September 30, 2023

Կենտրոնական բանկը որոշել է 1 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հաշվի առնելով գնաճի ներկայի միտումները՝ Հայաստանի Կենտրոնական բանկը որոշել է միանգամից 1 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Ցուցանիշի բավականին զգալի փոփոխությունը պայմանավորված է համաշխարհային տնտեսության և ներքին շուկայում բացասական ազդակներով: Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ 2020 թվականին Հայաստանում կգրանցվի 7 տոկոս տնտեսական անկում:

Մարտին Գալստյան, ՀՀ ԿԲ նախագահ – Կենտրոնական բանկի խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով, բարձր անորոշությունների ներքո, կարճաժամկետ հատվածում առկա են ուղեգծից գնաճի շեղման ռիսկեր վերևի ուղղությամբ:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի սպառողական շուկայում 2020 թվականի նոյեմբերին 12-ամսյա գնաճը 2019-ի նոյեմբերի համեմատ կազմել է 1,6 %: Դա ոչ միայն վերահսկելի ցուցանիշ է, այն նույնիսկ չի հասնում Կենտրոնական բանկի սահմանած ներքին շեմին, որը կազմում է 2,5 տոկոս: Կառույցի նախագահ Մարտին Գալստյանը, միաժամանակ, կանխատեսում է՝ տարեվերջին գնաճի ցուցանիշը կճեղքի կամ ընդհուպ կմոտենա ներքին շեմին: Իսկ բուն գնաճը պայմանավորված է միանգամից մի քանի գործոններով:

Մարտին Գալստյան -Բավականին մեծ աճեր կան միջազգային շուկայում՝ պարենային ապրանքների մասով: Ինչպես նաև այս ամենին նպաստում է հայկական դրամի արժեզրկումը: Այս ամենի հիման վրա մենք որոշում ենք կայացրել բարձրացնել մեկ տոկոսով:

Դրամի փոխարժեքի գահավիժումից հետո շուկայում այժմ նկատվում է որոշակի կայունություն: Ներմուծման, արտահանման, տրանսֆերների, ինչպես նաև ուղղակի ներդրումների մասով Կենտրոնական բանկը որևէ արտառոց միտումներ չի արձանագրել: Մասամբ վերացել են նաև պատերազմի պատճառով առաջացած ռիսկերը: Իսկ դրամի արժեզրկումը կարգավորող մարմինը պայմանավորում է որոշ տնտեսվարողների վարքագծով՝ միջոցները պահել արտարժույթով:

Մարտին Գալստյան – Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս վարքագծի ներքո, որ իրենք խզում են իրենց դրամային դեպոզիտները, տնտեսավարողները 5-7 միլիարդ դրամի կորուստ են կրել: 

Այն, որ դրամի արժեզրկումը պայմանավորված է հիմնականում խուճապային տրամադրություններով, հաստատում է նաև Կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: Հայաստանի միջազգային պահուստները վերջին եռամսյակում կրճատվել են մոտ 380 միլիոն դոլարով, սակայն ԿԲ-ն միայն մեկ անգամ է ինտերվենցիա կատարել, ընդ որում՝ գումարը չի գերազանցել 60 միլիոն դոլարը:

Բագրատ Ասատրյան, տնտեսագետ – 2020 թվականի տնտեսական տարին: Մենք ունեցել ենք, մոտավոր թվեր եմ ասում, ներմուծման 15 տոկոսի անկում, սակայն արտահանումը նվազել է ընդամենը 5 տոկոսով: 

Ըստ այդմ՝ դրամի հետագա արժեզրկումը կամ ամրապնդումը պայմանավորված է լինելու, առաջին հերթին, տնտեսվարողների վարքագծով:

Հեղինակ`Արթուր Խաչատրյան

1lurer.am

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4