, ոչ թե Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը կամ Արցախի կարգավիճակը:

2018–ի հեղափոխությունից հետո չստեղծվեց գաղափարների վրա հիմնված այնպիսի կարող եւ առաջադիմական ընդդիմություն եւ կուսակցություններ, որպեսզի ապահովեր երկրի բնականոն ու համակողմանի զարգացումը: Շատերը այս պակասը վերագրում են սոսկ  իշխանությունների անկարողությանը կամ չկամությանը, սակայն չթերագնահատելով հանդերձ իշխանությունների դերը այս հարցում, չմոռանանք նշելու, որ իշխանությունների պարտականությունների մեջ չի մտնում ընդդիմություն ստեղծելը, ինչը իր հետ բերում է վատ եւ ցավալի արդյունքներ: Նախկին ռեժիմը այս հարցում ունի երկար փորձ եւ մենք երկար, շատ երկար «վայելեցինք» դրա արդյունքները: Այսօր սակայն վերացել են քաղաքական, տնտեսական  եւ բոլոր այլ խոչընդոտները եւ արգելքները, ինչ կային նախկին իշխանությունների օրոք եւ մարդիկ կարող էին իրենց ուժերը լարելով, խելք խելքի տալով կազմակերպվել եւ դառնալ քաղաքական գործոն ուժ եւ միավոր: Իհարկե դեռ չի ուշացել:

Դարձյալ ցավոք ինչպես տեսնում ենք՝ չնչին բացառությամբ, բարձր ու գիտակցված մտավորականության, հասարակական, քաղաքական որակյալ կառույցների բացակայության հետեւանքով,  հավաքական շահի մթագնած գիտակցության միջավայրում, իրենց հարող արբանյակներով հանդերձ, նորից գլուխ են բարձրացնում հին հրեշները,  եւ  ունենալով հսկայական ռեսուրսներ եւ միջոցներ կարողանում են դաշտը իրենցով անել:

Օրինաչափ է, որ պատերազմների անհաջողություններից եւ պարտություններից հետո նման երկրներում առաջանան ղեկավարության փոփոխության պահանջարկներ: Նման պարագայում զարգացած ժողովրդական երկրներում օրենքի թույլ տրված սահմանների մեջ կատարվում են փոփոխություններ, եւ երկիրը անցնցում շարունակում է իր ընթացքը: Հայաստանի պարագայում, սակայն տարբեր է, եւ ով այս տարբերությունը չի տեսնում, կամ չի ուզում տեսնել, չարաչար սխալվում է: Վերը նշված պայմանների ու իրավիճակի բերումով Հայաստանում, ինչպես նաեւ սփյուռքում հասարակության լայն շրջանակները մեծ դժգոհությամբ հանդերձ՝ չցանկացավ հների վերադարձը եւ չպահանջեց վարչապետի  հրաժարականը:
Ժողովուրդը իր առողջ բնազդով հասկացավ, որ իր ընտրած ղեկավարի փոփոխությունը իր հետ կբերի ոչ թե երկրի համար կայունություն, անվտանգություն եւ խաղաղություն, այլ ընդհակառակը, այդ փոփոխությունը իր հետ կբերի նորանոր արհավիրքներ, անկայունություն եւ կունենա ավելի վատ անդառնալի հետեւանքներ:

Ի՞նչ է մնում անել մեզ:

Երկրի ու ազգային գերագույն շահը նկատի ունենալով, մնում է արտաքին թշնամու դեմ համախմբվել եւ գործել մեկ ճակատով, իսկ ներքին քաղաքական կյանքում ըստ սահմանադրության՝ գնալ խելամիտ գործնական բարեփոխումների եւ նախապատրաստվել ընդհուպ արտահերթ խորհրդարանական ընտրությունների:

Բոլոր այն ուժերը, որոնք իրականում իրենց արկածախնդրական քայլերով խափանում են երկրի քաղաքական կայունությունը եւ ամեն գնով ձգտում են զավթել իշխանությունը ու նաեւ դեմ են գնում արտահերթ ընտրություններին, պարզապես դասվելու են կամ դասվում են  լավագույն պարագայում ազգային շահերից կտրված եւ ժողովրդից հեռու ուժեր եւ անհատներ:

Կարո Հակոբյան

13 հունվար 2021

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4