July 27, 2021

Սփյուռքահայությունը կրկին անգամ ականատես է դառնում Դաշնակցության մի նոր արկածախնդրության։

ԿՈՉ

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 30 նոյեմբերի 2020 թ.

Սփյուռքահայությունը կրկին անգամ ականատես է դառնում Դաշնակցության մի նոր արկածախնդրության։ Չբավարարվելով Հայաստանում հանրածանոթ իր վարքագծով, ՀՅԴ-ը չարաշահում է նաև Սփյուռքի անունը, իր համար սուտ հեղինակություն ստեղծելու նպատակով։

Հայաստանի Հանրապետությունն ու պետական օրինական կառույցները համայնքային և միութենական կյանքի հետ շփոթելով, կամ այդպես ձևանալով, ՀՅԴ-ն Իրանում՝ Թեհրանի եւ Սպահանի հայոց թեմերի առաջնորդների անունով նամակ է հղել ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանին՝ Հայաստանի կառավարության և վարչապետի հրաժարականի անհեթեթ պահանջով։

Դաշնակցությունը չհագենալով իր այս անպատասխանատու քայլից, պատրաստել է մի երկրորդ հայտարարություն ևս, այս անգամ իրանահայ մշակութային, բարեսիրական և այլ միությունների անունով, որով նույնպես իրեն իրավունք է վերապահել Հայաստանի համար իշխանություն ընտրելու։

Դաշնակցությունն իր քաղաքական նպատակների համար Եկեղեցու և մի շարք միությունների անունը չարաշահում է, երբ իրանահայ եկեղեցու հոգևոր և աշխարհական դասը և պատասխանատուներից շատերը կամ չեն իրազեկված կամ բոլորովին դեմ են ՀՅԴ-ի սեփական շահը հետապնդող նման հայտարարությունների բովանդակությանն ու բնույթին։ (Բոլորիս մտքերում դեռ թարմ են նույն ՀՅԴ-ի պարտադրմամբ իրանահայ երեք թեմերի առաջնորդների կողմից 93 թվականի հուլիսին Արցախի տարածքների ազատագրման դատապարտումը: (Տեսնել կից հայտարարությունը)): Իսկ իրանահայ միությունների անդամները, ընդհանարապես, անտեղյակ են եղել իրենց անունով հրապարակված հայտարարության մասին, մինչ այդ միությունների վարչություններն անգամ, ոչ մի համատեղ քննարկում չեն անցկացրել նման թեմայով, միանգամայն դեմ հանդիման գտնելով ՀՅԴ-ի անպատասխանատու քայլի առջև։ Ի դեպ որոշ միություններ նույնիսկ տեղյակ չեն եղել իրեց անունի չարաշահելուց, որի հետևանքով նրանց անունը հանվել է շարքից, իսկ որոշները մերժել են ՀՅԴ-ի քայլը պատասխանելով պախարակիչ հայտարարությամբ:

Բնականաբար ՀՅԴ-ի վարքագծին համահունչ ծայրահեղական հայտարարությունները և մանավանդ հանրածանոթ գռեհիկ ոճը, դժգոհության մեծ ալիք է բարձրացրել համայնքում, որի հետևանքով բազմաթիվ հայրենակիցներ համացանցում արտահայտել են իրենց վրդովումը։

Մեկ անգամ ընդմիշտ պետք է հստակացնել, որ նման անպատասխանատու արկածախնդրությունների հեղինակները բացի վրդովմունք և հակակրանք առաջացնելուց ոչինչ չեն շահելու ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ Սփյուռքում։ Սփյուռքում ապրող հայը, քաղաքական օրակարգեր չի պարտադրում, իրավունք չունի պարտադրելու Հայաստանի քաղաքացիներին և քաղաքական ուժերին, առավել ևս Սփյուռքը իրեն իրավունք չի վերապահում ՀՀ քաղաքական կյանքին միջամուխ դառնալու, առճակատումների մտնելու և ներքաշվելու հրաժարականներ պահանջող անհեթեթության մեջ։

Տարածաշրջանային աշխարհաքաղաքական մեծ իրադարձությունների առջև հայտնված Հայաստանը և Սփյուռքը այսօր, ավելի քան երբևէ, կանգանծ են մեծ և աննախադեպ մարտահրավերների առջև, որոնց հաղթահարելու համար անհրաժեշտ է համատեղ ուժերի առավելագույն լարում, խուսափելով այնպիսի քայլերից, որոնք կարող են լարել մթնոլորտը և խոչընդոտել միասնական գործունեությունը:

Հետևաբար.

– Կո՛չ ենք ուղղում Սփյուռքին, որ դրական լիցքով զորակցի ՀՀ պետականությանը, քաջալերելով այն քաղաքական ուժերին, որոնք հեռու են մնում ամբոխավարությունից, պառակտիչ գործունեությունից և աշխատում են բացառապե՛ս օրենքի սահմաններում։

– Կո՛չ ենք ուղղում ՀՀ քաղաքական կուսակցություններին և անձնավորություններին, որ անհապա՛ղ վերջ տան, Սփյուռքի անունը իրենց քաղաքական նպատակների համար չարաշահելուց, ինչին վերջերս ականատես ենք տարբեր առիթներով։ Նման իրավունք Սփյուռքը Ձեզ չի՛ վերապահում, որովհետև չկա՛ նման չափորոշիչ։

Հայաստանի և Արցախի քաղաքական կուսակցությունները պետք է ըմբռնեն, որ առանց խտրականության կվայելեն Սփյուռքի աջակցությունը, ա՛յն դեպքում, երբ աշխատում են պատասխանատվությամբ, հեռու են մնում ամբոխավարությունից և ընտրելով միմիայն օրինական ճանապարհը։

▪️Հ.Գ.- Կցում ենք.

============

1- Իրանահայ թեմերի առաջնորդների և միությունների անունով հրապարակված հայտարարությունները։

2- ՀՅԴ-ի անպատասխանատու քայլը դատապարտող, կամ ՀՅԴ-ի կողմից իրենց անունը չարաշահած միությունների հայտարարությունները։

3- Արցախի ազատագրումը դատապարտող, եկեղեցու անունով ՀՅԴ-ի 1993 թ. պատմական ստոր հայտարարությունը։  (Տես՝ «Հայաստանի Հանրապետութիւն», թիվ 150, 30 հուլիս, 1993թ.)

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4