November 27, 2020

Սթափության կոչ,

Հայաստան աշխարհի  եւ Սփյուռքի սիրելի հայրենակիցներ, քույրեր եւ եղբայրներ.

Եվրոպայի հայերի համագումարը կրկին անգամ խստիվ դատապարտում է Ազգային Ժողովի եւ կառավարության շենքի վրա հարձակումը, ծեծ ու ջարդը, վանդալիզմն ու ավազակաբարո վարքը:

Դատապարտում ենք ԱԺ–ի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված վայրենաբարո

հարձակումն ու կյանքին վտանգ սպառնացող ծեծն ու բռնությունը:

Խստիվ դատապարտում ենք բռնության եւ անօրինականության ամեն մի կոչ եւ քայլ:

Եվրոպայի հայերի համագումարը իր խորը ցավակցությունն է հայտնում  նահատակված քաջարի զինվորների և քաղաքացիական զոհերի  ընտանիքներին, նրանց հարազատներին և հայ ազգին:

Հայրենիքը այսօր վիրավոր է եւ կարիք ունի անհապաղ խնամքի, հոգատարության եւ վերականգման: Հայությունը օդի ու ջրի պես կարիք ունի համերաշխության, համախմբվածության եւ ուժերի վերակազմավորման: Գալիք արհավիրքներից  խուսափելու եւ վերստին կանգնելու միակ ճիշտ ճամփան այս օրհասական պահին Հայաստանի ժողովրդի ճնշող մեծամասնության կողմից ընտրված իշխանությունների կողքին անվերապահ համախմբումը եւ շարքերի լրացումն է, որպեսզի հնարավոր լինի համերաշխությամբ, միմյանց հետ խորհրդակցությամբ ծրագրել եւ լուծել մեր առջեւ ծառացած հսկայական մարտահրավերները:

Հակառակ մեր քաջարի բանակի, զինվորների եւ սպաների անձնվիրության եւ զոհողությունների, ցավոք պարտադրված անհավասար պատերազմում հնարավոր չեղավ թշնամուն հաղթել եւ կասեցնել նրա ագրեսիան, այնպես ինչպես մեզ համար ցանկալի էր: Իսկ այսօր ներքին պառակտումներով եւ սին ու դատարկ վերամբարձ կոչերով վարչապետի հրաժարականը պահանջող, այսպես կոչված 16 կուսակցությունները, իրենց անմիտ ցույցերով ջուր են լցնում նույն թշնամու ջրաղացին եւ գործնականում անում են այն, ինչ  թշնամին երազում է անել նաեւ մեր ներքին պետական կյանքում:

Պատերազմի ցավալի արդյունքը անկախության 30–ամյա ժամանակաշրջանի մեջ հայ քաղաքական, հասարակական, ռազմական եւ գիտական  էլիտայի մոտ, հստակ եւ գիտակցված ռազմավարության բացակայության  անխուսափելի հետեւանքն է:

Պարտության պատճառների արմատը պիտի փնտրել 30–ամյա անգործության եւ ժամանակի կորստյան մեջ, ինչը ուրիշ բան չէ քան այն, որ անցյալ իշխանությունները, որոնք ներգրավված են այս 16 կուսակցությունների շարքում, իշխանության պահպանման, անձնական հարստություն դիզելու եւ երկիրը թալանելու մոլուցքով լցված գնացին ամեն տեսակի հակազգային պայմանավորվածությունների: Արդյունքում պարտություն կրեց ողջ ազգը: Սա մեր բոլորիս պարտությունն էր, որը պիտի որքան շուտ հաղթահարվի եւ դրանից դասեր քաղելով փակվի այդ էջը եւ փոխարենը բացվի նոր ու լուսավոր մի էջ:

Ո’վ չգիտի այս եւ նման կուսակցությունների եւ անհատների հեռու ու մոտիկ անցյալի ու ներկայի մասին, ո’վ չգիտի 30 տարիների ընթացքում նրանց վարած հակազգային աննպատակ քաղաքականության մասին, եւ այսօր նրանք ցանկանում են պատերազմի պարտության իրենց բաժին հսկայական պատասխանատվությունը ամբողջությամբ բարդել ներկա իշխանությունների վրա եւ իրենք ջրից չոր դուրս գալ: Դա նրանց չի հաջողի: Բոլորն էլ ունեն պատասխանատվություն, առաջին հերթին ներկա իշխանությունները,  որոնց, անհարկի թավշյա մոտեցումների պատճառներով, չհաջողվեց երկուս ու կես տարվա ընթացքում վերացնել նախկինների ավերածությունները եւ չհաջողվեց հետ բերել ժողովրդից թալանածը և պատասխանատվության ենթարկել թալանչիներին: 

Այժմ անխտիր բոլորի համար սթափվելու ժամանակն է:
Վարչապետը արդեն ներկայացրել է 15 կետից բաղկացած վեցամսյա ճանապարհային քարտեզը եւ ողջ հայությանը Հայաստանում եւ սփյուռքում հրավիրում է համախորհուրդ համագործակցության: Եթե անհրաժեշտություն համարվի, կարելի է առաջարկել, նույնիսկ գնալու պետական ապարատում համապատասխան կառուցվածքային փոփոխությունների:

Յուրաքանչյուր առանձին հայ, ով իսկապես ցանկություն ունի, որ հայրենիքը անհապաղ կարողանա դարմանել իր վերքերը եւ գտնել իր ապագայի նոր ուղին՝ կկանգնի պետականության եւ օրենքի կողքին եւ կներդնի իր լուման:

Սփյուռքի հարգելի հայրենակիցներ, ժամանակն է կազմակերպվել, ինքնակազմակերպվել: Մեզ գիտակցաբար հեռու են պահել եւ զրկել են Հայաստանի քաղաքական, հասարակական ասպարեզում  ներգործելու եւ մասնակից լինելու իրավունքից: Մենք չենք կարողացել ստեղծել ներկայացուցչական այնպիսի մարմին կամ մարմիններ, որոնք իրավասու կլինեին սփյուռքի անունից խոսելու եւ գործելու, ահա այդ պատճառով է, որ մենք այսօր էլ որբ ենք սփյուռքում եւ հայտնի ուժերը միլիոնավոր սփյուռքահայության հետ, եւ նրանց անունով վարվում են ինչպես ցանկանան:

Կարեւորում ենք եւ շեշտում ենք նաեւ այն, որ ցավոք իրենց կյանքը հայրենիքի համար զոհվածների արյունը դեռ չչորացած,  շատերը արդեն կամա թե ակամա, կատարում են հինգերորդ շարասյան առաջադրանքները: Հարկավոր է անհապաղ   օրինական իշխանության շրջանակում կայունություն մտցնել բանակում, վերազինել վերակազմավորել եւ բանակին վերադարձնել իր անպարտելի ոգին:

Կեցցե Հայաստանը, Կեցցե Արցախը, Կեցցե հայ ժողովուրդը:

Եվրոպայի հայերի համագումար

20 նոյեմբեր 2020,

Շվեդիա

contact@aaeurop.com

www.aaeurop.com

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*


4/AAB0Q2qi2hC5WMFScWsapOW0d1ypdvjHSDFgUciTQjW7ImoDTCNLGO4